Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Սասնա ծռեր» խմբի 18 անդամների գործը քննող` Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը քիչ առաջ որոշում կայացրեց սանկցիա կիրառել այս գործով ամբաստանյալներ Արայիկ Հակոբյանի և Մարիրոս Հակոբյանի (Դեդ) պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի նկատմամբ: Վերոհիշյալ փաստաբաններին պատասխանատվության ենթարկելու հարցով դատարանը կդիմի փաստաբանների պալատ:
Այնուհետև դատարանը սանկցիա կիրառեց և նիստերի դահլիճից հեռացրեց նիստին ներկա երեք ամբաստանյալներին՝ Պավլիկ Մանուկյանի որդուն` Արամ Մանուկյանին, Հովհաննես Հարությունյանին և ՌԴ քաղաքացի Թաթուլ Թամրազյանին:
Մասնավորապես` Արամ Մանուկյանը հայտարարեց, որ առանց իր ընկերների չի կարող մասնակցել նիստին: «Մենք դուրս ենք գալիս: Ես թույլ չեմ տալիս իմ պաշտպաններին շարունալ նիստը" Ես լքում եմ դահլիճը»,- հայտարարեց նա:
Հովհաննես Հարությունյանն էլ հիշեցրեց, որ այդ դատարանում ծեծել են իր ընկերներին, և որ դատավորը լռել է: «Ընկել եք ոտքի կանգնել կամ չկանգնելու հետևից: Մենք հարգում ենք մեր հայրենիքը, նույնիսկ կարող ենք ջարդած ոտքերով կանգնել, բայց ինչո՞ւ մյուսներին չեք բերում դահլիճ»,- հարցրեց նա:
Նշենք, որ Հովհաննես Հարությունյանը ոտքից վիրավորվել էր ՊՊԾ գնդի գրավման օրերին:
Ամբաստանյալ Թաթուլ Թամրազյանը նույնպես հայտարարեց, որ առանց իր ընկերների չի մնա դահլիճում:
Դատարանն ամբաստանյալների վարքագիծը դիտարկեց որպես անհարգալից վերաբերմունք և նրանց հեռացրեց նիստերի դահլիճից:
Այս պահին նիստն ընթանում է առանց ամբաստանյալների և մի քանի պաշտպանների:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 18 անդամների վերաբերյալ գործն անջատվել է ՊՊԾ գնդի գրավման մայր գործից և քննվում է առանձին վարույթում: Այս գործով ամբաստանյալի աթոռին է Պավլիկ Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյանը, Արթուր Մելքոնյանը, Տիգրան Սարգսյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Արթուր Սողոմոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Հովհաննես Վարդանյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գևորկ Իրիցյանը, Թորոս Թորոսյանը, Մանվել Աթոյանը և Վարդգես Գևորգյանը: