կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-29 14:45
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե դրսից ինչ-որ հզոր ուժերի միջամտություն չլինի՝ այս պատերազմը երկար կտևի․ Կարեն Վրթանեսյան

Արցախի հարցը լուծելու համար մենք պետք է տրամադրվենք երկար, լուրջ ու ծանր պատերազմի: Մեր նպատակը դա պետք է լինի՝ հարցը լուծել այնպես, որ մի քանի տասնամյակ Ադրբեջանն այս մասին չմտածի։ Հակառակ դեպքում՝ կտոր-կտոր կկրծեն՝ մինչև մաշվենք. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Ադրբեջանն արդեն ռեզերվներ է բերում, ակնհայտ է, որ փորձելու են նոր ճեղքումներ անել։ Բնականաբար, պարտավոր ենք ամեն հարթակում մեր միջազգային դաշնակիցներին հասցնել, որ գործ ունենք Ադրբեջանի ագրեսիայի հետ, որին հնարավոր է պատրաստվել են հենց հուլիսից»,- ասաց ռազմական փորձագետն ու միջազգային հանրության և գերտերությունների արձագանքը Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային որակեց «զուսպ»:

«Ռուսական կայքերին հետևելիս այնպիսի տպավորւթյուն է, որ ադրբեջանական կայքեր են։ Այնպես որ՝ մենք մեր հույսերը դնում ենք մեզ վրա։ Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանին ճնշելու գործողությունը կիսատ մնաց»,- ասաց Կարեն Վրթանեսյանն ու շեշտեց, որ այդ կիսատ թողած գործը պետք է ավարտին հասցնենք, որպեսզի Հայաստանի ներքին իրավիճակի ճնշման դեպքում անգամ Ադրբեջանն այլևս չառիթավորվի, ինչպես եղավ հիմա։

Ըստ նրա՝  այս պատերազմն ադրբեջանական ագրեսիայի հետևանք է՝ ընդդեմ Արցախի: «Եթե դրսից ինչ-որ հզոր ուժերի միջամտություն չլինի, կարծում եմ, այս պատերազմը երկար կտևի։ Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ նաեւ Հայաստանի Հանրապետության դեմ է, քանի որ արդեն հարված են հասցրել Վարդենիսի զորամասի ուղղությամբ։ Այսինքն՝ նաև ավիացիա են կիրառել Հայաստանի Հանրապետության սահմանային դիրքերի նկատմամբ։ Սա, մեր տարածաշրջանի ծավալնելով, լայնամասշտաբ պատերազմ է։ Իսկ Հայաստանի տարածքին հարվածելը պետք է արձանագրի ՀԱՊԿ-ն ու սկսի գործողություններ վարել»,- հստակեցրեց ռազմական փորձագետը։

Անդրադառնալով Թուրքիայի ներգրավվածությանը հայ-ադրբեջանական հակամարտության հարցում՝ ռազմական փորձագետը փաստեց, որ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը հարևաների հանդեպ վաղուց է սկսվել։ Իսկ անմիջական մասնակցության մասին վկայում է զորավարժությունների ժամանակ օդուժի տեղափոխումը Ադրբեջան: «Դրանից հետ այդ ինքնաթիռները չհանվեցին Ադրբեջանից, ավելին՝ մեկ շաբաթ անց ցույց տվեցին թռիչքներ Գյանջայի (Գանձակ)  երկնքում»,- փաստեց Կարեն Վրթանեսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: