կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-07 19:27
Քաղաքական

Ուորլիքի հայտարարության մեջ Ղարաբաղն անտեսված է. Կիրո Մանոյան

Ուորլիքի հայտարարության մեջ Ղարաբաղն անտեսված է. Կիրո Մանոյան

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքով` Ջեյմս Ուորլիքի ասածների մեջ նոր բան չկա` 2009թ. հուլիսից համանախագահող երկների նախագահները ամեն տարի հրապարակել են երեք սկզբունքները` խաղաղ կարգավորում, տարածքային ամբողջականություն և ինքնորոշման իրավունք:


«Նորությունն այն շեշտադրումն է, որը տալիս է ամերիկացի համանախագահողը Արցախի կարգավիճակի հարցին` որպես հիմնական խնդիր: Դրական բան չկա այդ հայտարարության մեջ, որովհետև Դաշնակցությունը բազմիցս ասել է, որ հիմնական սկզբունքների հետ հարցեր չունի, սակայն հարցը սկզբունքների հիման վրա առաջարկվող տարրերն են, երբ անտեսվում է այն հանգամանքը, որ 1988-ից հետո Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել, տանուլ է տվել, և իրավիճակը հիմնովին փոխվել է: Եվ եթե 1988-ին առաջարկվեր նման լուծում, կարծում եմ` հայկական կողմը կհամաձայներ, բայց հիմա նման լուծումն անընդունելի է, որովհետև, կարծես, նպատակ են հետապնդում պատերազմ սանձազերծած և տանուլ տված Ադրբեջանին հատուցել»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Կիրո Մանոյանը:


Նա նշեց, որ Ուորլիքի հայտարարությունը, կարծես, Ադրբեջանի պատասխանը լինի, որովհետև Ադրբեջանն է, որ իր հայտարարություններում անտեսում է Ղարաբաղի կարգավիճակի խնդրի` հիմնական էություն լինելու հանգամանքը: Հայտարարության մեջ բացթողում է նաև այն, որ Ղարաբաղն ամբողջությամբ անտեսված է, քանի որ զինադադարը ստորագրվել է  ԼՂ ներկայացուցչի կողմից, ով այսօր չկա բանակցություններում և հայտարարության մեջ նույնպես անտեսված է:


«Անտեսում է նույնիսկ Ղարաբաղի ժողովրդին, որովհետև խոսքը գնում է Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդների մասին, այլ ոչ թե Ղարաբաղի ազգաբնակչության մասին»,- ասաց Կիրո Մանոյանը:


Նրա կարծիքով` ամերիկացիները փորձում են ինչ-որ չափով ակտիվացնել գործընթացը, սակայն բացթողումներ կան, հատկապես` Ղարաբաղի անտեսումը: