կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-29 15:10
Քաղաքական

Ակնկալել, որ ամեն տեսակի մանրամասներ պետք է բացահայտվեն ԱԺ նիստերի դահլիճում, միամտություն է. Կորյուն Նահապետյան

Ակնկալել, որ ամեն տեսակի մանրամասներ պետք է բացահայտվեն ԱԺ նիստերի դահլիճում, միամտություն է. Կորյուն Նահապետյան

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ իր համար անհասկանալի է Ռուսաստանի տրամադրած` 200 միլիոն դոլար արժողությամբ` պաշտպանական նշանակության վարկի շուրջ ստեղծված աժիոտաժը: Նրա խոսքով՝ զենքի ձեռք բերման գործընթացը բանակցային փուլում է, և իրարանցում բարձրացնելու անհրաժեշտություն չկա:

«Գոյություն ունի բանակցությունների ընթացք, որը դեռ չի ավարտվել։ Լիազոր մարմինները, որ հանդես են գալիս կողմերի անունից, իրականացնում են այն գործողությունները և կատարում այն պարտավորությունները, որոնք համապատասխանում են համաձայնագրին։ Խառնաշփոթ ստեղծել, իրարանցում առաջացնել և տարբեր փաստարկներ բերել, կարծում եմ, տեղին չէ»,- ասաց Կորյուն Նահապետյանը։

Անդրադառնալով պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի հայտարարությունը, թե համաձայնագիրը 80 տոկոսով կատարված է, նա արձագանքեց. «Եթե ակնկալում եք, որ ամեն տեսակի մանրամասներ պետք է բացահայտվեն ԱԺ նիստերի դահլիճում, միամտություն է։ Մենք խոսում ենք պաշտպանության և անվտանգության ոլորտի մասին, և, իհարկե, այն գործընթացները, որ հրապարակային են, պետք է իրազեկել հանրությանը, բայց կան բաներ, որ բանակցությունների առարկա են, և եթե մենք դեռ չունենք վերջնական արդյունքներ, չենք կարող դրանց մասին խոսել։ Պետք չէ աժիոտաժ առաջացնել և արտաքին տպավորություն ստեղծել, թե իրականում աշխատանքներ չեն տարվում»։