կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-15 19:30
Քաղաքական

Մենաշնորհի չարաշահման դեմ պայքարը պետք է ուժեղացվի. Կորյուն Նահապետյան

Մենաշնորհի չարաշահման դեմ պայքարը պետք է ուժեղացվի. Կորյուն Նահապետյան

Մենաշնորհի չարաշահման դեմ պայքարը պետք է ուժեղացվի, և դա պետք է արվի օրենքով սահմանված կարգով. Yerkir.am-հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը:

«Կառավարության  ծրագրում, կարծում եմ, առանձին դրույթներ կլինեն նաև մենաշնորհների դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Նորանշանակ վարչապետը երեկ շատ հստակ արտահայտվեց այդ մասին: Ես կիսում եմ այդ դիրքորոշումը»,- ասաց պատգամավորը:

Ըստ նրա, հաշվի առնելով որոշակի հանգամանքներ, այդ թվում` այն հիմնական փաստարկները, որ նշեց վարչապետը` կապված երկրի փոքր լինելու հետ, որոշակի ոլորտներում հնարավոր է մենաշնորհ: «Բնական ձևով կձևավորվեն մենաշնորհներ: Այլ հարց է, որ պետք է թույլ չտալ, որ մենաշնորհ դիրք գրավող անձինք չարաշահեն իրենց այդ դիրքը և անառողջ տնտեսական իրավիճակ ձևավորեն երկրում»,- ասաց Նահապետյանը:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե նորանշանակ վարչապետը կարող է բուռն քննադատությունների ենթարկվել, մեր զրուցակիցը նշեց, որ քաղաքականությունն այնպիսին է, որ կարող են քննադատություններ և հարձակումներ լինել տարբեր կողմերից, ուղղակի միշտ պետք է պատրաստ լինել ոչ միայն դիմագրավելու այդ հարձակումներին, այլև հստակ պատասխաններ տալու: «Երեկ ես տպավորություն ստացա, որ վարչապետն ի վիճակի կլինի բավարար պատասխաններ տալ և\' հասարակության տարբեր շերտերին, և\' քաղաքական շրջանակներին, որոնք, ելնելով իրենց շահից, կարող են նաև նման հարձակումներ գործել»,- ասաց պատգամավորը: