Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ըստ 1in.am-ի, հայտարարել է, թե ԱՄՆ-ը և միջազգային հանրության մյուս սուբյեկտները չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը, և նրա կարգավիճակի հարցը պետք է լուծվի համակողմանի լուծման շրջանակում: «Մեր դիրքորոշումն այն է, որ կողմերը պետք է խստիվ պահպանեն հրադադարը և անհապաղ ձեռնամուխ լինեն համակողմանի լուծմանն ուղղված բանակցությունների»,- ասել է նա: Իսկ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ամերիկացի համանախագահն ասել է, թե ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում հրադադարի ամրապնդման և միջադեպերի հետաքննության միջոցները ներդնելու ուղղությամբ աշխատանքներ կտարվեն՝ հուսալով, որ կարգավորման բանակցությունները կսկսվեն հնարավորինս շուտ։ «Եթե ուզում ենք առաջընթաց ունենալ խաղաղության հարցում, անհրաժեշտ է, որ երկու ուղղությամբ էլ աշխատանքներն ընթանան առանց նախապայմանների»,- ավելացրել է Ուորլիքը:
Ամերիկացի համանախագահը փաստացի հայտարարում է, որ ԱՄՆ-ի համար ընդունելի չէ կարգավորման բանակցությունները վերսկսելու համար նախապայմաններ առաջադրելու` Երևանի նոր մոտեցումը։ Սա այն դեպքում, երբ ՄԽ երեք համանախագահներից և ոչ մեկը որևէ գնահատական չտվեց ապրիլի սկզբին Արցախի դեմ ադրբեջանական զինուժի սկսած լայնածավալ ռազմական ագրեսիային և 1994 և 1995թթ. կնքված հրադադարի պայմանագրերը խախտելու փաստին։ Վաշինգտոնը փորձում է բանակցությունների տապալման պատասխանատվության բեռը բարդել հայկական կողմի վրա՝ ըստ էության արդարացնելով Ադրբեջանի պատերազմական քաղաքականությունը: Նաև հասկանալի է դարձնում, որ ԱՄՆ-ի համար առաջնայինը կարգավորման շուրջ բանակցությունների շարունակումն է՝ անկախ նրանից` դրանք տեղի են ունենում հրանոթների, տանկերի կրակոցների տա՞կ, թե՞ խաղաղ պայմաններում։ Այսինքն` շփման գծում հրադադարի ռեժիմի ամրապնդման, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը Վաշինգտոնը դիտարկվում է որպես «տարածքներ ԼՂ-ի միջանկյալ կարգավիճակի դիմաց» սկզբունքով կարգավորման բանակցություններին զուգահեռ կազմակերպվելիք գործընթաց, ինչն իրականում ոչ թե խթանում է բանակցային գործընթացը, այլ լիարժեքորեն տապալում թե' մեկը և թե' մյուսը։
Իրականում ՄԽ համանախագահների՝ արդեն տևական ժամանակ տարվող հենց այս ուղեգիծն է համոզել Բաքվին, որ կարելի է պատերազմի վերսկսման սպառնալիքները դարձնել համապարփակ կարգավորման բանակցությունների վրա ազդելու շանտաժային գործիք։ Նման մոտեցումը հուշում է, որ Վաշինգտոնը, ընդհանուր առմամբ` ՄԽ եռանախագահները, Ադրբեջանի սանձերը քաշելու, նրան կառուցողականության դաշտ բերելու որևէ նպատակ չունեն։ Առավելագույնը, ինչ այսօր ի վիճակի է անել ՄԽ եռանախագահության ֆորմատը, իր գոյությունը ցանկացած գնով պահպանելն է՝ չնայած նրան, որ գոնե ո'չ պատերազմը կանխարգելելու, ո'չ էլ նոր առաջարկներով բանակցային գործընթացն առաջ մղելու ներուժ չունի։
ՄԽ համանախագահները փաստացի իրենց այս պիղատոսյան պահվածքը փորձում են արդարացնել նրանով, թե իրենք չունեն հրադադարի խախտման համար հասցեական մեղադրանքներ հնչեցնելու և կողմերի պատասխանատվությունն ամրագրելու մանդատ։ Իրականում սա սեփական պատասխանատվությունից խուսափելու պարզունակ հնարք է։ Նախ՝ ՄԽ համանախագահներին շնորհված մանդատի հենց առաջին կետով սահմանվում է, որ նրանք միասնական համաձայնութամբ պետք է «համատեղ ջանքեր գործադրեն կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման նպատակով»։ Եթե կողմերից մեկը մերժում է այդ նպատակին ուղղված` համանախագահների բոլոր նախաձեռնությունները, սաբոտաժի ենթարկում նրանց աշխատանքը և միակողմանիորեն խախտում հրադադարի ռեժիմը, «կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման» ամենակենսունակ միջոցը մնում է այդ կողմի գործողություններին հասցեական գնահատականներ տալը՝ առաջին հերթին իբրև կանխարգելիչ, զսպող միջոց։ Երկրորդ` եթե դա համանախագահների մանդատի մեջ չի մտնում, ապա ի՞նչ իմաստ ունի նրանց կողմից միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման ու հրադադարի ամրապնդման առաջարկներ ներկայացնելը, եթե, միևնույն է, դրանց արդյունքում չեն պատրաստվում իրենց վրա վերցնել խախտում կատարող կողմի գործողությունները թիրախային գնահատելու և որակավորելու խնդիրը։ Իսկ եթե պաշտպանում են այդ առաջարկները, նշանակում է՝ ունեն նաև դրանց հիման վրա քաղաքական վերաբերմունք դրսևորելու մանդատ։
Բայց քանի որ ՄԽ համանախագահները հենց այսպիսի «չեզոք», իսկ իրականում պատերազմ հրահրող կուրս են որդեգրել, ապա հայկական կողմը նույնքան «իրավունքներ» ունի նրանց այդ կեցվածքն իր շահերին օգտագործելու, որքան իրավունքներ իրեն վերապահում է Ադրբեջանը։ Հետևաբար` նախապայմանների լեզվով խոսելը, ամենաքիչն էր, որ կարող էր անել Երևանը։ Եթե ՄԽ համանախագահների համար միևնույն է՝ կողմերից որը կխախտի հրադադարը, ապա թե' Վաշինգտոնում, թե' Բրյուսելում և թե' Մոսկվայում պետք է հասկանան, որ հայկական կողմն ինքը կարող է անհրաժեշտության դեպքում թե' նախահարձակ լինել՝ ԼՂՀ-ի և արցախցիների անվտանգության գոտին մեծացնելու համար, թե' գնալ ԼՂՀ-ն ճանաչելու քայլին։
Ուստի միանգամայն նորմալ է, որ հիմա արդեն Երևանի փոխարեն Բաքուն է խիստ շահագրգռված, որպեսզի բանակցությունները վերսկսվեն։ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ով ընդամենը երկու ամիս առաջ Նյու Յորքում արհամարհելով մերժեց թե' Հայաստանի արտգործնախարարի և թե' նույնիսկ ՄԽ համանախագահների հետ հանդիպելու առաջարկը, օրերս հույս էր հայտնել, որ առաջիկայում ՄԽ համանախագահների միջնորդությամբ եվրոպական երկրներից մեկում կկազմակերպվի արտգործնախարարների մակարդակով հանդիպում։ Թվում էր, թե խոսքը վերաբերում է մայիսի 23-ին Բրյուսելում կայանալիք` Արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների ֆորումին։ Սակայն ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ նման հանդիպում նախատեսված չէ։ Չի բացառվում, որ պատճառն այս անգամ Երևանի դիրքորոշման կոշտացումն է։ Հայկական կողմը շատ հստակ երաշխիքներ է պահանջում Ադրբեջանից նոր ռազմական պրովոկացիաների չգնալու վերաբերյալ և այդ պահանջը ձևակերպում որպես կարգավորման բանակցությունները շարունակելու նախապայման։ Իսկ քանի որ համանախագահները վերահսկողությունից դուրս եկած Ադրբեջանի փոխարեն այդ երաշխիքները տալ չեն կարող կամ չեն ուզում, ուրեմն քաղաքականություն թելադրողը, բանակցությունների նպատակահարմարությունը որոշողը կլինեն շփման գծում կանգնած հայ զինվորը և հայ հրետանավորը։
Գևորգ Դարբինյան