Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի շուրջ մի քանի ամիս շարունակ կառավարությունում քննարկումներ էին, hասավ խորհրդարան։ Այս նախագծով նախատեսվում է կառավարության կազմում կատարել օպտիմալացումներ, կրճատել նախարարությունների թիվը, ինչպես նաև` աշխատակիցներին։
ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Հիշեցնենք, որ նախատեսվում է 17 նախարարությունների փոխարեն ունենալ 12-ը՝
1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
2) առողջապահության նախարարություն,
3) արդարադատության նախարարություն,
4) արտակարգ իրավիճակների նախարարություն,
5) արտաքին գործերի նախարարություն,
6) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,
7) շրջակա միջավայրի նախարարություն,
8) պաշտպանության նախարարություն,
9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,
10) բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն (Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն էր),
11) Էկոնոմիկայի նախարարություն,
12) ֆինանսների նախարարություն:
Սփյուռքի նախարարությունը կմիավորվի վարչապետի աշխատակազմին, և կստեղծվի Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտ։ Սփյուռքի նախարարության աշխատակիցները կտեղափոխվեն վարչապետի աշխատակազմ, բայց, նախարարի խոսքով, մի քանի ամիս անց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտում, կրճատվելու արդյունքում, մնալու է 20-25 աշխատակից։
Արդարադատության նախարարը, անդրադառնալով նախարարությունների վերակազմակերպման փուլում կրճատվող աշխատատեղերին, նշեց, որ հիմնականում դա վերաբերելու են քաղաքական ու հայեցողական պաշտոններին՝ նախարարներին, նրանց տեղակալներին, օգնականներին, խորհրդականներին, մամուլի քարտուղարներին, նախարարների տեղակալների օգնականներին, ինչպես նաև քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոններից` գլխավոր քարտուղարներին ու նրանց տեղակալներին։ Ըստ նախախարի` նշված հաստիքների թվային ցուցանիշը կազմում է մի քանի տասնյակ: Կկրճատվեն կրկնվող, աջակցող ստորաբաժանումների գործառույթները: Պետությունը պարտավորվելու է ապահովել մրցակցային պայմաններ, և արդյունքում` աշխատանքի կմնան այն մասնագետները, որոնք կցուցաբերեն բարձր որակավորում։
Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ մասնագիտական (ոլորտային) հանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարության կառուցվածքի և գործունեության վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնության փաթեթը՝ արձանագրել էր, որ օրենսդրական նախաձեռնության փաթեթում բացակայում են մասնագիտական վերլուծություններն ու պետական կառավարման համակարգի միասնական տեսլականը: Ըստ նախագծի` անտեսված է առաջարկվող փոփոխությունների տրամաբանական կապը Սահմանադրությամբ գործադիր իշխանության լիազորությունների հետ:
Օրենսդրական նախաձեռնության փաթեթում բացակայում են պետական կառավարման համակարգին առնչվող այլ օրենքներում անհրաժեշտ փոփոխությունները, ինչպես նաև նախագիծը չի համապատասխանում սուպերվարչապետության համակարգը վերափոխելու՝ իշխող ուժի նախկինում հնչեցրած մոտեցումներին:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ՄՈՀ դիտողություններին և առաջարկներին ամբողջապես ծանոթացեք այստեղ: