կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-26 17:38
Քաղաքական

Հնարավոր է` պաշտոնանկությունները շարունակվեն. Կորյուն Նահապետյան

Հնարավոր է` պաշտոնանկությունները շարունակվեն. Կորյուն Նահապետյան

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը, խորհրդարանում անդրադառնալով ՊՆ-ում տեղի ունեցած պաշտոնանկություններին, նշեց, որ պետք է խորքային ուսումնասիրություն իրականացվի` իրավիճակի գնահատման համար:

Հարցին, թե բավարա՞ր էր այդ երեք անձնավորություններին աշխատանքից ազատելը, նա պատասխանեց, որ այդ որոշումները կայացվել են իրավիճակի խորքային վերլուծություն արդյունքում: Նահապետյանը նշեց, որ նրանք քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել միայն այն դեպքում, եթե կատարած լինեն հանցագործություն:

«Այս պահի դրությամբ` մենք չունենք նման փաստեր: Քրեական պատասխանատվության ենթակա է միայն այն անձը, ով կատարել է ՔՕ-ով նախատեսված հանցագործություն: Տվյալ դեպքում մենք չունենք նման փաստ, եթե դուք ունեք, կարող եք դա ներկայացնել համապատասխան մարմիններին: ՊՆ-ում և զինված ուժերի գլխավոր շտաբում կատարվում են համապատասխան ուսումնասիրություններ, և դրանց արդյունքում կկայացվեն որոշումներ, կարող են նաև այլ ներկայացուցիչներ ենթարկվել պատասխանատվության, այդ թվում`կարգապահական»,- ասաց պատգամավորը:

Նահապետյանի խոսքով` միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի, քառօրյա պատերազմը լուրջ հետևությունների պետք է հանգեցնի մեզ:

«Հողերի հանձնման հետ կապված` լուրջ եզրակացություններ չանենք, որովհետև ՀՀ նախագահի տված պատասխաններն այդ մասով պետք է կապել նախորդ մասում նրա հնչեցրած մտքերի հետ, որոնք վերաբերում էին ԼՂՀ ժողովրդի ազատ կամաարտահայտությանը, և այնտեղ որոշակի ժամկետներ էին նշվում: Պետք չէ կոնտեքստից դուրս հանել որևէ արտահայտություն և սևեռվել դրա վրա»,- ասաց նա:

Հարցին, թե պատերազմից հետո խոսվում էր, որ բանակը հաջողությունների է հասել, և այս պաշտոնանկություններն ի՞նչ են նշանակում, ինչո՞ւ տեղի ունեցան, Նահապետյանը պատասխանեց. «Սա նշանակում է, որ կոնկրետ բարձրաստիճան պաշտոնատար անձինք թերացել են իրենց պարտականությունների կատարման մեջ, և դրա հիման վրա կայացվել են որոշումներ: Հնարավոր է նաև` պաշտոնանկությունները շարունակվեն: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է քննարկել` արդյո՞ք պաշտոնատար անձը չի կատարել իր ծառայողական պարտականությունները, եթե չի կատարել, հետևաբար` կլինեն նոր պաշտոնանկություններ»:

Ըստ պատգամավորի` ակնհայտ է, որ այս պատերազմը հանեց մի շարք խնդիրներ, որոնց պետք է օպերատիվ արձագանքել, անհրաժեշտ է համակողմանի վերլուծել բացերն ու թերությունները, որոնք կան մեր ազգային անվտանգության համակարգում:

Հարցին, թե Յուրի Խաչատուրովին ինչո՞ւ չեն հասնում ձեր ձեռքերը, եթե նրա ենթակաները վատ են աշխատել, դա փաստում է, որ նա ևս վատ է աշխատել և վերահսկողություն չի սահմանել, Նահապետյանը պատասխանեց. «Յուրաքնչյուր պաշտոնյա ունի իր պարտականությունների շրջանակը, պետք է հասկանանք` ով որ հարցում է թերացել: Եթե որոշում եք, որ նա ևս պետք է ազատվի իր զբաղեցրած պաշտոնից, սրա համար պետք է հիմքեր լինեն, թե ինչ չի արել տվյալ պաշտոնատար անձը, ով զինված ուժերի ամենաբարձր պաշտոնատար անձն է, որի համար նրան պետք է ենթարկել պատասխանատվության»:

Ի դեպ, Նահապետյանը նշեց, որ այս պաշտոնանկություններն անակնկալ չէին: