կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-30 17:28
Իրավական

Ի՞նչ ընթացք ստացավ քաղաքապետարանի պաշտոնյանի մասնակցությամբ` մահվան հանգեցրած վրաերթի գործը

Ի՞նչ ընթացք ստացավ քաղաքապետարանի պաշտոնյանի մասնակցությամբ` մահվան հանգեցրած վրաերթի գործը

10 ամիս է անցել Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության պետ Արման Եդոյանի կողմից Ռուբինյանց փողոցի թիվ 20 շենքի դիմաց հետիոտնին վրաերթի ենթարկելու դեպքից, սակայն մինչ այժմ հայտնի չէ` արդյո՞ք վարորդը տվյալ հատվածում չի գերազանցել երթևեկության համար սահմանված արագությունը:

Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ ստացվել են քրեական գործով նշանակված մի շարք, այդ թվում` դատաավտոտեխնիկական, դատաբժշկական, դատահետքաբանական, դատաքիմիական ու մանրաթելային փորձաքննությունները: Թե ի՞նչ է պարզվել այս փորձաքննությունների արդյունքում, չեն հայտնել: Մեզ հայտնեցին, որ գործով նշանակված դատահետքաբանական և դատաբժշկական համալիր փորձաքննության եզրակացությունները դեռ չեն ստացվել:

Նշենք, որ նախաքննությամբ պարզվել է, որ հետիոտն Խ. Մկրտչյանը վրաերթի է ենթարկվել 2015-ի սեպտեմբերի 13-ին՝ 22:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում՝ վարորդ Ա. Եդոյանի կողմից վարած «Լեքսուս» ավտոմեքենայի կողմից: Այս գործով տուժողի իրավահաջորդ է ճանաչվել Խ. Մկրտչյանի կինը: Գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչությունում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին` ժամը 22:30-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի մեքենան Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել 50-ամյա Խորեն Մկրտչյանին, որը տեղում մահացել է: «Լեքսուս» ամենագնացի ղեկին եղել է Երեւանի քաղաքապետարանի առեւտրի վարչության պետ Արման Եդոյանը: Նա այս գործով դեռևս վկայի կարգավիճակում է: Դեպքի առթիվ նշանակվել է դիակի դատաբժշկական, համալիր՝ դատահետքաբանական, դատաքիմիական և մանրաթելային, ինչպես նաև դատաավտոտեխնիկական փորձաքննություն: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: