Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, մեկնարկեց, սակայն կարճ ժամանակ անց հետաձգվեց «Սասնա ծռեր» խմբի 14 անդամների մասով անդրանիկ դատական նիստը:
Նշենք, որ դատարանի բակում և դատարանում ոստիկաններն ու կարգադրիչներն ուժեղացված ծառայություն էին իրականացնում: Նիստի մեկնարկին, երբ նախագահող դատավորը հորդորեց ամբաստանյալներին և դահլիճում ներկա նրանց հարազատներին` չաղմկել, ամբաստանյալներն ըմբոստացան՝ նշելով, որ դատավորն իրավունք չունի լռեցնելու ժողովրդին: Ի պատասխան՝ դատավորը նշեց, որ եթե այդպես շարունակեն՝ կհետաձգի դատական նիստը:
Նշենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են Պավլիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Աշոտ Պետրոսյանը, Արայիկ Խանդոյանը, Էդվարդ Գրիգորյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Արեգ Կյուրեղյանը, Արմեն Լամբարյանը, Սեդրակ Նազարյանը, Կարո Եղնուկյանը, Խաչատուր Գիչյանը:
Համաձայն նախաքննության տվյալների՝ ծանր հանցագործություն կազմակերպելու համար մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելուն պետությանը հարկադրելու նպատակով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթելու, պատանդներ վերցնելու և պահելու համար Վարուժան Ավետիսյանը Պավել Մանուկյանի, Արմեն Լամբարյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի և մյուսների հետ ստեղծել են կազմակերպված, զինված կայուն խումբ, որում ընդգրկվել են Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Արթուր Մելքոնյանը, Տիգրան Սարգսյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Արթուր Սողոմոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Հովհաննես Վարդանյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գևորկ Իրիցյանը, Թորոս Թորոսյանը և այլք:
Կազմակերպված խմբի անդամները նախապես ուսումնասիրել են որպես թիրախ ընտրված ՊՊԾ գնդի տարածքը, հավաքագրել ու հրահանգավորել խմբի անդամներին, կատարել գործողությունների հստակ դերաբաշխում, ապօրինի կերպով ձեռք բերել և պահել հրազեն հանդիսացող 14 ինքնաձիգ՝ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով, ինքնաշեն ատրճանակ, ռազմամթերք հանդիսացող 20 նռնակ, ինչպես նաև տրոտիլային պայթաղյուս:
2016 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 5:00-ի սահմաններում, կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա, «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով` կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ ներխուժել են գնդի տարածք, զավթել և պահել գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաև նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների: