|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու գաղափարի նկատմամբ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը դրական է տրամադրված, բայց, միևնույն ժամանակ, նշեց, որ սա չի ենթադրում, որ մեր երկրի հարցերը պետք է ուրիշները լուծեն: Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ թեև ցանկացած համաձայնագրի հետ կապված ակնկալիքները միշտ շատ են լինում, միևնույն է, կան քաղաքական գործընթացներ և շահեր:
«Կան քաղաքական շահեր, որոնց, բնականաբար, պետք է ուշադիր հետևենք, և որևէ երկրից մենք մեծ ակնկալիքներ չպետք է ունենանք: Բազմիցս ենք ասել, որ մեր հույսը միշտ պետք է դնենք մեզ վրա, սակայն պետք է աշխատենք տարբեր համաձայնագրերի շրջանակներում համագործակցել տարբեր երկրների հետ: Ակնկալիքները, որ մեր ճակատագիրն իրենք պետք է որոշեն, մենք դրան կողմնակից չենք, բայց մի բան պետք է նշեմ՝ մենք միշտ հավատարիմ ենք մնում այն ընտանիքներին, որոնց հետ համագործակցում ենք, և հորդորում ենք բոլոր երկրներին, որ ցանկացած համաձայնագրի շրջանակներում նրանք նույնպես հավատարիմ մնան իրենց ստորագրությանը»,- ասաց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ այս համաձայնագիրն էլ արժանանա ՀԱՊԿ-ի ճակատագրին` հաշվի առնելով այն, որ ՀԱՊԿ-ն ապրիլյան գործողությունների ժամանակ հասցեական գնահատականներ չտվեց, Բաղդասարյանը պատասխանեց, որ այս ընթացքում որևէ եզրակացություն պետք չէ անել:
«Սպասենք քաղաքական զարգացումներին: Այն, ինչ պահանջվում էր մեր դիվանագիտական կորպուսից, մենք կատարել ու կատարում ենք, և մեր դիվիդենդները լուրջ են: Եթե այս հանդիպումները վերածվեն բանակցությունների, ապա մենք լուրջ դիվիդենդներ կօգագործենք: Սա տարբերվում է բոլոր տիպի հանդիպումներից, քանի որ կա քաղաքական կամք խնդրի կարգավորման և լուծման համար: Մեր հակառակորդն անկախատեսելի է, և այս տարիների ընթացում ականատես չենք եղել մի դեպքի, որ նա իր տված խոստումները պահի: Եթե ևս մեկ անգամ նման բան լինի, ապա պետք է հասցեական լինեն գնահատականները, և դրա շրջանակներում պետք է մեզ հետ համագործակցող ընկերները մեզ օգնեն և հանրությանը տեղյակ պահեն, թե ով է ագրեսոր երկիրը»,- ասաց պատգամավորը:
Բաղդասարյանը չբացառեց, որ ՀՕՊ միասնական համակարգին միանալուց հետո Հայաստանում կհայտնվի 200 միլիոն դոլար վարկի դիմաց Հայաստանին տրամադրվող ռազմամթերքը: «Ցանկալի չէ դրա մասին բարձրաձայնել, սակայն ես կարծում եմ, որ այն, ինչ պայմանավորվել են Հայաստանում, կհայտնվի տրամաբանական ժամանակներում»,- նշեց նա ՝ այդպես էլ հստակ ժամկետներ չնշելով: