կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-19 12:44
Քաղաքական

Այդ ամենին տեղյակ լինելով՝ երբևէ դիմե՞լ եք դատախազին կամ այլ իրավապահ մարմնի. գլխավոր դատախազը՝ Նաիրա Զոհրաբյանին

Այդ ամենին տեղյակ լինելով՝ երբևէ դիմե՞լ եք դատախազին կամ այլ իրավապահ մարմնի. գլխավոր դատախազը՝ Նաիրա Զոհրաբյանին

Աժ-ն քննարկում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ԱԺ-ում հրապարակեց Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագիրը:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, դիմելով դատախազին, ասաց, որ այն, ինչ նա ներկայացրեց «մարադյոռ, զինվորի հաց գողացող, պետական դավաճան Մանվել Գրիգորյանի կյանքից», դա մեկ օրվա, մեկ ամսվա, մեկ տարվա հանցագործություն չէր:

«Հարցս հստակ է` ո՞ւր էիք դուք, ո՞ւր էր մեր իրավապահ համակարգը, երբ Մանվել Գրիգորյանը գողանում էր առաջնագծում կանգնած զինվորի հացը, երբ տարիներ շարունակ բանդա էր ստեղծել պետության մեջ՝ պատանդ վերցնելով ողջ Էջիմածինը, երբ Մանվել Գրիգորյանի շակալները սատկացնում էին բոլոր նրանց, ովքեր համարձակություն կունենային կանգնել Մանվել Գրիգորյանի շարասյան ճանապարհին»,- ասաց պատգամավորը, ապա հարցրեց, թե ե՞րբ է դատախազն իմացել, որ Մանվել Գրիգորյանը կատարել է իր իսկ թվարկած հանցագործությունները:

Դավթյանն ասաց, որ այդ մասին իմացել է 2018 թվականի հունիսի 5-ից, երբ, դատավարական օրենքով նախատեսված կարգով, սկսվեց այս դեպքով իրականացվել վարույթ:

Զոհրաբյանը շարունակեց էմոցիոնալ ելույթը. «Շատ տարօրինակ է: Տարիներ շարունակ մամուլը, էջիմածինցիները խոսում էին այն մասին, որ այդ կենդանին պատանդ է վերցրել էջմիածին քաղաքը, որ որևէ մեկն առանց Գրիգորյանի թուլաների թույլտվության իրավունք չուներ շնչելու և ապրելու, անգամ զավեշտը հասնում էր այնտեղ, որ Էջմիածնում ծնված երեխաներից շատերը պետք է կրեին Մանվել անունը: Սա ողբերգություն է, որ մենք ականատես ենք լինում, որ մարդը, ում տրվել է Արցախի ամենաբարձր կոչումը, լինի սովորական, պրիմիտիվ, էժանագին ջեբկիր»:

Գլխավոր դատախազը, անդրադառնալով պատգամավորի ելույթին, ասաց, որ կփորձի առանց էմոցիաների ներկայացնել: Նա պարզաբանեց, որ դեպքում իրավապահ համակարգը  կարող է վարույթ սկսել, ապա ասաց. «Իսկ ինչ վերաբերում է Ձեր կողմից հրապարակած տեղեկություններին, ինձ հարց հետաքրքրեց՝ Դուք, այդ ամեն ինչին տեղյակ լինելով, եթե այդ ամեն ինչի մեջ տեսել եք առերևույթ հանցագործության հատկանիշներ, որպես ԱԺ պատգամավոր, երբևէ դիմե՞լ եք դատախազին կամ այլ իրավապահ մարմնի, որպեսզի այդ փաստով իրականացվի վարույթ»: