կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-09 12:10
Մշակույթ

Հո եկեղեցիների քանակի մեջ չէ՞ հավատի զորությունը, զենք առեք էդ փողերով, զինվեք. Նիկոլայ Ծատուրյան

Հո եկեղեցիների քանակի մեջ չէ՞ հավատի զորությունը, զենք առեք էդ փողերով, զինվեք. Նիկոլայ Ծատուրյան

Yerkir.am_ի զրուցակիցն է ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը:

 

Եթե եղածից դաս չքաղենք, նորից  գռփելու են` Աստծո անունը շահարկելով

Ապրիլյան դեպքերը, Հռոմի պապի այցը Հայաստան... Եթե այս ամենը բարոյականության դաս չլինի մեզ համար` շատ բաներ հասկանալու, վերանայելու, բաներս բուրդ է: Եթե դաս չքաղենք, ոչինչ չի փոխվի: Հռոմի պապը եկավ, գնաց, 2 տարի հետո ո՞վ է հիշելու, և նորից վերևներում նստելու են նստողները, գռփելու` Աստծո անունը շահարկելով,  Աստծուն չհավատալով, միայն փող են սարքելու, էլի ջահելները գնալու և հոգևորական են դառնալու` միայն թե բանակ չգնան ու բարձրագոչ ճառեր ասեն, և էլի լինելու են տղերք, որ, չնայած էս ամենին, գնալու ու իրենց կյանքով են սահմանը պահելու: Պետք է խելքի գանք: Հավատն առ Աստված պետք է դառնա ոչ թե փող սարքելու միջոց, այլ իսկական հավատ: Եկեղեցին կոչված է դառնալ ուղենիշը պետության համար` ճիշտ քաղաքականություն վարելու: Թվում է` հակառակը պիտի լինի, բայց չէ: Այն ժամանակ Խրիմյան Հայրիկներն էին, որ ուղղորդում էին ազգին և ոչ թե ճառեր էին ասում:

Հավատն առ Աստված հիմնված է վախի վրա

Եկեղեցին պետք է դիվանագետ լինի: Վերջերս մի հետաքրքիր միտք լսեցի, որ հավատն առ Աստված հիմնված է վախի վրա: Մարդկանց 90 տոկոսը չի հավատում երկնայինի գոյությանը, բայց անընդհատ ասում է. «Աստված ջան, այնպես արա, մի դուռ բացվի, էն մեկն էլ փակվի»: Հռոմի պապի այցը հենց դա էր ցույց տալիս, թե ինչպես պետք է քաղաքականություն վարել, որ եկեղեցին իր դիվանագիտությամբ չզիջի պետությանը: Հռոմի պապը տեսնում է, թե ինչ է կատարվում աշխարհում, դրա համար էլ կոչ է անում բոլոր քրիստոնյա ազգերին` միավորվել, և ամենևին էլ կարևոր չէ` ուղղափա՞ռ ես, թե՞ կաթոլիկ: Եվ հետաքրքիրն այն է, որ Հռոմի պապն այդ ամենի մասին չի ասում բացեիբաց` ինչպես քաղաքագետներն են ասում, այլ տանում է դրան շատ նուրբ քայլերով:

Կրոնի նկատմամբ ակնածանքի բացակայության պատճառով է, որ հաբռգած վիճակներ կան մեզ մոտ

Հայ ազգն այնքան էլ կրոնամոլ չէ, վրացին ավելի կրոնամոլ է: Այ, հենց դրա բացակայությունն է, կրոնի նկատմամբ ակնածանքի բացակայությունը, որ հաբռգած վիճակներ կան մեզ մոտ: Կան հարուստներ և շատ փող ունեցող աղքատներ, մեզ պետք է չքամեն այդ աղքատները: Նայում ես` անընդհատ եկեղեցիներ են կառուցում, և դա ինձ ջղայնացնում է` 1, 2, 3, 4`  որքա՞ն կարելի է: Զենք առեք էդ փողերով, զինվեք: Հո եկեղեցիների քանակի մեջ չէ՞ հավատի զորությունը: Հեն է, մի հատ էլ Լամբադա կամրջի մոտ են եկեղեցի կառուցում: Ես ավելի հաճույքով եմ գնում այն եկեղեցին, որ 14-րդ դարի է, քան այսօրվա տուֆակերտ, շքեղ եկեղեցիները:

Հասկացողությունը, թե փոքր երկիր ենք, պետք է վերանա

Մեզ մոտ ճաշակի բացակայությունն առերես է, ինչը փաստեց մարշալ Բաբաջանյանի արձանը` կարծես կուռք լինի: Մեկ-մեկ հարցնում եմ, թե` պարո\'ն ռազմագետներ, էդ ինչո՞ւ մեզ չեք հարցնում` որտեղի՞ց հարձակվեք, թիկունքն ինչպե՞ս պաշտպանեք, ինչպե՞ս կազմակերպեք ռազմական գործողությունները, մեզ` արվեստագետներիս, ինչո՞ւ չեք հարցնում: Հա, որովհետև կասեք` մենք ոչինչ չենք հասկանում ու ճիշտ եք: Բայց դուք էլ արձանը դնելուց առաջ մեր կարծիքը հաշվի առեք: Սա խայտառակություն է: Բացի այդ` մյուս կողմից էլ մեր ստրկամտությունը պետք է վերացնենք` ամա՜ն, ռուսներն ասում են` Նժդեհի արձանն ինչո՞ւ եք դրել: Լավ ենք արել, ա\'յ շուն, շան որդի, դուք ո՞վ եք: Հասկացողությունը, թե փոքր երկիր ենք, պետք է վերանա: 

 

Կ. Հ.