կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-24 14:08
Քաղաքական

Կներեք, IQ-ն ի՞նչ է. Դավիթ Հարությունյանի հարցը՝ Նաիրա Զոհրաբյանին

Կներեք, IQ-ն ի՞նչ է. Դավիթ Հարությունյանի հարցը՝ Նաիրա Զոհրաբյանին

Այսօր ԱԺ-ում, ուր քննարկվում էր 2015թ. բյուջեի կատարողականը, հիմնական զեկուցող` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հարց ուղղեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Կառավարությունը հայտարարեց, որ կոռուպցիայի դեմ սրբազան պայքար է սկսում, բայց այդ դեպքում ինչպե՞ս հասկանանք, որ կառավարությունը մերժում է մեր գործընկեր պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը՝ ոստիկանության արտաբյուջեն ուղղել բյուջե: Որ չունենանք բյուջե ու դաբլ բյուջե, և եթե ուզում եք հստակ վերահսկողություն, ուրեմն ինձ հասկանալի չէ, թե ինչո՞ւ է կառավարությունը բացասական եզրակացություն տվել այդ նախագծին: Վարչապետի հայտարարության մեջ կար ակնարկ՝ կրճատել նաև ՊՈԱԿ-ներն ու ԾԻԳ-երը: Ես առաջարկել եմ կրճատել ԾԻԳ-երում բարձր աշխատավարձերը, որոնք սկսվում են 500 դրամից մինչև անսահմանություն: Եվ եթե այդ տեղերում պատահական մարդ լինի, ուրեմն ձեր հետ կբանավիճեմ: Բոլորս էլ գիտենք` ով ինչպես է հայտնվում այդ ԾԻԳ-երի մրցույթներում, որոնց IQ-ն զրոյական է»,- ասաց պատգամավորը:

Դավիթ Հարությունյանը ճշտող հարց ուղղեց. «Կներեք, IQ-ն ի՞նչ էր»: «Ինտելեկտի դոզա»,- պատասխանեց Նաիրա Զոհրաբյանը:

Դավիթ Հարությունյանը շարունակեց, որ կոռուպցիայի դեմ սրբազան պայքարը դեռ չի ավարտվել, և այդ պայքարը պետք է մղեն բոլորը` միասին:

Անդրադառնալով ոստիկանության արտաբյուջեի վերաբերյալ` պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը, նա հիշեցրեց, որ կառավարությունն է դրան բացասական եզրակացություն տվել, ոչ թե ինքը` անձամբ, և ինքը ընդամենը կառավարության մեկ նախարար է: Ապա առաջարկեց Նաիրա Զոհրաբյանին` այդ հարցն ուղղել կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ:

Միաժամանակ նախարարը խորհուրդ տվեց հոռետեսորեն չտրամադրվել ԾԻԳ-երի նկատմամբ, քանի որ դրանք ստեղծվում են վարկային ծրագրերի շրջանակներում, և որ IQ-ն որևէ դերակատարում չունի աշխատողների ընդունելության հարցում` կարևորվում են մասնագիտական պահանջները:

Նաիրա Զոհրաբյանը IQ-ի հետ կապված դիտարկման հետ, միևնույն է, համաձայն չէր: «Գիտենք` ովքեր են անցնում ԾԻԳ-երում, որոնց IQ-ն բավականացնում է, որ սովորական սուրճը տարբերեն լուծվող սուրճից»,- ասաց նա: