կարևոր
2332 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-27 18:07
Հասարակություն

«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամների այցը Վանաձոր. քաղաքում բացվեցին շարժման երկու գրասենյակներ

Հոկտեմբերի 26-ին «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամներն աշխատանքային այցով գտնվում էին Վանաձոր համայնքում, որտեղ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ 28 և Խորենացի 8/11 հասցեներում պաշտոնապես բացվեցին շարժման միանգամից երկու տարածքային գրասենյակներ։

Քաղաքի Տիգրան Մեծ 28 հասցեում գտնվող գրասենյակի բացման հանդիսավոր արարողությանը շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, դիմելով ներկաներին, խոսեց Վանաձորի առջև ծառացած խնդիրների մասին՝ վկայակոչելով նախկինում քաղաքի ունեցած արդյունաբերական մեծ պոտենցիալը։ Նարեկ Կարապետյանն իր խոսքում ներկայացրեց Վանաձոր քաղաքի զարգացման տեսլականը՝ ընդգծելով, որ Հայաստանի` բնակչությամբ թվով երրորդ քաղաքը հնարավորություն ունի վերականգնել իր տնտեսական երբեմնի մեծ ներուժը և դառնալ Հայաստանի արդյունաբերական և տուրիստական կենտրոններից մեկը։

Տիգրան Մեծ 28 հասցեում գտնվող գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունից հետո շարժման անդամները զբոսնեցին քաղաքում, շփվեցին քաղաքի բնակիչների հետ և քայլելով հասան քաղաքի Խորենացի 8/11 հասցե, որտեղ մասնակցեցին Վանաձոր քաղաքում շարժման երկրորդ գրասենյակի բացման հանդիսավոր արարողությանը։

Բացման ժապավենը կտրելուց հետո շարժման անդամները և գրասենյակի առաջին այցելուները շրջեցին գրասենյակի տարածքում, շփվեցին գրասենյակի առաջին այցելուների հետ և ծանոթացան գրասենյակում ստեղծված պայմաններին։

«Մեր ձևով» ժողովրդական շարժման աշխատանքային այցը Վանաձոր ավարտեց համայնքի Դարպաս գյուղում, որտեղ շարժման անդամները հանդիպում ունեցան դարպասցիների հետ, ծանոթացան նրանց առօրյային և վերջիններիս հուզող խնդիրներին։ Հանդիպման ընթացքում շարժման անդամները գյուղի բնակիչներին ներկայացրեցին շարժման կողմից առաջարկվող՝ Հայաստանի գյուղական համայնքների զարգացմանն տեսլականը։