կարևոր
1540 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-27 13:59
Հասարակություն

Ապօրինաբար խոչընդոտվել է Վարդան Ղուկասյանի փաստաբանի մուտքը Կենտրոն ՔԿՀ․փաստաբան

Ապօրինաբար խոչընդոտվել է Վարդան Ղուկասյանի փաստաբանի մուտքը Կենտրոն ՔԿՀ․փաստաբան

Փաստաբան Առնոլդ Վարդանյանը հայտնում է . 

«Ժամը 10:00-ից որպես փաստաբան գտնվում եմ «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում իմ վստահորդ Վարդան Կոլյայի Ղուկասյանին տեսակցելու և իրավաբանական օգնություն տրամադրելու՝ իր իրավունքների և շահերի պաշտպանության հետ կապված։

Տեղեկացնում եմ, որ ունեմ իմ վստահորդի կողմից տրված գրավոր լիազորագիր, որի հիման վրա իր շահերը ներկայացրել եմ նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակներում։ Բացի այդ, շաբաթ օրը՝ հոկտեմբերի 25-ին մուտք եմ գործել ՀՀ ԱԱԾ «Երևան Կենտրոն» ՔԿՀ, որտեղ մասնակցել եմ իմ վստահորդ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանքի առաջադրմանը, որպես պաշտպան մասնակցել եմ իր հարցաքննությանը՝ ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Գագիկ Առաքելյանի և փաստաբան Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ։

Ընդամենը մեկ օր անց՝ երկուշաբթի օրը, կրկին ներկայացել եմ «Երևան Կենտրոն» ՔԿՀ՝ իմ գործընկերներ փաստաբան Զարուհի Փոստանջյանի և Արամայիս Հայրապետյանի հետ, որտեղ իմ մուտքը ժամը 10:00-ից ապօրինաբար խոչընդոտվում է և թույլ չի տրվում տեսակցել իմ վստահորդին։

Շաբաթ օրն ինձ հետ մուտք գործած քննիչ Գ.Առաքելյանը հայտնել է, որ գրություն է ուղարկել, որի հիման վրա մուտք եմ գործել «Երևան Կենտրոն» ՔԿՀ։

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչը հայտնել է, որ իրենց ներկայացվել է պատճառաբանություն այն մասին, թե գոյություն ունի հիմնական և լրացուցիչ գործ, իբր հիմնական գործով ներգրավված չեմ, որի պատճառով չի թույլատրվում մուտք գործել իմ վստահորդի մոտ։

Ներկայացված պատճառաբանությունն ակնհայտորեն անհիմն է և ապօրինի՝ հատկապես, երբ շաբաթ օրը մուտք եմ գործել նույն ՔԿՀ, առկա է քրեական վարույթն իրականացնող մարմնի գրություն, ինչպես նաև լիազորագիր անձամբ տրված իմ վստահորդի կողմից՝ իր շահերը մեկ այլ գործի շրջանակներում ներկայացնելու վերաբերյալ։

Նշվածը ՀՀ Սահմանադրության 61-րդ, 64-րդ հոդվածներով նախատեսված՝ իրավաբանական օգնություն ստանալու հիմնարար իրավունքի, պաշտպանության իրավունքի, միջազգային հանրաճանաչ սկզբունքների կոպիտ և բացահայտ խախտում է։

Հրատապ կարգով գրություն է ուղարկվել բոլոր գերատեսչություններին։ Որքան էլ տարօրինակ հնչի, ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցչի թեժ գծից հայտնել են, որ իրենց համար ՔԿՀ-ից ներկայացված պատճառաբանությունն ընդունելի է։

Որքան կարելի է ամեն անգամ փաստաբաններին ոստիկանություն/ՔԿՀ անարգել մուտք գործելու՝ արհեստականորեն ստեղծվող խնդիրը բարձրաձայնել ու հետևողականորեն խուսափել այն լուծելու հնարավորությունից»։