Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել այցով Հայաստանում գտնվող Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։ Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված ձևաչափով։
Նախարարներն անդրադարձ են կատարել դարավոր բարիդրացիական կապերով միահյուսված hայ-իրանական համընդգրկուն հարաբերություններին՝ ընդգծելով, որ վերջիններիս հիմքում ընկած փոխադարձ վստահությունն ու հարգանքը տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու գրավականն են:
Անդրադառնալով բազմաոլորտ փոխգործակցության հեռանկարներին՝ Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների միջև ձևավորված համագործակցության և այն առավել ընդլայնելու երկուստեք պատրաստակամության առնչությամբ, ինչի մասին են վկայում բարձրաստիճան փոխայցելությունները, ոլորտային ներկայացուցիչների միջև պարբերական դարձած փոխշփումները և միջգերատեսչական խորհրդակցությունները:
«Հայաստանը կարևորում է Իրանի հետ առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, սերտ առևտրատնտեսական կապերը, համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Վերջին շրջանում բավական ակտիվ են շփումները մեր երկրների ոլորտային ներկայացուցիչների միջև», - նշել է նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:
Նախարարներ Արա Այվազյանը և Մոհամմադ Ջավադ Զարիֆը հանգամանալից քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ։ Ներկայացնելով ՀՀ սահմանամերձ որոշ մարզեր ադրբեջանական զորամիավորումների ներթափանցման հետևանքով ստեղծված իրադրությունը՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծել է ՀՀ ինքնինշխան տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգության անընդունելիությունն ու անթույլատրելիությունը: Արա Այվազյանը նշել է, որ Ադրբեջանի սադրիչ գործողությունները ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղակի հետևանք են անցյալ տարվա սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման և կյանքի իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությունը վտանգելու գործողությունների նկատմամբ ոչ համարժեք միջազգային և տարածաշրջանային արձագանքի։
Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային կայունության և խաղաղության պահպանման խիստ հրամայականը: