կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-30 18:04
Հասարակություն

Նախկին ԲՀԿ-ական նախարարը դատի է տվել Նաիրա Զոհրաբյանին

Նախկին ԲՀԿ-ական նախարարը դատի է տվել Նաիրա Զոհրաբյանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը, ով հեռացվել էր ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանին քննադատելու համար, դիմել է դատարան՝ հեռացման որոշումը բողոքարկելու պահանջով։ Նա Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարան է դիմել մայիսի 16-ին, հայցադիմումն ընդունվել է վարույթ մայիսի 19-ին, դատական նիստը նշանակվել է հունիսի  16-ին:

«Նաիրա Զոհրաբյանի ցուցումով Ավանի տարածքային կառույցը, որը, կուսակցության կանոնադրությամբ, չունի այդպիսի իրավասություն, ապօրինի որոշում է կայացրել ինձ  կուսակցությունից հեռացնելու մասին` վկայակոչելով կուսակցության  կանոնադրության 10.11 կետը, որում նշված արարքներից որևէ մեկն իմ կողմից թույլ չի տրվել»,- նշեց Պետրոսյանը`հավելելով. «Իբրև թե կուսակցության պատիվը, արժանապատվությունը արատավորող ինչ-որ տեղեկություն եմ տարածել, կամ էլ իբրև  հանցագործություն եմ կատարել և այլն: Բացարձակ չկա նման բան, և, բնականաբար,  դատական քննության ընթացքում այդ հանգամանքները կդառնան քննարկման առարկա»:

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ երկու պահանջ է ներկայացրել.  «Իմ առաջին պահանջն է` անվավեր ճանաչել տարածքային կառույցի  ապօրինի որոշումը, երկրորդը` ինձ  վերականգնել` թույլատրելով կատարել  իմ կուսակցական պարտականությունները»:

Ըստ Պետրոսյանի`առաջին պահանջի բավարարումից հետո  հավանականությունը մեծ է, որ ինքն անձամբ գրի կուսակցության շարքերը լքելու դիմումը: Նա նշեց նաև, որ պատրաստ է մինչև վերջ գնալ ու հասնել անգամ Եվրոպական դատարան:

«Հետամուտ եմ լինելու, որ մեր երկրում ձևավորվի այնպիսի մշակույթ, որ ոչ  միայն ներկուսակցական դեմոկրատիա կոչվածը սահմանվի, այլ դա իրականում իրացվի, որ կուսակցությունը չլինի բռնապետական կառույց, որտեղ մեկ անձի խոսքը Սահմանադրության ուժ ունի: Թող ունենա Սահմանադրության ուժ, եթե այդ խոսքը մարմնավորում է մի քանիսի կարծիքը»,- ասաց նա` հավելելով, որ այս երևույթին ավելի հարմար անվանում, քան բռնապետությունն է, իրեն հայտնի չէ:

«Եթե մարդու կարծիքը չեն լսում, մարդուն չեն հրավիրում նիստի, և ընդամենը մեկ կարծիք, որը, կրկնում եմ, ուղղված չէ որևէ մեկին, այլ բացառապես նպատակ ունի կուսակցության բարի համբավը պաշտպանելուն` առանց այն էլ տարբեր առումներով խոցելի դարձած կուսակցության, և նա վերցնի` այդ մարդուն, առանց  հիմնավորված պատճառի, հեռացնի կուսակցությունից, անընդունելի է:  Էլ ի՞նչ կարելի է անվանել դա, եթե ոչ բռնի գործողություն, բռնապետական վարքագիծ»,- ասաց Պետրոսյանը` ընդգծելով, որ երկու անգամ դիմել է Նաիրա Զոհրաբյանին, բայց անարդյունք է եղել:

«Մարտի 16-ին և մարտի 30-ին խնդրեցի գրավոր հայտնել իրական պատճառը, ոչ թե հղում անել կուսակցության կանոնադրությանը: Երկու դիմումս էլ մերժվեց, չտրամադրեցին նաև որոշման պատճենը»,- նշեց նա և հավելեց. «Եթե ԲՀԿ-ն այլ մարդ ղեկավարի, չեմ լքի կուսակցության շարքերը»: