Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից լրագրողները հետաքրքրվեցին վարչապետի այն ուշագրավ հայտարարության մասին, որ պետք է անցնել խնայողական ռեժիմի, գործնականորեն պայքարել մենաշնորհների ու կոռուպցիայի դեմ, կրճատել պետական ապարատը, ստեղծել խաղի հավասար կանոններ:
Հարցին, թե երբվանի՞ց են ստեղծվելու խաղի հավասար պայմանները, նախարարը պատասխանեց, որ վարչապետն արդեն հանձնարարական է տվել ՊԵԿ նոր նախագահին, ով պետք է հավասար մրցակցային պայմանների ապահովումն իր ուշադրության կենտրոնում պահի:
Ինչ վերաբերում է պետական ապարատի կրճատման հանձնարարականին, և թե ինչպե՞ս են որոշելու՝ որ ՊՈԱԿ-ը կամ գերատեսչությունը պետք է կրճատել, և արդյո՞ք կրճատումների գնալը կոռուպցիոն ռիսկեր չի պարունակում, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ, կոռուպցիոն ռիսկերի տեսակետից, ցանկացած տեղաշարժի դեպքում էլի կարելի է մտածել` արդյո՞ք դրա մեջ կոռուպցիոն ռիսկ չկա:
«Իսկ թե ինչպե՞ս ենք որոշելու որ ՊՈԱԿ-ը կամ մարմինը պետք է կրճատել, քննարկումների արդյունքում ենք որոշելու, որովհետև չկա մի բանաձև, չկա մի իմաստուն, որը կտա պատրաստի մեխանիզմ: Յուրաքանչյուր հարց պետք է ուսումնասիրվի, առանց ուսումնասիրելու` հնարավոր չէ խնդիրներ լուծել: Կրճատումներն էլ լուրջ հարց են և պետք է ուսումնասիրվեն: Իհարկե, կան անարդյունավետ ՊՈԱԿ-ներ, անգամ` անարդյունավետ դպրոցներ, ու հարցերը շատ են՝ փակե՞լ այդ դպրոցները, թե՞ ոչ: Բազմաթիվ մշակութային ՊՈԱԿ-ներ կան, կարող ենք նահանջել ու քայլ չկատարել, բայց արդյունքում տեսնել հայկական գորգերը, որոնք ներկայացվում են այն պատճառով, որ մեկ այլ երկրում էլ կա ՊՈԱԿ, որը դրա վրա է աշխատում, և հայկական գորգերն այլ երկրի անվան տակ են ներկայացվում: Պե՞տք է դրա դեմ պայքարել, իհարկե, պետք է: Արդյունավե՞տ է, արդյոք, այդ ՊՈԱԿ-ը, մշակութային առումով՝ շատ արդյունավետ է, բայց տնտեսական առումով՝ ոչ»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք կկրճատվեն քաղծառայողներ: Նախարարը պատասխանեց, որ քաղծառայողներին կրճատելը արդյունավետ ճանապարհ չէ: Ըստ նրա՝ քաղծառայողներին կրճատելը գուցե պոպուլիստական առումով գեղեցիկ հնչի, սակայն իրականում պետք է ավելի շատ մտավոր ռեսուրսներ դրվեն քաղծառայության համակարգում:
«Կոնկրետ ինձ վրա եմ օրինակ բերում: Այն աշխատակազմը, որի հետ ես աշխատում եմ, սպասարկում է կառավարությանը: Որպես նախարարի` իմ գործունեությունը սպասարկում է ընդամենը երեք հոգի՝ երկու խորհրդական և մեկ օգնական: Հիմա պե՞տք է կրճատել այդ երեք հոգուն, իհարկե՝ ոչ, դեռ պետք է ավելացնել նրանց թիվը, որովհետև մտավոր աշխատանքը, որն անհրաժեշտ է արդյունքի հասնելու համար, պահանջում է լուրջ մտավոր ռեսուրս»,- ասաց Դավիթ Հարությունյանը: