կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-04 11:31
Քաղաքական

Ի՞նչ սպասել Սարգսյան-Ալիեւ հնարավոր հանդիպումից. պատերազմի կրկնությունից ապահովագրված չենք

Ի՞նչ սպասել Սարգսյան-Ալիեւ հնարավոր հանդիպումից. պատերազմի կրկնությունից ապահովագրված չենք

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո երեկ հանդես են եկել հայտարարությամբ, որում տեղեկացվում է առաջիկայում՝ այս ամսվա ընթացքում, նախագահների մակարդակով հանդիպման մասին:

Yerkir.am-ը քաղաքագետ Տիգրան Աբրահամյանի հետ զրույցում փորձեց պարզել, թե ի՞նչ ակնկալիքներ կարող են լինել, եւ, ի վերջո, ի՞նչ փուլում է բանակցային գործընթացը: Ըստ նրա` որպես այդպիսին, բանակցություններ չկան. ինչպես Վիեննայում, այնպես էլ առաջիկայում կայանալու է հանդիպում՝ ուղղված շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրմանն ու ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը:

«Միայն այս ուղղությամբ աշխատանքներում արձանագրվող արդյունքները հնարավորություն կտան անհրաժեշտ հիմքեր ստեղծելու բանակցություններին վերադառնալու համար: Այնպես որ` ակնկալիքների մասին խոսելը դեռ վաղ է, բանակցությունների հնարավոր կլինի անդրադառնալ, երբ Ադրբեջանը կատարի Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները ու իրական կամք դրսևորի գործընթացում առաջ շարժվելու համար»,- ասաց Աբրահամյանը:

Մեր դիտարկմանը, որ Ադրբեջանից հնչող հայտարարությունները բազմիմաստ են, ու այնքան էլ պարզ չեն Ադրբեջանի մոտեցումները բանակցային գործընթացին, ինչպես նաև համանախագահների ներկայացրած առաջարկներին, արդյո՞ք կարելի է լուրջ ակնկալիքներ ունենալ առաջիկա հանդիպումից, քաղաքագետն արձագանքեց, որ պաշտոնական Բաքվի հայտարարությունները կանխատեսելի էին ու տեղավորվում էին մինչ այդ տարվող քաղաքական-քարոզչական գծի շրջանակներում:

«Չեմ կարծում, թե Ադրբեջանը լրջորեն զբաղված է` բանակցությունների վերսկսման համար պարարտ հող ստեղծելով, հակառակը` Ադրբեջանում առավել ագրեսիվ ձևով է պատերազմի քարոզչություն իրականացվում: Պատահական չէ, որ ադրբեջանական հասարակության մի զգալի հատված հակված է խնդրի` ռազմական ճանապարհով կարգավորմանը, որովհետև նույն այդ հասարակությանը «ներարկում» են, որ ադրբեջանական բանակը հեշտորեն ուժով կարող է լուծել Ղարաբաղի հարցը: Ադրբեջանական հասարակության` գրեթե համատարած զոմբիացում հիշեցնող այս գործընթացը խիստ անհանգստացնող է ու մեզ անընդհատ «հիշեցնում է», որ պատերազմի կրկնությունից, մեղմ ասած, ապահովագրված չենք»,- նշեց Աբրահամյանը: