կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-01 12:44
Քաղաքական

Փաշինյան-Ալիև հանդիպումից պետք չէ դարակազմիկ արդյունքներ սպասել. Ռուբեն Ռուբինյան

Փաշինյան-Ալիև հանդիպումից պետք չէ դարակազմիկ արդյունքներ սպասել. Ռուբեն Ռուբինյան

Պետք չէ այս հանդիպումից դարակազմիկ արդյունքներ սպասել. ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողներին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպմանը։

«Կարևոր էր, որ սա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ֆորմատով առաջին հանդիպումն էր ղեկավարների միջև: Կարևոր էր նաև, որ մեր կողմից վերջին ամիսներին թարմ մոտեցումներ հնչեցին: Հենց այս համատեքստում տեղի ունեցավ հանդիպումը»,- ասաց պատգամավորը՝ տեղեկացնելով, որ սա սպասվելիք մի շարք հանդիպումների մի մասն էր։

«Հնարավո՞ր է, որ քննարկվել է նոր փաստաթուղթ մշակելու հնարավորությունը» հարցին Ռուբինյանը պատասխանեց. «Նոր փաստաթուղթ այս պահին չի մշակվում, ինչը տրամաբանական է, որովհետև այս պահին չկա հստակ բովանդակային փուլ, կողմերը խոսում են բանակցություններից, միմյանց ընկալումներից»։

Հարցին, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ չէ՞ր խոսվում Մադրիդյան երեք սկզբունքների և այն վեց տարրերի մասին, որոնց մասին ՀՀ-ն խոսել էր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ասաց. «Այդ հարցը պետք է տանք վարչապետին, բայց տրամաբանորեն դա պետք է քննարկված լինի։ Պետք չէ ակնկալել, որ մի հանդիպման ընթացքում այդ ամենը քննարկվի»։

Անդրադառնալով այն բանին, թե ի՞նչ բնույթ պետք է կրի Հայաստանի և Ադրբեջանի համատեղ աշխատանքը հումանիտար ոլորտում, Ռուբինյանն ասաց. «Հումանիտար աշխատանքների մասին վարչապետը նշել է օրինակներ Վիեննայում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում։ Դրանք պետք է մշակվեն, և հստակություն այս պահին չկա, բայց խոսքը հավասարաչափ երկկողմանի հումանիտար ակցիաների մասին է, որոնք միտված պետք է լինեն փոխվստահության մակարդակի բարձրացմանն ու բանակցությունների համար անհրաժեշտ համապատասխան խաղաղության մթնոլորտ ստեղծելուն»