Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել ենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի և կառավարության կողմից ներկայացված` կոռուպցիայի կանխարգելիչ հանձնաժողովի մասին և հարակից օրենքների նախագիծը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց Արփինե Հովհաննիսյանից` հնարավո՞ր է բանաձև գտնել, որպեսզի կոռուպցիայի կանխարգելիչ հանձնաժողովի մրցութային կազմում ներկայացված լինեն ընդդիմության ներկայացուցիչները:
«Պետք է անդրադառնամ կոռուպցիայի հանձնաժողովի ստեղծման կազմին: Խորհրդի կազմը բաղկացած է Մարդու իրավունքների պաշտպանի, Փաստաբանների պալատի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի, Հանրային խորհրդի կողմից նշանակված մեկական անդամից: Ֆելինիի երևակայությունը պետք է ունենանք, որ այս թվարկածս կառույցների մեծ մասին համարենք ապաքաղաքական և չեզոք կառույցներ: Իշխանության յուրիսդիկցիայի տակ գտնվող կառույցներ են: Առաջարկում եմ գտնել ձևակերպում, որպեսզի անդամ առաջարկեն, այսինքն` մրցութային խորհրդում ներկայացված լինեն նաև ընդդիմադիր քաղաքական ուժերը»,- հետաքրքրվեց Զոհրաբյանը:
Հովհաննիսյանը նշեց, որ հասկանում է Զոհրաբյանի մտահոգությունը, հայտնում է իր պատրաստակամությունը, ինչպես Զոհրաբյանն ասաց, գտնել ճիշտ բանաձևը: «Կքննարկվի կառավարության հետ, որովհետև սա համատեղության օրինագիծ է: Ես անձամբ ֆրակցիաների կողմից առաջադրման հանձնաժողովում ներկայացված լինելը համարում եմ բոլոր սկզբունքներին հակասող է, իսկ բանաձև գտնելուն կողմնակից եմ, աշխատենք օրուգիշեր, որպեսզի գտնենք բանաձև, որը երկուստեք ընդունելի կլինի երկու կողմերին»,- ասաց նա:
Զոհրաբյանն առաջարկեց, որ գուցե քաղաքացիական հասարակությունը քննարկի խորհրդարանական ընդդիմության հետ այս հարցը, և այդպես գտնվի ելքը, որ գոնե 18 թվականից հետո այնպիսի վերահսկողական կառույցներում, ինչպիսիք են Վերահսկիչ պալատը, Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովը և այլն, գոնե 18 թվից հետո ընդդիմության դերակատարումը լինի որոշիչ:
Հովհաննիսյանն էլ իր հերթին նշեց, որ հետաքրքիր մոդել առաջարկվեց, և որ ինքը պատրաստ է քննարկել դա բոլոր խորհրդարանական խմբակցությունների հետ, ապա նշեց, որ ընդդիմության դերակատարման բարձրացմանն ինքը դեմ չէ, բայց դա պետք է արվի ճիշտ ուղղությամբ, և այս մարմինները վերահսկողական դասական մարմին են, համարվում են գործիք ընդդիմության ձեռքին, բայց ոչ` ընդդիմության ներքո: