կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-23 17:11
Քաղաքական

ՏԵՍԱՆՈՒԹ․ Կապիտուլյացիա ստորագրած, խոնարհված առաջնորդը չի կարող այլևս որևէ բանակցություն վարել․ Վահրամ Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը պետք է ունենա քաղաքական կամք, հանիրավի մեղադրանքների համար ներողություն խնդրի և օր առաջ հեռանա. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ վեցերորդ գումարման ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Արդեն իսկ պարզ է, որ կապիտուլյացիա ստորագրած, խոնարհված առաջնորդը չի կարող այլևս որևէ բանակցություն վարել, իսկ բանակցությունները դեռ առջևում են»,- ասաց նա՝  հույս հայտնելով, որ  Փաշինյանը խաղաղ ճանապարհով կհեռանա։

Անդրադառնալով օրեր առաջ իրեն բերման ենթարկելուն՝ Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ դա ևս ազգը պառակտելու, թշնամացնելու, սևերի ու սպիտակների բաժանելու տարբերակ է։

«Քաղաքական դիակին պետք չէ վերացնել, նա շնչում է միայն ֆիզիկապես, և մենք պետք է փայփայենք, որովհետեւ շատ հարցերի պատասխաններ, որոնք Փաշինյանը միայնակ է որոշել, պետք է պատասխան տա»,- պնդեց նա:

Ըստ Բաղդասարյանի՝ դեռրս 2016 թվականին Ալիևն իր շուրթերով էր ասում, որ միջազգային հանրությունն իրեն ստիպում է, որպեսզի ընդունի Արցախի կարգավիճակը. «Մենք հասցրել էինք արդեն դրան, բայց զրո կետից սկսելը ո՞րն է։ Կամ՝ ինչ ուզում, այն էլ բանակցում ենք․․․ Հանրությունը պետք է իմանա, թե ինչ եք բանակցում»։

Մեր այն դիտարկմանը, թե այսօր հանրությանը հետաքրքում է՝ Փաշինյանին մերժելով, ո՞վ է գալու իշխանության, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ նրան փոխարինողի մասին շատ մոտ ապագայում կիմանանք, ապա պնդեց, որ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերը իշխանության գալու մտադրություն չունեն: «Սա երկրի փրկության խնդիր է, ընդ որում՝ Փաշինյանի  համառությունով մենք երկրի ճակատագրի հետ ենք խաղ անում։ Հարկավոր են լուրջ մարդիկ, լուրջ բանակցողներ, որ կարողանանք բարելավել իրավիճակը։ Կարողանանք ռուսների հետ ձեռք բերել հարաբերություններ, որը 2․5 տարի փչացրել են։ Մեր ստրատեգիական գործընկերոջ հետ պետք է կարողանանք բանակցային պրոցեսը նոր փուլի բերել, այդտեղ բավականին գործ կա անելու»,- ընդգծեց նա։

«Նիկոլ Փաշինյանի հեռացումով Արցախի վերադարձ հնարավո՞ր է» հարցին ի պատասխան՝ Բաղդասարյանը խորհուրդ տվեց․ «Հետևեք զարգացումներին»։

Մանրամասները՝ տեսանյութում: