կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-03 12:41
Քաղաքական

Վերլուծաբանը մտահոգություն ունի, որ արտասահման մեկնող հայ պաշտոնյաներին կարող են պատանդ վերցնել

Վերլուծաբանը մտահոգություն ունի, որ արտասահման մեկնող հայ պաշտոնյաներին կարող են պատանդ վերցնել

Այսօր Գյումրիի «Ասպարեզ» ակումբում կազմակերպված «Հետևություններ և դասեր ապրիլյան պատերազմից և հետո» թեմայով քննարկման ընթացքում ելույթ ունեցավ «Գլոբալիզացիայի տարածաշրջանային համագործակցություն» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը: Նրա խոսքով` ապրիլյան պատերազմական գործողությունները ցույց տվեցին մեր թույլ և ուժեղ կողմերը: Ըստ վերլուծաբանի`ուժեղ կողմը մեր հասարակությունն է, որն անմիջապես, առանց որևէ մեկին սպասելու ինքնակազմակերպվեց և համախմբված ու իրավիճակին համարժեք պահվածք դրսևորեց, իսկ թույլ կողմը պետական ինստիտուտների արձագանքն է:

Գրիգորյանի խոսքով` ՀՀ ԱԳՆ-ն ռազմական գործողությունների և դրանց հաջորդած օրերին ոչ ադեկվատ վարքագիծ դրսևորեց: «Նախաձեռնող չենք, սպասում ենք` ինչ-որ բան պատահի, նոր մտածում ենք` արձագանքե՞նք, թե՞ ոչ: Շատ հաճախ մարդիկ չեն հասկանում պահի լրջությունը, չեն հասկանում, որ սա պատերազմ է: Մարդիկ համախմբվեցին, իսկ ինչ-որ մարդիկ էլ, ավելի կոնկրետ` պաշտոնյաներ, իրենց անձնական հարցերն են լուծում: Սա լուրջ մարտահրավեր է»,- ասաց նա:

Ի դեպ, ըստ Գրիգորյանի` չափազանց կարևոր իրողության կա, որը դուրս է մնացել տեսադաշտից: «ԱԺ-ն, կառավարությունը պետք է  բարձրաձայնեին մեր պաշտոնյաների`այլ երկրներ այցելությունների հարցը: Այսօր մեր պաշտոնյաները, ովքեր գաղտնիքի տիրապետող անձինք են, և այն պաշտոնյաները, ովքեր պաշտոնավարում են վերջին երեք-չորս տարիներին, ասես նվեր լինեն Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ծառայությունների համար»,- ասաց նա` հավելելով. «Նրանց կարող են պատանդ վերցնել, ահաբեկել: Բազմաթիվ երկրներում որոշումներ են ընդունել, որ իրենց պաշտոնյաները, որոնք անգամ այդ պահին չեն պաշտոնավարում, այսպիսի իրավիճակներում իրավունք չունեն ոչ պաշտոնական այցով գտնվել արտասահմանում: Պատկերացնո՞ւմ եք, որ մեր պաշտոնյան, ով գնա Անթալիա` հանգստանալու, ինքն ու նրա ընտանիքը  ուղղակիորեն կդառնան թիրախ, քանի որ կրողն են ինֆորմացիայի: Սա օրինակներից մեկն է, որպեսզի ակնհայտ դառնա, որ ոչ բոլոր ինստիտուտներն են հասկանում` որքան լուրջ է իրավիճակը»:

Գրիգորյանը ևս մեկ օրինակ բերեց, որը, ըստ նրա, ևս դուրս է մնացել ուշադրությունից: «Իմ կողմից ՄԱԿ-ի Անվտանգություն խորհուրդ դիմելու առաջարկ եղավ, որ մեկ-երկու օրում հավաքվի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Մերոնք դա չարեցին: Ադրբեջանն սկսեց ռազմական գործողությունները: Ակնհայտ է, որ մի քանի օրում ամեն ինչ այնպես կարվի, որ պարզ չդառնա` ով սկսեց, և մեղավորը հստակ չֆիքսվի, ու հենց մենք պետք է առաջինը դիմենք, և գլխավոր նպատակն այն է, որ առաջինը դիմենք, նրանք էլ արդարանան: Մերոնք, սակայն, դա  չարեցին, իսկ փոխարենը երեք օր առաջ Ադրբեջանը դիմեց ՄԱԿ-ի Անվտանգություն խորհրդին` ասելով, թե Հայաստանը հարձակվում է, և հենց դա է պատճառը, որ իրենք ուզում ենք միակողմանի դուրս գալ Բիշքեկյան պրոտոկոլներից, զինադադարի պրոտոկոլներից: Սա նշանակում է, որ մեր արտաքին քաղաքականությունը նախաձեռնողական չէ: Նստած սպասում են` ինչ է կատարվում, հետո  լավ նամակներ են գրում: Ի դեպ, ասեմ` Հայաստանի պաշտոնական պատասխանը փայլուն էր, բայց դա ո՞ւմ է պետք»,- եզրափակեց Գրիգորյանը: