Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դպրոցների օպտիմալացման ժամանակ կրճատումների թիվը չի կարող մի քանի հարյուր մարդուց ավելի լինել` ամբողջ հանրապետությունում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Նա հավաստիացրեց, որ կրճատումների հետ կապված մեծ թվերը, որ շրջանառվում են` հաճախ 3000 ուսուցչի մասին է խոսք գնում, չեն համապատասխանում իրականությանը: «Մենք քաղաքային դպրոցների հիմնախնդիր ունենք` 30 տոկոս գերբեռնված և նույնքան էլ թերբեռնված դպրոցներ: Մեր ամբողջ կրթական քաղաքականությունը պետք է հանգի նրան, որ դպրոցը սկսի աշխատել մինչև ժամը 3-4-ը: Այսինքն` եթե մենք սկսենք մտածել` ինչպես անել, որ երկրորդ հերթը բեռնաթափելիս վերաբեռնավորենք մյուս դպրոցները, չեմ կարծում, որ ուսուցիչների` մեծ թվով կրճատումներ կլինեն: Տեսեք` խոսքը գնում է ավելի հավասարաչափ բաշխելու և դպրոցների զարգացման ավելի համալիր ծրագիր ունենալու մասին»,- ասաց Մկրտչյանը:
Նա նշեց նաև, որ եթե լինեն փակվող դպրոցներ, օրինակ` եթե Երևան քաղաքում կա դպրոց, որը 40 աշակերտ ունի, իսկ մի քանի հարյուր մետրի վրա մեկ այլ դպրոց է գործում, ապա երբ դպրոցներից մեկը փակվի, կփորձեն յուրաքանչյուր ուսուցչի խնդիրը կարգավորել: «Եթե չենք կարողանա նրանց աշխատանքով ապահովել, պետք է փոխհատուցում տրամադրենք: Եթե փակվող դպրոցներ լինեն, սա կարևոր պայմաններից մեկը կլինի»,- նշեց նախարարը:
Ըստ նրա` օպտիմալացման ժամանակ առաջինը փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցների խնդիրը պետք է լուծեն, բայց, միաժամանակ, պետք է հաշվի առնեն նաև տարածքային առանձնահատկությունները` կարողանալով երեխայի կրթությունն ապահովել հենց իր բնակավայրում:
ԿԳ նախարարը տեղեկացրեց նաև, որ այժմ մշակում են ՀՀ-ի դպրոցական համակարգի զարգացման համալիր ծրագիրը, ըստ որի` հիմնական դպրոցները պետք է ծանրաբեռնված լինեն ամենաքիչը 300 աշակերտով: Սա, Մկրտչյանի համոզմամբ, այն մինիմալ թիվն է, որի դեպքում դպրոցը կարող է լիարժեք աշխատել: «Դրան հասնելու ինչ ճանապարհ ունենք. յուրաքանչյուր դպրոց պետք է հասկանա` ինչպես պետք է ինքն իր հզորություններն ուժեղացնի, որ տարիների ընթացքում ինքն իրեն հասնի դրան: Այն դպրոցները, որոնք գերբեռնված են, նույնպես որակի անկում ունեն, սակայն այստեղ էլ առկա է հետևյալ փաստը` դպրոցն անուն ունի, և ծնողն ուզում է, որ երեխան հենց այդ դպրոցում սովորի: Այս դեպքում մենք կարող ենք լրացուցիչ կորպուսներ տրամադրել դպրոցին»,- ասաց ԿԳ նախարարը: