կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-04 11:50
Քաղաքական

Կասկածներ ունեմ, որ պատերազմը երկար կտեւի. Ալեքսանդր Մարգարով

Կասկածներ ունեմ, որ պատերազմը երկար կտեւի. Ալեքսանդր Մարգարով

ԼՂ հակամարտությունը տաք փուլից դուրս բերելու համար կառուցողական սցենարներ են պետք, քանի որ բանակցային փուլն այլևս չի աշխատում. այսօր լրագրողներին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:

Նրա խոսքով՝ ևս մեկ անգամ ակնկալել, որ ՄԽ համանախագահները հասցեական հայտարարություններ կանեն և կոչ անեն Ադրբեջանին` դադարեցնել պատերազմը, քիչ հավանական է՝ հաշվի առնելով նախկին փորձը: Ըստ քաղաքագետի` ՀՀ կողմից Արցախի անկախության ճանաչումը չի հանգեցնելու հակամարտության կարգավորմանը, այն տեղափոխելու է այլ հարթություն:

«Կասկածներ ունեմ, որ պատերազմը երկար կտևի, ինտենսիվությունը շփման գծում կշարունակվի, քանի որ բանակցային պրոցեսը դադարել է»,- ասաց քաղաքագետը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ, մայիսյան հաղթանակների հետ կապված, Ադրբեջանը կրկին դիմի ռազմական գործողությունների, նա պատասխանեց, որ ռազմական գործողությունների վերսկսում կանխատեսել կարող ենք, սակայն ասել` լինելու է, թե` չէ, դժվար է: Այն, որ Ադրբեջանը շփման գծում կուտակում է զինուժ, դա հայտնի է, բայց արդյո՞ք մայիսի 8-9-ին կկիրառի, դժվար է ասել, որովհետև հերթական ռազմական անհաջողությունը դժվար թե մտնի Ադրբեջանի պլանների մեջ:

Մարգարովը քիչ հավանական համարեց, որ Ադրբեջանը գերտերությունների կողմից քարտ բլանշ ստանալու արդյունքում է դիմել ռազմական գործողությունների, թեև Թուրքիայի աջակցությունն ակնհայտ է:

Տարբերակը, որ Արցախը Հայաստանին միանալու հարցով կարող է հանրաքվե անցկացնել, ինչը հնարավոր է կանխի Ադրբեջանի ռազմական գործողությունները, քաղաքագետը հավանական չհամարեց, որովհետև արտաքին դերակատարները չեն հասկանա այդ որոշումը, և բերեց Ղրիմի օրինակը:

«Այդ տարբերակն առայժմ չի կարող անցնել, դա Ադրբեջանի համար այլ դուռ կարող է բացել, ՄԽ-ն կզրկվի կարգավորման հիմնական մանդատից»,- ասաց Ալեքսանդր Մարգարովը: