կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-08 14:46
Քաղաքական

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի արձագանքը` Ուորլիքի ելույթին

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի արձագանքը` Ուորլիքի ելույթին

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանն անընդունելի եւ մտահոգիչ է համարում Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթը:

 

Դավիթ Իշխանյանի կարծիքով` թեեւ ելույթի տեքստում չի նշվում «Մադրիդյան սկզբունքներ» բառակապակցությունը, սակայն այն բաց ենթատեքստով ներկայացվեց հանրությանը` ամբողջ ելույթի առանցքում Մադրիդյան սկզբունքներն էին:

 

«Դաշնակցությունը բազմիցս հնչեցրել է, որ Մադրիդյան սկզբունքների շուրջ կառուցվող բանակցային գործընթացը մեզ համար անընդունելի է, եւ որեւէ քայլ, որը կարող է վնասել Ղարաբաղի ապագային, անմիջականորեն կստանա իրեն համարժեք պատասխանը»,- ասաց նա:

 

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը նշեց, որ բազմիցս Արցախի իշխանությունների կողմից շատ կոշտ դիրքորոշումներ են հնչեցվել Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ, եւ այսօր էլ լիահույս է, որ Արցախի իշխանություններն իրենց տեսակետը ոչ միայն չեն փոխել, այլեւ կոշտ կարձագանքեն Ուորլիքի այս ելույթին, որը ամերիկյան կողմի հստակ դիրքորոշումն ու քաղաքական գիծն է: Նրա կարծիքով` այս քաղաքական գիծը չի տարբերվում  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկու երկրների քաղաքական գծից: Իշխանյանի համոզմամբ` սա նաեւ ԱՄՆ-ի կողմից քայլ է` աշխարհաքաղաքական ներկա զարգացումների ընթացքին բանակցային գործընթացում իր դերակատարությունը ցույց տալու, առաջատար դեր ստանձնելու համար:

 

Ինչ վերաբերում է փոխզիջումներին, ապա Արցախի ԿԿ ներկայացուցչի պնդմամբ` Արցախի կողմից փոխզիջումային տարբերակը արդեն իսկ 20 տարի առաջ զինադադարի տեսքով եղել է, եւ բոլորն էլ, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խումբը, շատ լավ գիտակցում են այդ փաստը: «Այն փոխզիջման տարբերակները, որ պարոն Ուորլիքը փորձում է մատուցել, մեզ համար անընդունելի են, եւ ոչ միայն անընդունելի են, այլեւ մենք, հաստատակամ եւ հավատարիմ լինելով մեր որդեգրած սկզբունքներին, պայքարելու ենք` այդ սկզբունքներն արմատավորելու հակառակ դաշտում: Եթե համանախագահները փորձում են իրենց սկզբունքներն արմատավորել մեր դաշտում` ի դեմս համերաշխության կոչերի, խաղաղության մեծ համաձայնագիր տերմինների, այս ամենով մեր հանրության մեջ նոր սերմեր են ցանկանում մտցնել, սակայն մենք արդեն իսկ ունենք մեր տեսակետը եւ հենց դա պետք է նրանց համար ընդունելի դարձնել»,- նշեց նա:

 

Իշխանյանը համոզված է, որ առանց ԼՂՀ-ի անմիջական մասնակցության անպտուղ է լինելու որեւէ բանակցային գործընթաց: Բանակցությունների ընթացքում չի կարող անտեսվել Արցախի ժողովրդի տեսակետը` ԼՂՀ-ն չի կարող տարածքային փոխզիջման տարբերակն ընդունելի համարել: