|
Փոխարժեքներ
27 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Ցերեկը Բոսֆորը ծառայում է որպես առեւտրի, կյանքի եւ տարանցման վայր միլիոնավոր ստամբուլցիների համար։ Ամեն տարի նեղուցն ավելի վտանգավոր է դառնում տարանցիկ նավերի համար։ Այս համատեքստում Ստամբուլի ջրանցքը կդառնա ջրային ուղի՝ ավելի բարձր անվտանգ նավարկոթյամբ, քան Բոսֆորը, ինչը կնվազեցնի երկար սպասումը եւ կհեշտացնի նեղուցում երթեւեկությունը միջազգային առեւտրի համար»,- շարունակել է նախարարը։ Նա նաեւ ընդգծել է՝ «Ստամբուլ» ջրանցքի նախագիծն իր ափամերձ կառույցներով, նավամատույցներով, բեռնարկղային նավահագիստներով եւ լոգիստիկ կենտրոններով վճռորոշ նշանակություն ունի Թուրքիայի ապագայի համար: «Ստամբուլ» ջրանցքը, նրա խոսքով, առաջին հերթին նախատեսված է «Բոսֆորի երկայնքով նավարկությունը նվազեցնելու եւ օդի, եւ ջրի որակը բարելավելու համար՝ դրանով իսկ պաշտպանելով քաղաքացիներին, ծովային ֆլորան եւ ֆաունան, ինչպես նաեւ Բոսֆորի երկայնքով կառույցներն ու մշակութային ժառանգությունը»: Ըստ նախարարի՝ նախագիծը նախատեսվում է իրականացնել պետություն-մասնավոր գործընկերության մոդելով: «Ստամբուլի ջրանցքի նախագծի կողմնակիցները պնդում են՝ այն թույլ կտա մեծացնել նեղուցով նավարկությունը, վտանգավոր նավերի համար կապահովի ավելի անվտանգ տարանցիկ պայմաններ՝ դրանք հեռացնելով Ստամբուլի խիտ բնակեցված շրջաններից, կնվազեցնի մուտքի սպասման ժամանակը եւ Թուրքիային կտրամադրի առատաձեռն տարանցիկ վճարներ: Ենթադրվում է նաեւ՝ ջրանցքը կարող է միջոց լինել շրջանցելու Մոնտրոյի պայմանագրով Սեւ ծով մուտք գործելու սահմանափակումները ոչ Սեւ ծովի երկրների ռազմածովային ուժերի համար:
Սակայն նոր ջրանցքի անհրաժեշտությունը ապացուցված չէ։ Բեռնափոխադրող ընկերությունները նոր երթուղի չեն պահանջում, եւ տվյալները չեն աջակցում այս գաղափարին.Չնայած տոննայի աննշան աճին՝ նավերի թիվը իրականում նվազում է: Չնայած Բոսֆորում առանձին միջադեպերին եւ դժբախտ պատահարներին, ավելի քան 40 տարի խոշոր վթարներ չեն եղել՝ շնորհիվ թուրքական կառավրության կողմից ներդրված երթեւեկության կառավարման բարելավման: Տարանցման անվտանգության հետագա բարելավումը նոր շինարարություն չի պահանջում։ Դրան կարելի է հասնել ավելի արագ, ավելի էժան եւ հեշտ՝ ներդրումներ կատարելով առափնյա անվտանգության մասնագետների, ժամանակակից ծովային քարշակների եւ նավիգացիոն սարքավորումների մեջ», - նշում են Middle East Institute-ի (Վաշինգտոն, DC) վերլուծաբանները:
Ստամբուլից 100 կմ դեպի արեւմուտք նոր ջրանցքի կառուցման նախագիծը ազդարարվել էր դեռ Էրդողանի վարչապետ եղած ժամանակ՝ 2011-ին։ Ենթադրվում է՝ ջրանցքը կկարողանա օրական մոտ 160 նավ բաց թողնել՝ ներառյալ մինչեւ 300 հազար տոննա մաքուր բեռնունակությամբ լցանավերը: Այսօրվա դրությամբ Բոսֆորի նեղուցով տարեկան անցնում է 53 հազար նավ։ 2019-ի դեկտեմբերին Էրդողանը կարծիք էր հայտնել, որ Բոսֆորից արեւմուտք նախագծվող Ստամբուլի ջրանցքով ծովային հաղորդակցությունը չի ընկնի Մոնտրյոյի կոնվենցիայի ներքո, որը կարգավորում է ռազմանավերի անցումը թուրքական նեղուցներով: Թուրքական ընդդիմությունը, այդ թվում՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, դեմ են արտահայտվել այդ նախագծին։
2021-ի ապրիլին Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն էր նախաձեռնել 103 թուրք պաշտոնաթող ծովակալների դեմ, որոնք բաց նամակով մտահոգություն էին հայտնել Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրյոյի կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալու հնարավորության մասին բանավեճի կապակցությամբ։Նամակի տակ ստորագրած ծովակալները հայտարարել են՝ իրենք «մտահոգությամբ են հետեւում «Ստամբուլ» ջրանցքիստեղծման թեմայի եւ Մոնտրյոյի կոնվենցիայի քննարկմանը՝ միջազգային պայմանագրերի չեղարկման իրավազորության համատեքստում»: «Մոնտրյոյի կոնվենցիան Սեւծովյան երկրների անվտանգության հիմնական փաստաթուղթն է եւ կոնվենցիան, որը Սեւ ծովը դարձնում է խաղաղության ծով։ Այդ կոնվենցիան Թուրքիային իրավունք է տալիս առանց նրա ցանկության պատերազմի մեջ չմտնել պատերազմող կողմերից մեկի կողմից, դա թույլ է տվել նրան չեզոքություն պահպանել Երկրորդ համաշխարհային պատերազմում», – հայտարարել են պաշտոնաթող զինվորականները։ Դրան հաջորդեցին բաց նամակի ստորագրողների ընտրողական ձերբակալությունները։ Դատախազությունը դատարանին ուղղված հայտարարության մեջ նշել է՝ Մոնտրյոյի կոնվենցիայի հետ կապված անհանգստությունն օգտագործվել է միայն որպես պատրվակ Սահմանադրությունը փոխելու ծրագրերից դժգոհություն հայտնելու համար եւ հասարկական կարծիքը խարխլելու եւ երկրի ղեկավարության դիրքերը խարխլելու փորձ է: Սակայն 2022-ի դեկտեմբերին դատարանը միաձայն արդարացրեց բոլոր ամբաստանյալներին՝ քրեական հանցագործություն չկատարելու հիմքով։
2025 ի մարտին ձերբակալվել է Ստամբուլի ջրանցքի կառուցման ամենաազդեցիկ հակառակորդներից մեկը՝ քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։ Այդ ժամանակից ի վեր նա անազատության մեջ է գտնվում դատախազության կողմից ակնհայտորեն հորինված մի շարք հանցագործությունների մեղադրանքով։ Իմամօղլուն հերքում է բոլոր մեղադրանքները։ Նա հայտարարել է՝ մեղադրական եզրակացությունը գրվել է ոչ թե դատախազի կողմից, այլ նրանց կողմից, ովքեր գիտեն, որ ինքը կարող է հաղթել Թուրքիայի նախագահի հաջորդ ընտրություններում:
Թուրքիայի գործարար շրջանակներում չեն կասկածում, որ Ստամբուլի ջրանցքը կվերացնի Մոնտրյոյի Կոնվենցիան։ «Նախագիծը ոչ միայն տրանսպորտային, այլեւ ռազմավարական նշանակություն ունի։ Նոր երթուղին դուրս կլինի Մոնտրյոյի կոնվենցիայից, որը կարգավորում է անցումը Բոսֆորով: Դա Թուրքիային ավելի մեծ վերահսկողություն կտա նավագնացության նկատմամբ եւ հնարվորություն կտա տուրքեր գանձել անցնող նավերից։ Այդ իսկ պատճառով ջրանցքը դիտվում է որպես ազգային անվտանգության տարր եւ կարեւոր տնտեսական ռեսուրս։ Այն կարող է ամրապնդել Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում եւ կայուն եկամուտ բերել։ Սակայն նախագիծն ունի նաեւ աշխարհաքաղաքական ռիսկեր. այն անհանգստություն է առաջացնում որոշ երկրների, հատկապես Ռուսաստանի մոտ, որն օգտագործում է Բոսֆորը Միջերկրական ծով ռազմական մուտք գործելու համար», – նշում է iSTANBULHOMES բիզնես պորտալը։
Չնայած թուրքական իշխանությունների ձգտմանը՝ իրականացնել Էրդողանի երազանքը՝ կառուցել գերհզոր ջրանցք, դարի այս շինարարության հեռանկարներն ամենեւին էլ անամպ չեն:Կան նաեւ զգալի բնապահպանական ռիսկեր։ «Նոր ջրանցքը կկործանի Ստամբուլի երկու ջրամբարները եւ կստեղծի Ստամբուլի եւ հարակից տարածաշրջանի բոլոր գրունտային ջրերի պաշարների աղտոտման վտանգ, ինչը անշրջելի գործընթաց է ... Նախագծի շինարարական պայմանագրի ընդհանուր արժքը տասնամյակի վերջում կվերածվի 250 միլիարդ դոլարի ծախսերի: Ստամբուլի բոլոր մայրուղիները, ճանապարհները, ջրատարները, էլեկտրահաղորդման գծերը, գազատարները եւ ամբողջ թաղամասերը պետք է տեղափոխվեն եւ վերակառուցվեն։ Այս գլխավոր շինարարական նախագծում կոռուպցիայի եւ նեպոտիզմի հնարավորությոնները մեծ են։ Առաջին ներդրողները, որոնց թվում էին կառավարության նախարարները եւ Քաթարի էմիրի մայրը՝ Շեյխ Մոզա Բինթ Նասերը, արդեն հսկայական շահույթ են ստացել ջրանցքի երթուղու երկայնքով հողի շահարկումներից»,- նշում են Middle East Institute-ում։
«Օրեցօր փաստեր են բացահայտվում Էրդողանի կողմից որպես նրա հսկա նախագծերի մաս հայտարարված «Ստամբուլ» նոր ջրանցքի նախագծի վերաբերյալ, քանի որ, պարզվեց, այն միայն որոշակի կողմի կողմից շահույթ ստանալու նպատակ է հետապնդում։ Պարզվել է՝ Քաթարի Էմիր շեյխի մայրը՝ Մոզան, Բաշաքշեհիրում 100 հազար ֆունտ ստեռլինգ կապիտալով ընկերություն է հիմնել եւ 1,5 ամիս անց 44 ակր հող է գնել Ստամբուլի ջրանցքի մայրուղու վրա: Վերջերս տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Քաթարի թագավորական ընտանիքի անդամները նույնպես հողեր են գրավել Ստամբուլի ջրանցքի նախագծի երթուղում, ինչը հակասություն է առաջացրել Էրդողանի եւ Ստամբուլի քաղաքապետարանի քաղաքապետի միջեւ: Թուրք գործարար եւ ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը՝ Էրդողանի փեսան, նույնպես, ինչպես պարզվել է, 13 ակր հող է ձեռք բերել, ինչպես նաեւ եւս 12 ակր հող Ստամբուլի նոր օդանավակայանի մոտակայքում»,– գրում է ֆրանսիական The Reference պորտալը։
Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում եղած ժամանակ Էքրեմ Իմամօղլուն ակտիվորեն դեմ է արտահայտվել ջրանցքի կառուցմանը՝ նշելով, որ դրա իրականացումը կոչնչացնի Թուրգուս լիճը, որը համարվում է Ստամբուլի խմելու ջրի կարեւորագույն աղբյուրներից մեկը: «Եթե դուք չեք վախենում ժողովրդի կամքից, ապա հանրաքվե անցկացրեք, – գրել է Իմամօղլուն, արդեն անազատության մեջ լինելով, իր x ում, որը ղեկավարում է իր իրավաբանների թիմը: Թող այս քաղաքի 16 միլիոն բնակիչները որոշեն նրա ապագան»։
Իմամօղլուն 2025-ի մարտի 19-ին ձերբակալման օրը ընտրվել է Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախագահի թեկնածու։ Նա համարվում է Էրդողանի ամենաուժեղ քաղաքական մրցակիցը, որն ունակ է նրան հաղթել ընտրությւններում, քանի որ արդեն իսկ լուրջ պարտություններ է հասցրել Էրդողանին 2019 եւ 2024 թվականների քաղաքապետի ընտրություններում:
ԺՀԿ առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է՝ մարտի 19 – ի հեղաշրջման փորձի քաղաքական թիրախը եղել է Իմամօղլուն, իսկ ֆինանսական թիրախը՝ «Ստամբուլ» ջրանցքը։
Իմամօղլուն ձերբակալվել է մարտի 19-ին եւ նախնական կալանքի տակ դրվել մարտի 23-ին: ԺՀԿ-ն նրա ձերբակալությունն անվանել է «հեղաշրջման փորձ մեր հաջորդ նախագահի դեմ»։
Ստամբուլի քաղաքապետի պաշտոնակատար Նուրի Ասլանը դատապարտել է անցյալ շաբաթավերջին ավելի քան 50 մարդու, այդ թվում՝ քաղաքային բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ İSKİ ջրատարի ղեկավարների, գերատեսչությունների ղեկավարնեի եւ գլխավոր քարտուղարի տեղակալների ձերբակալությունը՝ մեղադրելով կառավարությանը դատական համակարգը օգտագործելու մեջ՝ «Ստամբուլ» ջրանցքի հակառակորդներին հետապնդելու համար: «Այս մարդիկ պաշտպանում էին Ստամբուլ քաղաքի ջրամբարներն ու ամբողջականությունը», – ասել էԱսլանը: Նրանց ձերբակալությունն անարդար է եւ ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներ ունի»։
Ստամբուլի պլանավորման գործակալության (IPA) կողմից անցկացված հարցման համաձայն՝ Ստամբուլի բնակիչների ավելի քան երեք քառորդը դեմ է «Ստամբուլ» ջրանցքի վիճահարույց նախագծին՝ առաջարկվող արհեստական ջրատարի վերաբերյալ հանրային քննարկումների վերսկսման ֆոնին:Հարցվածների 77,2% - ը նշել է՝ չի աջակցում նախագծին, որը լուրջ վնաս կհասցնի շրջակա միջավայրին եւ կբարձրացնի երկրաշարժերի ռիսկը: Դեմ արտահայտվողների թվում 53,8% - ը նշել է բնապահպանական խնդիրները, իսկ 39,1% - ը մտավախություն է հայտնել, որ ջրանցքը կբարձրացնի քաղաքի խոցելիությունը երկրաշարժերի նկատմամբ: Եվս 31,2% - ը նշել է՝ նախագիծը ծառայում է ավելի շատ շահույթի շահերին, քան հանրային կարիքներին:
Վերջերս Ստամբուլում տեղի է ունեցել 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ , որը կրկին մտահոգություններ է առաջացրել «Ստամբուլ» ջրանցքի տարածքում սեյսմիկ խոցելիության վերաբերյալ:Թուրքիայի եռանդուն նախագահը Օսմանյան կայսրության երբեմնի մեծությունը վերակենդանացնելու իր ձգտումներում անտեսում է ոչ միայն քաղաքական, այլեւ սեյսմիկ ռիսկերը, որոնք սպառնում են նրա հավակնոտ նախագծին:«Ստամբուլ» ջրանցքի նախագծի իրագործումն անխուսափելիորեն կհանգեցնի Թուրքիայի դուրս գալուն Մոնտրյոյի կոնվենցիայից, ինչը հղի է անկանխատեսելի ռազմական հետեւանքներով հենց թուրքերի համար, կարծում են Ռուսաստանի ռազմական գիտությունների ակադեմիայի վերլուծաբանները:
Պատմական փորձը սովորեցնում է, որ նման արկածների, ինչպես նաեւ դրանց հեղինակների ճակատագիրը շատ տխուր է։
Թարգմանեց Գայանե Մանուկյանը։
Աղբյուրը՝ fondsk.ru