կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-01 10:19
Հասարակություն

Համաներումը կտարածվի նաեւ «Սասնա ծռերի» որոշ անդամների վրա. ՀԺ

Համաներումը կտարածվի նաեւ «Սասնա ծռերի» որոշ անդամների վրա. ՀԺ

«Հայկական ժամանակը» գրում է. «Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ՀԽ-ի ձևավորման առաջին ամիսներից համաներման և ներման առաջարկներ միշտ ստանում են ե՛ւ դատապարտված անձանց հարազատների, և ՀԿ-ների կողմից։

Բայց վերջին շրջանում հոսքն ու առաջարկությունների ինտենսիվությունը մի քիչ ավելի նկատելի է դարձել հուլիսյան դեպքերի հետ կապված։ Դրանց հետ առնչվող անձանց հարազատների, համախոհների կողմից եղել են առաջարկություններ, որպեսզի մեր կառույցը համաներում հայտարարելու նախաձեռնությամբ հանդես գա։ Բայց գիտեք, որ այդ առանձնաշնորհը հանրապետության նախագահին է, իսկ համաներում հայտարարում է Ազգային ժողովը, մենք այդտեղ ունենք խորհրդատվական ձայնի իրավունք և կարող ենք նման խնդրանքով կամ առաջարկով դիմել և նախագահին, և ցանկացած քաղաքական ատյանի»,– նիստից որոշ մանրամասներ հայտնեց քաղաքացիական   հասարակության հանձնաժողովի նախագահը։

 Մեր հարցին հնչե՞լ են տեսակետներ, որ կարելի է համաներման առաջարկություն ներկայացնել «Սասնա ծռեր» խմբին աջակցելու մեղադրանքով կալանավորված անձանց վրա, նա պատասխանեց. «Քանի որ մենք չեն որոշում հոդվածների խումբը, մենք կարող ենք առաջարկել սոցիալական որոշակի խմբեր, հանցագործությունների տեսակներ։ Ես կարող եմ իմ կարծիքն ասել, քանի որ քննարկումը բաց չի եղել։ Քաղաքական, տնտեսական, բարոյահոգեբանական, նաև իրավական առումով համաներում հայտարարելու խնդիրը հասունացած է: Իհարկե, հաշվի առել ենք, որ այդ միջոցառումների ժամանակ շատ կալանավորված մարդիկ կան, որոնց նկատմամբ համաներմամբ քրեական հետապնդումը դադարեցնելն ավելի ճիշտ կլինի, քան այդ խնդիրը ծանրացնելը, հասարակության մեջ որոշակի իմաստով սեպ խրելով»։

ՀԺ-ին հայտնի դարձավ, որ ՀԽ– ում տեղի ունեցած քննարկման ժամանակ նաև առաջարկ է եղել համաներում հայտարարել նաև «Սասնա ծռեր» խմբի այն անդամների նկատմամբ, ովքեր ազատամարտի մասնակիցներ են»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։