Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԲՀԿ անդամ Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկելու գործում որևէ տեղաշարժ չկա: Առերեւույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը դեռևս հայտնի չէ:
Yerkir.am-ի հետ զրույցում Արտակ Խաչատրյանը հայտնեց, որ գործի բացահայտումը թողել է իրավապահ մարմիններին, թեև նրանց պրոֆեսիոնալիզմին և կարողություններին կասկածով է վերաբերվում:
«Սեփական հետաքննություն չեմ վարում, ինչ էլ որ կա` ենթադրությունների մակարդակում է»,- ասաց նա և հավելեց, որ մի քանի վարկած ունի, սակայն դրանք չի ցանկանում բարձրաձայնել:
Խաչատրյանը լիովին չի ապաքինվել և դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նա նշեց, որ նախաքննական մարմնին մինչ այժմ չի հաջողվել հայտնաբերել անգամ իրեն հետապնդած մեքենան: Հիշեցնենք, որ Արտակի եղբայրը տեսանյութ էր տրամադրել նախաքննական մարմնին, որում երևում էին եղբորը հետապնդած մեքենայի համարանիշները: Ըստ ոստիկանության` այդ համարանիշները գրանցված չեն:
Հարցին, թե արդյո՞ք նախկինի պես չի բացառում, որ հնարավոր է ծեծի կազմակերպիչներն իր իսկ կուսակից ընկերներից լինեն, Խաչատրյանը պատասխանեց. «Ես ոչ մի տարբերակ չեմ բացառում, քանի դեռ գործը բացահայտված չէ»:
Հարցին` այս ընթացքում եղե՞լ են մարդիկ, ովքեր գործի վերաբերյալ արժեքավոր տեղեկություններ են հայտնել նախաքննական մարմնին` հաշվի առնելով ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի խոստացած խոշոր դրամական պարգևը, պատասխանեց, որ նման բան իրեն հայտնի չէ: Խաչատրյանը չբացառեց, որ գործը ծածկադմփոց կանեն, սակայն նշեց, որ, որպես քաղաքացի, չի ուզում հավատալ դրան: «Սա ավելի շատ մեր երկրի ու իշխանությունների պատվի ու հեղինակության հարցն է»,- նշեց նա:
Անդրադառնալով իր կուսակցական պատկանելությանը` Խաչատրյանը հայտնեց, որ նախկինի պես շարունակելու է մնալ կուսակցության անդամ և շարունակելու է զբաղվել ակտիվ քաղաքացիական գործունեությամբ: Իսկ այն անձինք, ովքեր լքել են ԲՀԿ շարքերը, ըստ նրա, այդ քայլի համար տարբեր պատճառներ ունեին: «Համենայն դեպս, ես ԲՀԿ-ից դուրս եկողների հանդեպ չարացած չեմ, դա նրանց կամքն է, նրանց որոշումը»,- ասաց նա: