կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-24 11:45
Իրավական

Ի՞նչ ընթացք ստացավ աղմկահարույց գործի քննությանը խոչընդոտելու մեջ մեղադրվող Մալաթիայի քննիչի գործը

Ի՞նչ ընթացք ստացավ աղմկահարույց գործի քննությանը խոչընդոտելու մեջ մեղադրվող Մալաթիայի քննիչի գործը

Yerkir.am-ն իր հրապարակումներում անդրադարձել էր Մալաթիայի բաժնի քննիչ Սուրեն Նավոյանի վերաբերյալ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործին (N62215214): Հիշեցնենք, որ քաղաքացի Արման Եղիազարյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ`  ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Արման Եղիազարյանը հաղորդում էր տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիշյալ բաժնի քննիչ Սուրեն Նավոյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով միջամտել էր վարույթն իրականացնող քննիչի գործունեությանը: Խոսքը Մալաթիայի քննչական բաժնում հարուցված եւ մեծ աղմուկ հանած` խարդախությամբ մեքենա հափշտակելու գործի քննությանը խոչընդոտելու մասին է:

 

Այս գործի մանրամասներին անդրադարձել էինք դեռևս ամիսներ առաջ: Նշենք, որ Եղիազարյանը ՀՔԾ-ում տված իր ցուցմունքում հայտնել էր, որ 2014-ի ապրիլի 8-ին հաղորդում է ներկայացրել Մալաթիայի բաժին` հայտնելով, որ Վարդան Հարությունյանը խարդախությամբ հափշտակել է իր սեփականություն հադիսացող, բանկում գրավադրված ԲՄՎ 545 մակնիշի ավտոմեքենան: Դեպքի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով , որով նախաքննությունն իրականացրել է Մալաթիայի քնչական բաժնի քննիչ Ալեքսեյ Կարապետյանցը, ում հետ նույն աշխատասենյակում է աշխատել քննիչ Սուրեն Նավոյանը: Կարապետյանցը հուլիսի 24-ին հիշյալ ավտոմեքենան` փոփոխված համարանիշերով հայտնաբերել է ՀՀ ԱԺ շենքի անցագրային մուտքի մոտ: Ա. Եղիազարյանը ևս, գտնվելով նշված վայրում,  տեսել է, որ մեքենային է մոտենում Կլավդիա Պետրոսյանը, ով ներկայացել է որպես ԱԺ աշխատակցուհի և իր հեռախոսը փոխանցել է ճանապարհային ոստիկանին, որին հեռախոսով խոսելու ընթացքում հայտնել են, որ խոսողը Մալաթիայի բաժնի քննիչ Սուրեն Նավոյանն է և պահանջում է քրոջը բաց թողնել: Ապա ճանապարհային ոստիկանը հեռախոսը փոխանցել է քննիչ Կարապետյանցին, ով համոզվելով, որ զրուցակիցը Նավոյանն է, զարմացել է: Հետագայում պարզվել է, որ Կլավդիա Պետրոսյանը մեքենայի հափշտակության մեջ մեղադրվող Վարդան Հարությունյանի կինն է:

 

Եղիազարյանը նույն օրը գնացել է Մալաթիայի բաժին և, գտնվելով Ս. Նավոյանի ու Ա. Կարապետյանցի աշխատասենյակում, կիսաբաց դռնից տեսել է Կ. Պետրոսյանին, լսել Սուրեն Նավոյանի ձայնն ու խոսակցությունից հասկացել, որ Նավոյանը ցուցմունք է թելադրել Պետրոսյանին:

 

Եվ ահա, վերլուծելով հիշյալ փաստերը, Եղիազարյանը հանգել է եզրակացության, որ Ս. Նավոյանը, օգտվելով Կարապետյանցի հետ նույն աշխատասենյակում աշխատելու հանգամանքից, ներկա գտնվելով մեքենայի հափշտակության վերաբերյալ հարուցված քրեական գործով քննչական գործողություններին, գործով իրեն հայտնի դարձած տեղեկությունները մատուցել է Վ. Հարությունյանին, նրան ուղղորդել, իսկ վերջինիս կնոջը` Կ. Պետրոսյանին, անձամբ է հարցաքննել կամ թելադրել ուղղորդված ցուցմունք:

 

Օրերս  yerkir.am-ին հայտնի  դարձավ, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր գասպարյանի հրամանով Նավոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Թադևոսյանը որոշում է կայացրել Սուրեն Նավոյանի վերաբերյալ հարուցված քրեական գործի վարույթը կարճել` նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: