Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` սեպտեմբերի 1-ին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը «Քվանտ» վարժարանում էր. թոռնուհուն ուղեկցեց առաջին դասարան: Ապա ժամանեց Աջափնյակ թաղամասում գտնվող թիվ 185 դպրոց, որտեղ տարիներ առաջ տնօրենի պաշտոնն էր զբաղեցրել:
ԱԺ նախագահը նշում է, որ դա առաջին դպրոցն էր, որտեղ տնօրենն ուներ հանգստի սենյակ` իր հեռուստացույցով: Եվ այդ հանգամանքը պատճառ էր դարձել, որ կուսակցական ժողովում բարձրացվեր Գալուստ Սահակյան տնօրենի հարցը, թե ինչո՞ւ տնօրենն առանձնասենյակ ունի, այլ էլ` հեռուստացույցով: Սակայն այդ կարծրատիպը շատ կարճ ժամանակում կոտրվեց, որովհետև, ըստ Գալուստ Սահակյանի, սկսվեցին կրթական բարեփոխումները, և բոլոր դպրոցների դասասենյակները աստիճանաբար հագեցվեցին ժամանակակից տեխնիկական միջոցներով:
«Եթե հասարակությունը, պաշտոնավորները, չինովնիկները ուզում են մաքրվել կամ բյուրեղանալ, ուրեմն տարեկան մի քանի անգամ պետք է դպրոց մտնեն, այնպես ինչպես հասարակությունն է մտնում եկեղեցի»,- ասաց Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում:
Yerkir.am-ի հարցին` եթե առիթ լինի, կցանկանա՞ կրկին աշխատել որպես դպրոցի տնօրեն, ԱԺ նախագահը պատասխանեց. «Դպրոցի տնօրենը դա պաշտոն չէ, այլ առաքելություն: Եվ այդ առաքելությունը ես ժառանգել եմ հորիցս` Գրիգոր Սահակյանից, ով թիվ 1 դպրոցի տնօրենն է եղել: Հայրս, դպրոցի տնօրենից բացի, այլ աշխատանք չէր պատկերացնում, նրան առաջարկել են տարբեր պաշտոններ, անգամ` փոխնախարարի պաշտոն, բայց նա այդպես էլ չգնաց: Նույնն էլ ես կանեի, եթե խնդիրներ չառաջանային մեր պետության և անկախության համար: Անկախության խնդիրը մոռացնել է տալիս բոլոր մասնագիտությունները, և դառնում ես անկախության զինվոր»:
Ի դեպ, թիվ 185 դպրոցում ներկայումս փոխտնօրեն է Գալուստ Սահակյանի կինը: Նա չցանկացավ պատասխանել Yerkir.am-ի լրագրողի այն հարցին, որը վերաբերում էր Գալուստ Սահակյանին: «Ես չեմ կարող օբյեկտիվ խոսել, նա իմ ամուսինն է»,- ասաց Գալուստ Սահակյանի կինը:
Մանրամասները` տեսանյութում: