կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-08 18:03
Հասարակություն

Միշտ զարմացել եմ` ինչո՞ւ այս համակարգը Գերմանիայում չենք օգտագործում. դեսպանը՝ համայնքների խոշորացման մասին

Միշտ զարմացել եմ` ինչո՞ւ այս համակարգը Գերմանիայում չենք օգտագործում. դեսպանը՝ համայնքների խոշորացման մասին

Համայնքների խոշորացումն ինքնանպատակ չէ, դրա արդյունքում առաջին հերթին պետք է շահեն գյուղացիները: Այս կարծիքին է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

Yerkir.am-ի հետ զրույցում դեսպանը խոսեց արդեն իսկ խոշորացված և խոշորացման ենթակա համայնքներում առկա մտահոգությունների մասին:

«Այդ մտահոգություններն ունեցել են այն անձինք, ովքեր մինչև խոշորացումը պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել, ովքեր կասկած են ունեցել, որ խոշորացումից հետո հնարավոր է զրկվեն պաշտոններից, բայց երբ հասկացել են, թե ինչիպիսի առավելություններ է տալիս խոշորացումը, այլևս չեն մտահոգվել: Նրանք հասկացան, որ, քաղաքացիների սպասարկման գրասենյակներ ստեղծելով, համայնքների խոշորացմամբ իրենց պատասխանատվությունը չի նվազում»,- ասաց նա:

Դեսպանը նշեց, որ հնարավոր է խոշորացման հետևանքով ծախսեր կրճատվեն, խնայողություններ արվեն, սակայն դա, ըստ նրա, առաջնային նախապայմաններից չէ: «Ես անձամբ մանրամասն ծանոթացել եմ համակարգին և միշտ զարմացել, թե որքան լավ է մշակված ծրագիրը հենց ծրագրից օգտվողների համար, թե որքան թափանցիկ են պայմանները»,- ասաց Քիսլերը և հավելեց. «Երբեմն հարց եմ տալիս, թե ինչո՞ւ այս համակարգը Գերմանիայում չենք օգտագործում»:

Մեր հարցին` արդյո՞ք Հայաստանում այս ծրագիրը կաշխատի, և ո՞ր երկիրը կարող է լինել խոշորացման ծրագիր իրականացրած հաջող օրինակ, դեսպանը պատասխանեց. «Կարող եմ Գերմանիայի օրինակը բերել: Արևելյան Գերմանիայում շատ փոքր գյուղեր կային, մենք իրականացրեցինք վարչատարածքային բարեփոխումներ, և խնդիրը լուծվեց: Կամ` Ներքին Սաքսոնիայի օրինակը. այնտեղ համայնքները փոքր էին, բայց իրավասությունները՝ շատ, մեկ հոգին չէր կարող ամենն անել, դրա համար նպաստավոր էր խոշորացնել համայնքները»:

Նա կարևորեց նաև խոշորացման գործընթացում բնակչության ներգրավվածությունը:

Իսկ հարցին, թե որքա՞ն ժամանակ կպահանջվի, որ ծրագրի արդյունքները տեսնելի լինեն մեր երկրում, Քիսլերը պատասխանեց. «Ես, իհարկե, պայծառատես չեմ, բայց ամեն դեպքում կարող եմ ասել, որ դա շատ արագ կարող է լինել, եթե մասնակիցներն ակտիվորեն լծվեն աշխատանքին, եթե յուրաքանչյուրը լավ կատարի իր պարտականություններն ու գործը»:

Հիշեցնենք, որ այսօր Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում` Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ, ինչպես նաև ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ բացվեց քաղաքացիների սպասարկման գրասենյակ (ՔՍԳ): Քաղաքացիների սպասարկման գրասենյակում աշխատանքները կիրականացվեն համայնքների կառավարման տեղեկատվական համակարգի կիրառմամբ: Վարչատարածքային բարեփոխումների շրջանակում այս համակարգը կապահովի խոշորացված համայնքի արդյունավետ կառավարում, բնակավայրերի ինտեգրում և փոխգործակցություն մեկ միասնական տեղեկատվական հարթակի միջոցով, վարչական ծառայությունների մատուցում բնակիչներին անմիջական բնակավայրերում և այլն: