կարևոր
2767 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-26 16:20
Քաղաքական

Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել. պաշտպանական թիմի հայտարարությունը

Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել. պաշտպանական թիմի հայտարարությունը

Գյումրիի կալանավորված համայնքապետ Վարդան Ղուկասյանի​ պաշտպանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«ՀՀ իրավապահ մարմինները երկու օր է, ինչ մտորում էին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քաղաքական բնույթ ունեցող նոր քրեական հետապնդում հարուցելու հարցի շուրջ։

Ի վերջո, հոկտեմբերի 25-ին՝ շաբաթ օրով, պարզ դարձավ, որ որոշում է կայացվել նոր քրեական հետապնդում հարուցելու մասին՝ դրանից ավելի քան մեկ ամիս առաջ՝ դեռևս 2025 թվականի սեպտեմբերի 16-ին և 23-ին, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում՝ Հայաստանի այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ իր մտքերի համար՝ դրանք «որակելով» որպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչ (ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով)։

Գտնում ենք, որ այս մեղադրանքը որևէ աղերս չունի ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի հետ և պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է հետևյալ պարզ պատճառաբանությամբ․

Առաջին՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն, օգտվելով իր հիմնարար իրավունքից, ընդամենը կարծիք է արտահայտել՝ համեմատություն անելով աշխարհի այլ պետությունների կողմից միմյանց հետ փոխադարձ ընդունելի միություն կազմելու վերաբերյալ։ Վարդան Ղուկասյանն իր խոսքում մի քանի անգամ ընդգծել է, որ դա անհրաժեշտ է անել Հայաստանի Հանրապետության անկախ պետականությունը պաշտպանելով և այն պաշտպանելու համար։ Նրա խոսքը հասանելի է համացանցում։ Այդ նույն տրամաբանությամբ ստացվում է, որ վերջին ժամանակներում Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանը անդամակցելու վերաբերյալ բոլոր հայտարարությունները նույնպես պետք է վկայեն հանցագործության մասին։ Ավելին, Հայաստանն արդեն իսկ անդամ է մի շարք միությունների, որոնց թվում են՝ ՀԱՊԿ-ը, ԵՄ-ն, ԵԱՀԿ-ն, ԵԽ-ն և այլ կազմակերպություններ։

Երկրորդ՝ այս քրեական հետապնդումը հարուցվել է այդ «հանցավոր» խոսքն արտահայտելուց ավելի քան մեկ ամիս անց՝ շաբաթ օրով, հաջորդելով այն գործողություններին, որոնք տեղի են ունեցել ընդամենը օրեր առաջ։ Իրավապահ մարմինների այս գործելաոճն ուղղակիորեն ապացույց է այն մասին, որ այս մեղադրանքն իրավական սկզբունքների հետ աղերս չունի։ Եթե այն դիտարկվում էր որպես «հանցագործություն», ինչու՞ քրեական հետապնդումը չէր հարուցվել այդ դիրքորոշումն արտահայտելուց անմիջապես հետո, այլ սպասվել է ավելի քան մեկ ամիս՝ շաբաթ օրով։

Երրորդ՝ ակնհայտ է, որ այս քրեական հետապնդումը, ինչպես նախորդը, հարուցվել է 2025 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովում ՀՀ վարչապետի կողմից հնչեցված՝ Գյումրի քաղաքի ընտրված քաղաքապետին քաղաքական կյանքից դուրս շպրտելու հրահանգի շրջանակներում։

Չորրորդ՝ բռնության տարրեր չպարունակող խոսքը, որն իրականում եղել է ընդամենը դիրքորոշում, անձնական կարծիք, միջազգային բոլոր չափորոշիչների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մշակված սկզբունքների համատեքստում չի կարող երբևէ որակվել որպես հանցագործություն։

Վերոգրյալ անհերքելի փաստերի հիման վրա դատապարտում ենք հարուցված քրեական հետապնդումը և պայքարելու ենք հնարավոր բոլոր իրավական գործիքների կիրառմամբ՝ խաթարված արդարությունը վերականգնելու համար»։