կարևոր
4195 դիտում, 3 օր առաջ - 2025-03-26 12:02
Քաղաքական

Հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ չի խոսվում այդ մասին. վերլուծաբանը՝ Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցի մասին

Հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ չի խոսվում այդ մասին. վերլուծաբանը՝ Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցի մասին

«Փաշինյան-Ռուբիո հեռախոսազրույցի վերաբերյալ ամերիկյան կողմի տարածած պաշտոնական համառոտ հաղորդագրության մեջ բավականին կարեւոր եւ ուշագրավ է ձեւակերպումը, որ՝ «պետքարտուղարն ու վարչապետը համակարծիք են եղել, որ Հարավային Կովկասում ցանկացած ձեւի էսկալացիա անընդունելի է»»,-անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրությանը՝ գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նրա խոսքով, հասկանալի է, որ հատկապես վերջին օրերին ադրբեջանական ապատեղեկատվությունների, նաեւ ադրբեջանական կողմից պարբերաբար հնչող կրակոցների, եւ իհարկե նաեւ ընդհանուր աշխարհաքաղաքական իրադրության ֆոնին՝ որից բխող ռիսկերի մասին ես անցնող երկու-երեք շաբաթներին խոսել եմ եւ խոսում եմ պարբերաբար, շատ կարեւոր է Վաշինգտոնից այդպիսի արձանագրումը՝ էսկալացիայի ցանկացած ձեւ անընդունելի է:

«Իհարկե Վաշինգտոնից հնչող այդ արձանագրումը դեռ բոլորովին չի նշանակում աներկբա ու աներեր սահմանում, որովհետեւ գործոնները շատ են, բազմաշերտ, բազմազան, եւ այստեղ որեւէ մեկ բեվեռի դիրքորոշումը միշտ քիչ է եղել եւ քիչ է՝ իրավիճակ կանխորոշելու համար: Բայց, կրկնեմ, կարեւոր է, եթե Վաշինգտոնը լինի այսպես ասած կայունության դիրքում:

Այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք, որը գուցե դետալ է, բայց համենայն դեպս գրավում է ուշադրություն: Հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ չի խոսվում այն մասին, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը կարեւոր են համարել ռեգիոնում կայունությունը, կամ անթույլատրելի են համարել ապակայունացումը:

Կառավարության տարածած հաղորդագրության մեջ չկա այդ մասին որեւէ խոսք: Թեեւ, թվում է, որ Հայաստանը պետք է շահագրգռված լիներ արտահայտել Փաշինյան-Ռուբիո հեռախոսազրույցում ռեգիոնալ կայունության մասին համակարծիք լինելու հանգամանքը, հաշվի առնելով ավելի վերեւում նշածս գործոնները»։