Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել նոր աղմկահարույց գաղափար, ըստ որի՝ 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է սեփական եկամուտները պարտադիր հայտարարագրեն: Հայտարարագրման արդյունքում կորոշվի՝ քաղաքացին ունի՞ հարկման ենթակա եկամուտ, թե՞ ոչ: Ըստ այդմ` նախատեսվում է, որ տարեկան 23 տոկոս հարկ պետք է վճարեն պետությանը, օրինակ, խոպանից փող ստացողները:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ սա կարևոր նախաձեռնություն է, բայց այսօր դրա ժամանակը չէ, այսինքն` չպետք է միայն խնդիր դրվի, որ այդ եկամուտները պետք է հարկվեն: Մինասյանի խոսքով` այսօր պետք է խնդիր դրվի, որ հստակ իմանանք` ինչ եկամուտների մասին է խոսքը: «Առաջնային փուլում դրանք պետք է հարկազատում ունենան, որպեսզի դրանց մուտքը նորմալ լինի: Դա սոցիալական քաղաքականության տեսակետից էլ է կարևոր, որպեսզի իմանաս` ով ինչ եկամուտ ունի, որ դրան համապատասխան նպաստի կամ այլ աջակցման քաղաքականություն տանես: Գաղափարը վատը չէ, բայց այս իրավիճակում ժամանակավրեպ է»,- ասաց նա:
Մինասյանի հավաստմամբ` նախ պետք է հանրային քննարկումներ լինեն, նպատակադրումները պարզ լինեն, հստակ չափորոշիչներ սահմանվեն:
Մեր հարցին, թե արդյո՞ք այս կերպ արդար հարկման խնդիրն է լուծվում, նա պատասխանեց, որ մեծ հաշվով` այո: «Դու պետք է խթանես, որ այլ երկրներում աշխատած եկամուտները հոսեն Հայաստան, այսինքն` հարկման առանձնահատկություններ պետք է սահմանվեն, որպեսզի շահագրգռվի այդ մարդը: Պետք է Հայաստան ուղարկվելիք գումարը լինի ոչ միայն ծախսերի համար, այլև ներդրումային գումար դառնա, որը պետք է նաև եկամուտներ խոստանա սեփականատիրոջը»,- նշեց Մինասյանը:
Նա իր խոսքն ամփոփեց` ասելով, որ այս պահին օրենքի նախագիծը հանրային լուրջ քննարկումների փուլ պետք է անցնի` բոլոր հնարավոր ռիսկերը կանխարգելելու համար: