կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-19 10:18
Հասարակություն

Ինչ սպասել Սարգսյան-Ալիեւ հնարավոր հանդիպումից․ ՀԺ

Ինչ սպասել Սարգսյան-Ալիեւ հնարավոր հանդիպումից․ ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեկամյա ընդմիջումից հետո առաջին անգամ լրջորեն քննարկվում է ԼՂ հարցով նախագահների մակարդակով նոր հանդիպում կազմակերպելու հարցը: Սարգսյան-Ալիեւ վերջին հանդիպումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում, անցյալ տարվա հունիսին 20-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ:

Այս մեկ տարվա ընթացքում միջազգային միջնորդներն ամեն կերպ փորձում էին Սարգսյանին եւ Ալիեւին կրկին մեկ սեղանի շուրջ նստեցնել, սակայն ապարդյուն: Մեծ դժվարությամբ էր հնարավոր լինում անգամ կազմակերպել երկու երկրների արտգործնախարարների՝ այս մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած երկու, թե երեք հանդիպումները: Այնպես որ, հաջողություն էր համարվում անգամ Էդվարդ Նալբանդյանին եւ Էլմար Մամեդյարովին նույն սեղանին շուրջ նստեցնելը:

ԼՂ հարցով բանակցությունները վերսկսելու համար Սերժ Սարգսյանը նախապայմաններ ներկայացրեց դեռեւս ապրիլյան պատերազմի օրերին, ապրիլի 5-ին ՀՀ-ում օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ: Իսկ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում արձանագրվեց, որ առաջնահերթ պետք է վստահության մեխանիզմներն ամրապնդվեն՝ շփման գծում հետաքննության մեխանիզմներ ներդրվեն, դիտորդների թվաքանակն ու նրանց տեղակայման վայրը փոխվեն: «Մենք բանակցենք, իսկ այնտեղ կրակեն, որտե՞ղ եք տեսել այդպիսի բանակցություններ»,- խնդրի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն այսպես հիմնավորեց Սերժ Սարգսյանը հարցազրույցներից մեկում:

Ու քանի որ Ադրբեջանը մշտապես խոչընդոտում էր Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կյանքի կոչմանը, բարձր մակարդակով հանդիպման շուրջ որեւէ լուրջ գործընթաց չէր նախաձեռնվում:

Եթե առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հավանականության մասին խոսեին միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ու համանախագահող երկրների ներկայացուցիչները, դեռ կարելի էր մտածել, որ դա ընդամենը ցանկություն է: Բայց մի քանի այլ հանգամանքներ հուշում են, որ այս անգամ գործ ունենք կոնկրետ գործընթացի հետ, որը, եթե ֆորս մաժորներ չլինեն, կունենա նաեւ կոնկրետ արդյունք:

Նախ՝ Ալիեւի հետ հանդիպելու մասին դրական խոսեց անձամբ Սերժ Սարգսյանը: «Նրանք (ԵԱՀԿ ՄԽ համանախագահները-հեղ.) հարցրեցին բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու վերաբերյալ ﬔր դիրքորոշման մասին, ﬔնք պատասխանեցինք հետևյալը. առանձնապես ակնկալիքներ չունենք այդպիսի հանդիպուﬓերից, որովհետև այդպիսի հանդիպուﬓերը պետք է նախապատրաստվեն, իսկ նախապատրաստական աշխատանքը ենթադրում է կոնկրետ առաջարկությունների մասին դիրքորոշում, այդ աշխատանքը չկա, բայց, այնուհանդերձ, ﬔնք դեմ չենք որևէ հանդիպման և մշտապես պատրաստ ենք հանդիպելու»,- հուլիսի 17-ի «Ռ-էվոլյուցիայի» հարցազրույցում ասաց Սարգսյանը:

Դրանից մի քանի օր անց Սոչիում Վլադիմիր Պուտինն «առանց փողկապի» զրույց ունեցավ  Իլհամ Ալիեւի հետ: Ըստ ԶԼՄ-ների, այդ հանդիպումը նախապես ծրագրված չի եղել, եւ Վլադիմիր Պուտինը վերջին պահին է Ալիեւին հրավիրել Սոչի: Ողջունելով Ադրբեջանի նախագահին, Վլադիմիր Պուտինը նշել է իրենց զրույցի թեման. «Տարածաշրջանում իրավիճակը պարզ չէ, հույս ունեմ մեր այսօրվա հանդիպման ընթացքում կկարողանանք բոլոր դժվար հարցերի լուծումները գտնել»,- ասել է ՌԴ նախագահը:  Բնականաբար, խոսքը ԼՂ հիմնահարցի մասին է, որի օրակարգային խնդիրը բանակցությունները վերսկսելն է:

Դրանից հետո ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը անդրադարձավ թեմային: Հայկական եւ ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցներում նա հայտարարեց, որ պետք է որքան հնարավոր է շուտ կազմակերպվի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ընդգծեց Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման կարեւորությունը: «Անհրաժեշտ է շփման գծից և սահմանամերձ գոտուց հետ քաշել դիպուկահարներին, ավելացնել դիտորդների թիվը և տեղադրել հատուկ սարքավորումներ»,- ասաց նա:

Իսկ երեկ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան բրիֆինգի ժամանակ հայտարարելով, որ համանախագահներն այժմ աշխատում են Սարգսյան-Ալիեւ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, ասաց, որ ՌԴ-ն մշտապես աջակցել է ղարաբաղյան գոտում լարվածության թուլացման քայլերին, որոնք քննարկվել են Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ժամանակ: «Մեր կողﬕց անում ենք հնարավորը, որպեսզի կայունացնենք իրավիճակը, ստեղծենք պայմաններ բանակցային գործընթացի շարունակության համար»,- ասել է Զախարովան:

Այս բոլոր հայտարարությունները, իհարկե, փոխկապակցված են եւ, ըստ էության, այն նախապատրաստական աշխատանքն են, որի մասին «Ռ-էվոլյուցիայի» եթերում խոսում է Սերժ Սարգսյանը: Նա նաեւ ասում է, որ այդ աշխատանքը ենթադրում է կոնկրետ առաջարկի վերաբերյալ դիրքորոշում: Չենք կարող ասել, թե հատկապես որ առաջարկը նկատի ունի Սարգսյանը, սակայն այս պահին առնվազն ակնհայտ է, որ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի դիրքորոշումն այն է, որ սպասվող հանդիպման օրակարգում պետք է վստահության մեխանիզմները լինեն: Իհարկե, այս հարցում կարեւորն Ադրբեջանի դիրքորոշումն է, որը, վստահ ենք, հստակեցվել է Սոչիում՝ Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

Երեկ Մարիա Զախարովան նաեւ ասել է, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ շրջանակներում սպասվող Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո նախագահների մակարդակով հանդիպման մասին հայտարարություն կարվի: Զախարովան նկատի ունի հայտարարություն, որ կոնկրետություն կպարունակի Սարգսյան-Ալիեւի հանդիպման մասին:

Ռուսական կողմի վստահությունը հեռավոր հույսեր է առաջացնում, որ Ադրբեջանի դիրքորոշումը հնարավոր է եղել մոտեցնել Հայաստանի եւ ՄԽ համանախագահության դիրքորոշմանը: Իսկ եթե այս ամբողջ նախապատրաստական աշխատանքներից հետո բարձր մակարդակով բանակցություններն ապասառեցվեն, ապա պետք է սպասել շփման գծում որեւէ լուրջ, դրական տեղաշարժի»: