կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-14 12:09
Քաղաքական

«Այս պահին շեշտը պետք է դրվի խաղաղության ու կայունության պահպանման վրա». ի՞նչ սպասել Սարգսյան-Ալիեւ հնարավոր հանդիպումից

«Այս պահին շեշտը պետք է դրվի խաղաղության ու կայունության պահպանման վրա». ի՞նչ սպասել Սարգսյան-Ալիեւ հնարավոր հանդիպումից

ՄԽ համանախագահներն աշխատում են մայիսի 16-ին Վիեննայում կազմակերպել Սարգսյան-Ալիև հանդիպումը: Yerkir.am-ի հետ զրույցում  ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն ասաց, որ հանդիպումն, իհարկե, ինքնանպատակ չի կարող լինել, և ակնկալվում է, որ այն արդյունավետ կլինի: Նրա խոսքով` Հայաստանի նախագահը նշել է այն պայմանները, որոնց դեպքում կարող են վերսկսել բանակցությունները: Այդ նույն պայմանների մասին խոսում են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները` իրենց հայտարարություններում:

«Ակնկալել, որ այս հանդիպմանը քաղաքական ինչ-որ խնդիրներ են քննարկվելու` վերջնական կարգավորման հետ կապված կարևորագույն խնդիրներ` սահմաններ, կարգավիճակի հարց և այլն, իհարկե, դա այդպես չէ: Այս պահի դրությամբ հիմնական շեշտը պետք է դրվի կարևորագույն մի օղակի` խաղաղության ու կայունության պահպանման և այս համատեքստում` համապատասխան մեխանիզմների ներդրման վրա: Այդ հարցը միայն կարող է քննարկվել, որովհետև առանց խաղաղության ու կայունության պահպանման, հնարավոր չէ առաջ ընթանալ: Հայաստանը և Արցախը բազմաթիվ անգամ առաջարկել են կոնկրետ քայլեր, հիմա էլ մեխանիզմներ պետք է ներդրվեն, որոնք կֆիքսեն խախտումների ժամը, օրը, վայրը, որպեսզի հետո այն կողմը, որը խախտել է, պատասխանատվություն կրի: Սա գործընթաց է, որը կարող է շատ երկար տևել, բայց դա շատ անհրաժեշտ գործընթաց է, պետք է արդեն սկսել»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ այս գիշեր Ադրբեջանի կողմից վերսկսված արկակոծումը կապված է Սարգսյան-Ալիև սպասվող հանդիպման հետ, նա պատասխանեց, որ Ադրբեջանն ահաբեկչական պետություն է, և միշտ էլ այդպիսի պահվածք է ցուցաբերում: Այս գիշեր Ադրբեջանը խախտել է զինադադարը` շփման գծի ամբողջ երկայնքով կրակ բացելով:

«Սա նաև վախից է գալիս, որովհետև նրանք, կրելով այդպիսի կորուստներ, սարսափած են և, կրակ բացելով, փորձում են կոմպենսացնել այդ հսկայական կորուստները: Սա հոգեբանական ազդակ է, թե ադրբեջանական կողմում ամեն ինչ կարգին չէ»,- ասաց Բաբայանը:

Այս գիշեր հայկական կողմն ունեցել է մեկ ծանր վիրավոր: Հարցին, թե ի՞նչ վիճակում է զինվորը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Բժիշկներն ամեն ինչ անելու են: Հույս ունենք, որ մեր հերոսը կապաքինվի»: