կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-15 15:00
Քաղաքական

Վարկային համաձայնագրերով նախատեսված սպառազինության միայն որոշակի մասն է ձեռք բերվել. Կորյուն Նահապետյան

Վարկային համաձայնագրերով նախատեսված սպառազինության միայն որոշակի մասն է ձեռք բերվել. Կորյուն Նահապետյան

Այսօր առավոտյան ԱԺ ոսկեզօծ դահլիճում մեկնարկել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի համատեղ նիստը, որի ընթացքում քննարկման են դրվել Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակը, հայ-ռուսական ռազմական, ռազմատեխնիկական, ռազմարդյունաբերական ոլորտներին և միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության և այլատյացության հակազդմանը վերաբերող հարցեր:

Նիստի մեկնարկին հնչեցրած ելույթում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը բավական կոշտ վերաբերմունքի է արժանացրել ռուսական կողմին: Հատկանշական է, որ նիստն ընթացել է հայերենով, և ռուս պաշտոնյաները ստիպված են եղել հույսները դնել թարգմանության վրա:

Ի դեպ, նիստի ընդմիջմանը ռուս գործիչները, մասնավորապես` Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի փոխնախագահ Ալեքսանդր Չեկալինը ասաց, թե նիստի ավարտին կխոսի, իսկ հիմա իրենք ցանկանում են թեյ կամ սուրճ խմել, մինչդեռ` օրակարգում նշված էր, որ ընդմիջմանը լրագրողները կարող են հարցազրույցներ վերցնել նրանցից:

Ի տարբերություն ռուս պաշտոնյայի, Կորյուն Նահապետյանը պատասխանեց լրագրողների հարցերին  և որոշակիորեն ներկայացրեց նիստի ընթացքում քննարկված առանցքային հարցերը:  Նրա խոսքով` կա լրջագույն մտահոգություն` Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված,  ու այդ մտահոգությունները նոր չեն և հնչեցվել են տարբեր մակարդակներում: Ըստ Նահապետյանի` այն հանգամանքը, որ Ադրբեջանը զենք կարող է ձեռք բերել այլ պետություններից, որևէ կերպ չի կարող հիմնավորում լինել:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե Ադրբեջանը ՌԴ-ից ձեռք բերած զենքը կիրառում է ոչ թե ՀԱՊԿ անդամ Հայաստանի վրա, այլ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող ԼՂՀ-ի դեմ, նա նշեց.  «Պետք է նկատի ունենալ, որ Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակն ունի տարբեր բաղադրիչներ, և չհասկանալ այդ բաղադրիչները, պարզապես անհեթեթ մոտեցում է: Կան տարբեր  գործոններ, որոնց ամբողջական համադրման արդյունքում պետք է գնահատել իրավիճակը: ՀՀ-ն ԼՂՀ անկախության և անվտանգության երաշխավորն է, և բոլոր այն  գործողությունները, այդ թվում` և ռազմական, որոնք  իրականացվել են ԼՂՀ-ի և խաղաղ ժողովրդի նկատմամբ,  մենք դիտարկում ենք որպես մարտահրավեր և սպառնալիք ՀՀ-ի նկատմամբ, որը ՀԱՊԿ անդամ պետություն է»:

Նահապետյանի խոսքով` Ռուսաստանը  և ՀԱՊԿ անդամ մնացած պետությունները չեն կարող հաշվի չառնել այդ հանգամանքը: «Մենք  տարբեր ատյաններում բացեիբաց հայտարարել ենք, որ ԼՂՀ-ի անկախության և անվտանգության երաշխավորն ենք, և կարծում եմ, որ մեր գործընկերները, այդ  թվում` և ՀԱՊԿ անդամ պետությունները, պետք է հաշվի նստեն մեր  այս դիրքորոշման հետ»,- ասաց նա:

Հարցին, թե ուշացած չէ՞ր ՌԴ-ին ուղղված այս կոշտ մոտեցումը, Նահապետյանը պատասխանեց. «Այս պահին չէ միայն, որ հայտարարվում է այդ մասին. ՀՀ  նախագահը  խոսել է և իր մտահոգությունն ու ցավն արտահայտել է Ադրբեջանին   հարձակողական նշանակության զենք վաճառելու համար, խորհրդարանականները միջազգային խորհրդարանական կառույցներում պարբերաբար անդրադարձել են այս խնդիրն, որ այն հարձակողական զենքը, որը վաճառվել է Ադրբեջանին, ինչ-որ մի ժամանակ օգտագործվելու է: Սպառազինության կուտակումը առաջ է բերելու ռազմական հավասարակշռության խախտում: Թեկուզ աննշան խախտումը հղի է ծանր և անկանխատեսելի հետևանքներով ոչ  միայն տարածաշրջանային երկրների, այլ նաև ՌԴ-ի համար: ՌԴ-ն  այս տարածաշրջանում ունի նաև իր գերակա շահերը, և, այդ իմաստով,  մենք պետք է  քաջ գիտակցենք, որ նման զենքի վաճառքը ուղղակի առաջ էր  բերելու այնպիսի ծանր հետևանքներ, որ մենք ունենք այսօր»:

Նահապետյանը նշեց նաև, որ նիստի մեկնարկին ունեցած իր ելույթում հստակ ձևակերպումներ են եղել առ այն, որ, իսկապես, ՌԴ-ի առանձին բարձրաստիճան պաշտոնյաների անհեռատես և անզգույշ հայտարությունները  կարող են նաև վնաս հասցնել  հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերություններին, և այստեղ երկու  կողմերն էլ պետք է լինեն շրջահայաց:

Yerkir.am-ի հարցին, թե ինչո՞ւ է ուշանում ՌԴ-ի կողմից Հայաստանին տրամադրվելիք` 200 միլիոն դոլարի վարկը, որը պետք է օգտագործվի զենք ձեռք բերելու համար, պատգամավորը պատասխանեց. «Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` իրականացվում են կոնկրետ աշխատանքներ վարկային համաձայնագրերով նախատեսված սպառազինության ձեռք բերման համար: Այս պահի  դրությամբ որոշակի զինատեսակներ ձեռք են բերվել, բայց ամբողջական  ցանկով չէ, որ տրամադրվել է:  Երկու պետությունների պաշտոնական գերատեսչություններն աշխատանքներ են իրականացնում, և կարծում եմ, որ մոտակա ժամանակներում  կլուծվեն  նաև այդ խնդիրները, և  նախատեսված վարկային  համաձայնագիրը` ամբողջական սպառազինության ձեռք բերման համար, կլինի»: