Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր Սարդարապատում, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարեց, որ իշխանության հիմնական գաղափարախոսություններից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է:
Անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի` ծախսերի օպտիմալացման գնալու հանձնարարականին և պատասխանելով հարցին, թե իշխանություններն իսկապես կունենա՞ն քաղաքական կամք կոռուպցիայի դեմ պայքարելու համար, Սահակյանը նշեց, թե իշխանությունները միշտ էլ մտահոգ են և քայլեր անում են երկրում կոռուպցիայի դեմ պայքարելու համար: «Իշխանության հիմնական գաղափարախոսություններից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է, պարզապես վերջին շրջանում ավելի ակնառու դարձնելու համար ստեղծում ենք որոշակի կարգավիճակներ` փոխելու առումով, նաև դեմն առնելով կոռուպցիայի: Կոռուպցիան ամբողջ աշխարհում է տիրել, տարբեր երկրներում տարբեր չափով և մինչև այսօր էլ աշխարհը պայքարում է կոռուպցիայի դեմ: Կարծում եմ` վերջին շրջանում կարող ենք ավելի մեծ արդյունք գրանցել»,- նշեց նա: Դիտարկմանը, թե առաջիկայում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում հնարավո՞ր է, որ խորհրդարանում գործարար պատգամավորներ չլինեն, իսկ առկա մենաշնորհներն էլ վերացված լինեն, ԱԺ նախագահն արձագանքեց. «Մենաշնորհները գործարար պատգամավորն ու օլիգարխներ, դրանք, չեմ կարծում, մեր ժողովրդի սոցիալական վիճակը ստեղծողներն են: Մեր ժողովուրդն ինքը պետք է կարողանա շատ վստահ իրեն զգա, որպեսզի եթե ինչ-որ մարդիկ կան, ովքեր խանգարում են ժողովրդի առաջընթացին, կարողանան պաշտպանել նաև իրենց»,- ընդգծեց Գալուստ Սահակյանը` հավելելով. «Կոռուպցիայի դեմ պայքարը հիմնականում գալիս է իշխանությունների թևի մեջ, սա է կոռուպցիայի դեմ պայքարը: Այսինքն՝ այստեղ վերևից և ներքևից սկսելու խնդիր գոյություն չունի, որտեղ կա կոռուպցիա, այնտեղ պետք է պայքար լինի, որպեսզի այն վերանա»:
Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի շոշափելի արդյունքների մասին` Գալուստ Սահակյանն ընդգծեց. «Ես կարծում եմ` եթե ուզում ենք այդ փոփոխությունները զգալ այնպես, ինչպես Եվրոպայում է, դա բավականին երկար կտևի, բայց ինչպես մեր ազգայինն է պայմանավորում, կարծում եմ` գնալով, կամաց-կամաց կհասնենք նաև դրան»: