Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ ելույթով է հանդես եկել Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում: Նա հանդես է եկել ոչ թե որպես Մինսկի խմբի համանախագահ, այլ որպես ԱՄՆ կառավարության ներկայացուցիչ, ինչը խոսում է հակամարտությունը շուտափույթ կարգավորելու հարցում ԱՄՆ-ի շահագրգռության մեծացման և նոր նախաձեռնողական քաղաքականություն սկսելու մասին: Հետևաբար, չի բացառվում, որ Վաշինգտոնն առաջիկայում կարող է հնարավորինս բարձր մակարդակով հայկական և ադրբեջանական կողմերի նոր հանդիպումներ կազմակերպելու նախաձեռնությամբ հանդես գալ՝ ավելի կոշտացնելով կողմերին համաձայնության հանգեցնելու մեթոդները:
Սակայն Վաշինգտոնը կողմերին նոր առաջարկներ, ըստ էության, չունի: Փաստորեն, համանախագահի գործառույթներն ստանձնելուց հետո Ուորլիքի այն հայտարարությունները, թե կողմերին նոր առաջարկություններ է արել, որևէ հիմք չունեին: ԱՄՆ-ը փորձելու է վերակենդանացնել մադրիդյան սկզբունքները հատկապես 2011թ. ձեռք բերված համաձայնությունների հենքի վրա. Ուորլիքը պատահական չէ իր ելույթում շեշտում, որ կողմերը 2011թ. հետո առ այսօր բանակցություններում որևէ բանի չեն հասել: Կարևորն այս առումով Ուորլիքի այն ակնարկն է, թե կողմերին գործնականում ոչինչ չի խանգարում վերջնական համաձայնություն տալ 2011-ից բանակցային սեղանի վրա դրված կարգավորման այս սկզբունքների ամբողջությանը: «Կողմերը հասել են մի այնպիսի կետի, երբ հետագա ընթացքի վերաբերյալ դիրքորոշումները շատ բևեռացված չեն: Մի շարք առիթներով նրանք գրեթե եկել են համաձայնության…»,- ասում է նա:
Սա մեղադրանք է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին՝ սկզբունքների շրջանակային փասատթուղթը ստորագրելու հարցում անհամարձակություն հանդես բերելու համար: Սակայն եթե նկատի ունենանք, որ 2011թ. հենց Ադրբեջանը հրաժարվեց Կազանում ստորագրել այդ փաստաթուղթը, ապա կարելի է ենթադրել, որ մեղադրանքի հիմնական հասցեատերը բոլոր դեպքերում Ադրբեջանն է:
Կարգավորման 6 տարրերը, որոնք ԱՄՆ-ը հետագա բանակցությունների տեսանկյունից համարում է անբեկանելի, և որոնք նշում է Ուորլիքն իր ելույթում, ամբողջությամբ արտահայտում են արդեն 2010-ից հայտնի մադրիդյան սկզբունքների էությունը: Դատելով Ուորլիքի հրապարակած այդ տարրերից և դրանց վերաբերյալ համանախագահի ձևակերպումներից՝ կարելի է արձանագրել մի քանի իրողություններ:
Առաջին՝ Ուորլիքն առաջին հերթին նշում է ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակը փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամաարտահայտման (պլեբիսցիտ) միջոցով որոշելու պայմանը: Դրանով նա, կարծես, շեշտում է, որ հակամարտության մեխը հենց ԼՂ-ի կարգավիճակի հարցն է: Սակայն համանախագահը չի հստակեցնում պլեբիսցիտի անցկացման կոնկրետ կամ մոտավոր ժամկետները: Իսկ դա չի ապահովում բավարար երաշխիքներ, որ այդ ակտը երբևէ տեղի կունենա ԼՂ բուն տարածքին հարակից շրջանները Ադրբեջանին վերադարձնելուց հետո:
Երկրորդ՝ ընդգծվում է ԼՂ-ի կարգավիճակը բացառապես ԼՂԻՄ նախկին տարածքի շրջանակում ոչ լիարժեք, միջանկյալ կարգավիճակով ճանաչելու պայմանը: Սա նշանակում է, որ անտեսվում է թե' Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման, թե' դրա արդյունքում այդ երկրի պարտություն կրելու իրողությունը, նույնն է, թե հայկական կողմի կրած վնասների փոխհատուցման խնդիրը: Ընդ որում, դատելով Ուորլիքի ձևակերպումներից, կարծես թե առաջարկվում է ԼՂ-ին անորոշ ժամանակով զուտ ժամանակավոր, միջանկյալ կարգավիճակ և դրանից բխող ինքնակառավարման իրավունք հատկացնել: Ակնհայտ է, որ սա արվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքը պաշտպանելու նպատակով: Դրանով Միացյալ Նահանգները բացառում է բանակցությունների որևէ փուլում, որպես լիարժեք կողմ, ԼՂՀ-ի ներգրավման հնարավորությունը: Այս սկզբունքների շրջանակում ԼՂՀ-ն ոչ թե հակամարտության սուբյեկտ է ճանաչվում, այլ ընդամենը օբյեկտ, ինչը խեղաթյուրում է հակամարտության էությունն` ընդհանրապես:
Երրորդ՝ ամենասկզբունքային տարրերից մեկը Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները Ադրբեջանին պարտադիր վերադարձնելն է: Ուորլիքը կրկին բաց է թողնում դրա ժամկետների, պայմանների, հերթականության կարևոր հարցերը: Մի կողմից սա ԼՂՀ-ի Սահմանադրությունը անտեսելու ակնհայտ ենթատեքստ է պարունակում, մյուս կողմից` ուղղակի ակնարկ է Ադրբեջանին առ այն, որ նա պետք է հրաժարվի ԼՂ-ն այդ տարածքների հետ միևնույն հարթության մեջ դնելու և այն ամբողջապես հետ ստանալու պահանջներից:
Չորրորդ՝ ԱՄՆ-ի դիրքորոշումն այն է, որ հայկական կողմը պետք է հրաժարվի Լաչինի ողջ շրջանը իբրև Հայաստանի և ԼՂ-ի միջև կապող ցամաքային կապ դիտարկելու մտքից և համակերպվի այն իրողության հետ, որ միջանցքը կարող է լինել միայն այնքան, որքան անհրաժեշտ կլինի երաշխավորել Լաչինի ճանապարհի և երթևեկի անվտանգությունը: Սա խոսում է ոչ թե միջանցքի, այլ ընդամենը ճանապարհի միջոցով հաղորդակցվելու հեռանկարի մասին:
Հինգերորդ՝ առանցքային պայման է դիտարկվում ներքին տեղահանվածների և փախստականների՝ իրենց նախկին բնակավայրեր վերադառնալու պայմանների ստեղծումը: Սակայն Ուորլիքը միտումնավոր չի խոսում այն մասին, թե արդյո՞ք խոսքը վերաբերում է նաև Շահումյանի շրջանի և Մարտակերտի մի մասի հայ բնակչությանը, և կոնկրետ ե՞րբ է նախատեսվում փախստականների վերադարձի ապահովումը՝ մինչև ԼՂ-ում պլեբիսցիտի անցկացո՞ւմը, թե՞ դրանից հետո, կամ առհասարակ այն շարունակական և անդադար պրոցես է: Սա հայկական կողմի համար էական նշանակության հարց է, որովհետև առնչվում է ԼՂ-ում ժողովրդագրական պատկերի հնարավոր փոփոխության և հանրաքվեի վրա դրա ներգործության խնդրին: Կասկած չկա, որ սկզբունքները կիրառելու դեպքում Ադրբեջանը տարածքներն աստիճանաբար ստանալուն զուգահեռ պնդելու է բացառապես փախստականների վերադարձից հետո հանրաքվե անցկացնելու տարբերակը՝ այդպես ստանալով դիրքային առավելություն, որին հակադրելու բան հայկական կողմը չի ունենալու:
Վեցերորդ՝ պաշտպանվում է կարգավորումը միջազգային երաշխիքներով ապահովելու և դա միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման միջոցով իրականացնելու պայմանը: Ուորլիքը նշել է, թե տևական խաղաղություն հնարավոր չէ, առանց «բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության»: Ելույթից պարզ չի դառնում՝ բոլոր կողմեր ասելով` Վաշինգտոնը նկատի ունի միայն հակամարտո՞ղ կողմերին, թե՞ կոնֆլիկտում ներգրավված բոլոր բևեռներին, ներառյալ` նաև միջնորդներին: Բացի դրանից` հստակ չի ուրվագծվում, թե ովքե՞ր, ի՞նչ մանդատով պետք է իրականացնեն խաղաղապահական գործունեությունը և կարգավորման կոնկրետ ո՞ր փուլում է նախատեսվում այդ ուժերի տեղակայումը հակամարտության գոտում: Սա այն կետն է, որը խիստ սկզբունքային է միջնորդների և հատկապես ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համար: Վաշինգտոնը, ըստ էության, տեսնում է այս կետի շրջանակում Ռուսաստանի կողմից միակողանի սեփական ուժերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին տեղակայելու և դրանով ողջ Հարավային Կովկասը վերջնականապես «սեփականացնելու վտանգ»: Չի բացառվում, որ հենց այս մտավախությամբ է պայմանավորված ամերիկյան ներկայիս շտապողականությունը:
Յոթերորդ՝ ի դեմս Ուորլիքի՝ ԱՄՆ-ը փաստացի որևէ գնահատական չի տալիս Ադրբեջանի կողմից պատերազմական հռետորաբանություն կիրառելու, անկայունություն հրահրելու և հատկապես հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված ստանձնած պարտավորությունները չկատարելու ակնհայտ փաստին: Իսկ դա Ադրբեջանին հիմք է տալիս հետագայում ևս շարունակել այս գիծը:
Ութերորդ՝ Ուորլիքն իր ելույթում նշում է, թե կարգավորման տարրերի հերթականությունը, մանրամասները բանակցությունների առարկա են: Նա չի խոսում փաթեթային պայմանավորվածությունների պահպանման անհրաժեշտության մասին: Սա թակարդ է, քանի որ փուլային լուծումների սխեման բխում է բացառապես Ադրբեջանի շահերից, հատկապես` եթե նկատի առնենք ԼՂ հարակից տարածքներն անմիջապես, կարգավորման հենց առաջին փուլում ստանալու` ադրբեջանական պահանջները: Չնայած դրան՝ ելույթից պարզ է դառնում, որ Վաշինգտոնի համար շարունակում են սկզբունքային մնալ թե' կարգավորման տարրերը, թե' դրանց առնչվող մանրամասներն ու մեխանիզմները որպես անբաժանելի ամբողջականություն դիտարկելու և բանակցությունները այս հենքի վրա շարունակելու հանգամանքը:
Գևորգ Դարբինյան