կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-11 17:45
Քաղաքական

Ընդդիմությունը կստանա իր ուզած երկար լեզուն. Գալուստ Սահակյան

Ընդդիմությունը կստանա իր ուզած երկար լեզուն. Գալուստ Սահակյան

ՎՊ նախագահի ընտրությանն ընդառաջ` ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա նախ խոսեց պատգամավորների բարեկրթության անհրաժեշտության մասին: Նրանցից շատերը, որոնք իրենց համարում են «ամենադուխովը», պարտադիր քննադատության մեջ արտաբերում են Սերժ Սարգսյանի անունը: Գալուստ Սահակյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը նախ ինստիտուտ է:

 

Ըստ պատգամավորի`  Իշխան Զաքարյանի թեկնածությունը կրկին առաջադրվել է, քանի որ նա կարճ ժամանակում կարողացել է ամրացրնել այդ նոր կառույցը: Նա կարծիք հայտնեց, որ բոլորը պետք է ուրախանան, որ իշխանությունը երբեմն հնչեցնում է քննադատություններ, գնահատականներ, բայց դա չի նշանակում, որ Իշխան Զաքարյանը պետք է վերացնի բոլոր թերությունները:

 

Անդրադառնալով Իշխան Զաքարյանի ունեցվածքին` Սահակյանը նշեց, որ գրպանահատներ չեն հավաքված, որ անընդմեջ անդրադառնան մարդկանց ունեցվածքին: Մատնանշելով Նիկոլ Փաշինյանին` նա ասաց, որ, այդ տրամաբանությամբ առաջնորդվելով, ինքը պետք է լինի առանց կոստյումի ու փողկապի: «Մարդը ասում է` ես իմ ունեցվածքը հայտարարագրել եմ, մաքուր եմ, որևէ խնդիր չունեմ, հետո պարզվում է, որ Իշխան Զաքարյանը բազահայտումներ է արել, նա ընդամենը եզրակացություններ է տվել, ինչո՞ւ եք ամեն ինչը բարդում նրա վրա, փորձում դրանով արդարացնել ձեր անգործությունը»,- նշեց Գ. Սահակյանը:

 

Նա հավելեց, որ Վերահսկիչ պալատը ստեղծվել է Հանրապետական կուսակցության մեծ դերակատարությամբ, բայց դա չի նշանակում, որ Իշխան Զաքարյանը պետք է անի այն, ինչ Հանրապետական կուսակցությունն է ուզում: Գալուստ Սահակյանի համոզմամբ` ՎՊ-ն այն կառույցն է, որը կարողանում է և' ճնշումներին դիմանալ, և' հակադարձել: «Չեմ կարծում, որ ՎՊ-ն ճնշումների զոհ է ու իր գործառույթները չի անելու, հոռետեսի նկրտումներով ուզում եք ասել` խեղճ Իշխան Զաքարյան, էլ ամբիոնից խախտումների մասին չի խոսելու: Խոսելու է»,- նշեց նա:

 

Անդրադառնալով ընդդիմադիր ելույթներին` Սահակյանը նշեց, որ եթե ընդդիմությունը երկար լեզու է ուզում, ապա կստանա այդ լեզուն, խորհուրդ տվեց որոշ ընդդիմադիր պատգամավորներին պոպուլիզմով չտարվել, այլ եթե փաստեր կան, դիմել դատարան: Նա նշեց, որ ՀՀԿ խմբակցությունը գոհ է ՎՊ անկախ մարմնից, ահա` ինչու ձայնը տալու են Իշխան Զաքարյանի թեկնածությանը: