Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վաղը «Թանգարանային գիշեր» ամենամյա միջոցառման շրջանակներում «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում տեղի կունենա քանդակագործ Արտաշես Հովսեփյանի հեղինակած «Սասունցի Դավիթ» որմնաքանդակի բացումը:
1980-ականներին, երբ Կասկադը դեռ կառուցման փուլում էր, ճարտարապետ Ջիմ Թորոսյանը (1926-2014) համալիրի սրահներից մեկը ձևավորելու առաջարկով դիմել է քանդակագործ Արտաշես Հովսեփյանին: Արվեստագետը չորս վարպետների հետ չորս տարի շարունակ աշխատել է այն սրահում, որն այսօր կրում է «Սասունցի Դավիթ» անունը: Ազգային էպոսի թեման միշտ էլ հատուկ հետաքրքրություն է ներկայացրել քանդակագործի համար: Դեռևս «Սասունցի Դավիթ» կայարանի ստորգետնյա ճեմասրահը զարդարող տուֆակերտ որմնաքանդակներում նա անդրադարձել է ազգային դյուցազնավեպին. «Ջոջ Մհեր», «Մանուկ Դավիթն ու Քուռկիկ Ջալալին», «Դավիթը՝ հովիվ», «Փոքր Մհեր» և այլ աշխատանքներն ուշադրություն են գրավում կոմպոզիցիոն միասնական, դեկորատիվ-ռիթմիկ պարզ դասավորությամբ և մոնումենտալ-ոճավոր սիմվոլիկ ձևերով:
«Սասունցի Դավիթ» սրահի բազմաֆիգուր ծավալուն ստեղծագործությունը, որ պատկերում է հայկական էպոսի երեք տասնյակից ավելի դրվագներ, ականավոր հայ նկարիչ Հակոբ Կոջոյանի (1883-1959) «Սասունցի Դավիթ» գրաֆիկական հայտնի աշխատանքի (1922, 47x59 սմ, Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածու) քանդակային տարբերակն է: 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից, ապա և Խորհրդային միության փլուզումից հետո տուֆակերտ որմնաքանդակն անավարտ է մնացել:
Արտաշես Հովսեփյանը ծնվել է 1931 թվականի հունիսի 22-ին Հայաստանի Սառնակունք գյուղում (Սյունիքի մարզ): 1954 թվականին Հովսեփյանն ընդունվել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, որի երկրորդ կուրսից նրան տեղափոխել են Լենինգրադ (ներկայիս Սանկտ-Պետերբուրգ)՝ ուսանելու Իլյա Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտում, որը նա ավարտել է 1961 թվականին: 1989 թվականին քանդակագործն արժանացել է արվեստի վաստակավոր գործչի կոչման:
Արտաշես Հովսեփյանի առավել հայտնի աշխատանքների թվին է պատկանում մեծանուն հայ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանը (1974, ճարտարապետ՝ Սեդա Պետրոսյան), որը գտնվում է Երևանի կենտրոնում՝ նշանավորելով Գաֆէսճեան քանդակների պարտեզի մուտքը: Այս ստեղծագործությունը վարպետը հեղինակել է՝ հաղթելով ճարտարապետի հուշարձանի համար հայտարարված մրցույթում, որտեղ արժանացել է թե առաջին, թե երկրորդ մրցանակներին: