Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը: Նա նշեց, որ հանդիպումից առաջ էլ առանձնապես ակնկալիքներ չեն եղել, որ այն դրական արդյունք կտա:
«Տարիներ շարունակ Ադրբեջանի նախագահը կոչ է անում` խաղաղ բանակցային կարգավորման խնդրի հետ կապված և ինքն էլ դրժում է իր խոստումը: Այստեղից կարելի է եզրահանգում անել, որ կա՛մ Ալիևը ստախոս է, կա՛մ նրա բանակը նրան չի ենթարկվում: Հակառակ դեպքում` հանդիպումներից առաջ նման սիստեմատիկ ձևով դիվերսիոն հարձակումներ, հրադադարի ռեժիմի խախտումներ չէին լինի»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ հենց այդ պատճառով Ադրբեջանը հրաժարվեց սահմանին տեսախցիկներ տեղադրելու առաջարկից, քանի որ ամեն ինչ կարող էր բացահայտվել:
ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով` եթե Հայաստանը հրաժարվեր հանդիպումից, դա շահարկվելու էր Ադրբեջանի կողմից: «Լինելու էին այլ մեկնաբանություններ, որ մենք խաղաղ բանակցություններից ենք հրաժարվում»,- նշեց Բաղդասարյանը:
Ըստ նրա` ԵԱՀԿ Մինսկի խումբը տրամադրված է իր գործառույթը լավագույնս կատարել, այդ պատճառով էլ հայտարարել են, որ հանդիպումների շարունակականությունը առաջընթացի կհանգեցնի:
«Եթե Ադրբեջանն այս ամենն անում է, որ հանրության ուշադրությունը շեղի իր ներքին լարվածությունից, և դա անում է այդ երիտասարդների կյանքերի հաշվին, պետք է պատասխան տա իր հանրության առջև: Հույս ունեմ, որ այս հանդիպումից հետո Ադրբեջանն, ի վերջո, հաշվետու կդառնա միջազգային հանրությանը, ևս մեկ անգամ ապտակ չեն հասցնի ՄԽ համանախագահներին, նրանց որոշումներին ու կդադարեցնեն սահմանային լարվածությունը: Նրանց վարած քաղաքականության արդյունքում չկա գեթ մեկ դրական բան, կան միայն զոհեր»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Նա ընդգծեց, որ ադրբեջանական քաղաքական գծի մեջ որևէ փոփոխություն չկա, և նրանցից որևէ ակնկալիք ունենալն առնվազն կարճատեսություն է: Մինսկի խումբը, միջազգային հանրությունը և մենք պետք է պնդենք, որ տեսախցիկների, հանձնաժողովների միջոցով ֆիքսվի, թե ով է հրադադարի իրական խախտողը: ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց նաև, որ միջազգային հանրությունն աստիճանաբար իր` կողմերի միջև հավասարության նշան դնելու քաղաքականությունը փոփոխությունների է ենթարկում:
«Մի ժամանակ դրվում էր հավասարության նշան, երկու կողմերին կոչ էր արվում պահել իրավիճակի կայունացումը: Բայց այսօր կան տարաբնույթ մեկնաբանություններ, ու, կարծես, Ադրբեջանին են միայն կոչ անում: Ամեն դեպքում` նախկին խիստ հայտարարություններից հրաժարվել են: Քաղաքականության մեջ ամեն ինչ միանգամից չի լինում և կտրուկ չի կատարվում, մենք այդ ներդաշնակությունը պետք է նկատենք: Ինձ թվում է` այն պնդումները, որ հայկական կողմը համաձայն է, որ բոլոր սարքավորումները, բոլոր տեսախցիկները, հանձնաժողովներն աշխատեն, և որ դրանից Ադրբեջանը վայնասուն է անում, դրանից արդեն պետք է Մինսկի խմբի նախագանհները և բոլորը հետևություններ անեն»,- եզրափակեց Բաղդասարյանը: