կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-16 19:29
Հասարակություն

Ճգնաժամի առաջին եռամսյակը առանց աշխատատեղերի կրճատումների. «Գալաքսի» ընկերությունների խումբ

Ճգնաժամի առաջին եռամսյակը առանց աշխատատեղերի կրճատումների. «Գալաքսի» ընկերությունների խումբ

«Գալաքսի» ընկերությունների խումբն այսօր հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի’ թիմակիցներ,

«Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող ընկերությունների նվիրված աշխատակիցներ:

Այսօր համաշխարհային տնտեսությունը պանդեմիայով պայմանավորված ծանրագույն փորձությունով է անցնում։ Իրավիճակը քայքայիչ է հատկապես վաճառքի և սպասարկման ոլորտի համար, որից անմասն չենք նաև մենք ու «Գալաքսիի» կազմում հանդես եկող ընկերություններն արդեն իսկ զգալի կորուստներ ունեն։ Ի հավելումն, կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամի, «Գալաքսի» ընկերությունների խումբը ոչ իրավաչափ գործընթացների միջով է անցնում, փորձեր են կատարվում ընկերությունների խմբի ամբողջականությունը խաթարել, անօրինական հետապնդման են ենթարկում ընկերության հիմնադիրներին՝ բիզնեսի կայունության երաշխավորներին, ինչը, անխոս, շատերիդ մոտ կրկնակի անհանգստության պատճառ է դարձել։

Այս ուղերձը չի կարող փարատել ձեր բոլոր անհանգստությունները։ Սակայն եռամսյակի ամփոփումը և արդեն իսկ արձանագրված փաստական արդյունքները կփոխանցեն ձեզ մեր վստահությունն ու ամրությունը՝ հաղթահարելու «Գալաքսիի» երբևէ ամենադժվար ճգնաժամը պատվով ու թիմի ամբողջականությամբ։ Այդ առումով, կարևոր ենք համարում ընդգծել.

Պանդեմիայով պայմանավորված տնտեսվարողների գործունեության սահմանափակումների առաջին եռամսյակը (մարտի 15-հունիսի 15) ամփոփում ենք առանց թիմերի ամբողջականության վնասման։ Մեր կամային որոշումն էր անել անգամ անհնարինը, որ ընկերությունների խմբի ոչ մի աշխատակից, ով իրավիճակով պայմանավորված հարկադիր պարապուրդի է մատնված, դուրս չմնա համակարգից և այն ապահովելու համար հատկացրել ենք ընդհանուր առմամբ մոտ 200,000,000 ՀՀ դրամ լրացուցիչ միջոց աշխատավարձային ֆոնդի համար։

Պանդեմիայով և «Գալաքսի» ընկերությունների խմբի նկատմամբ իրականացվող ոչ իրավաչափ գործողություններով պայմանավորված մենք ստիպված ենք եղել դադարեցնել ու կրճատել բոլոր զարգացման ծախսերը՝ ճգնաժամին դիմակայելու համար։ Սա, անխոս, ծանր, բայց անհրաժեշտ որոշում էր։

Ի հեճուկս հանգամանքների, մենք շարունակել ենք մեր ջանքերը ներդնել՝ ապրանքների ու ծառայությունների միջոցով օգնել մեր պետությանը՝ սոցիալական պատասխանատվության ծրագրեր իրականացնելով հատուկ կարիքներ ունեցող մեր շահառուների և նրանց ընտանիքների համար, բնականաբար առանց գովազդման։ Սա մեր պարտքն ու պատասխանատվությունն է մեր երկրի ու ժողովրդի առաջ, ուստի սոցիալական պատասխանատվության ծրագրերի դադարեցում չի նախատեսվում անկախ ամեն ինչից։ 

Սիրելի թիմակիցներ, այսօր մենք անցնում ենք փորձություններով լի ժամանակներով, և շարունակելու ենք դժվար որոշումների առաջ կանգնել։ Կարևոր է, որ հիշեք՝ նախևառաջ մարդը, հետո բիզնեսը. մեր բոլոր որոշումները բխելու են թիմի շահերից և երկրի բարօրությունից։ Ողջամտություն ու առողջություն բոլորիս»։