կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-10 12:32
Քաղաքական

Այլևս չկա էյֆորիա, հին գործիքակազմը չի աշխատում, հասարակության մեջ դոմինանտ են դառնում սոցիալ-տնտեսական բնույթի հարցերը. վերլուծաբանը՝ Աբովյանում և այլ տեղերում ՔՊ-ի պարտության մասին

Այլևս չկա էյֆորիա, հին գործիքակազմը չի աշխատում, հասարակության մեջ դոմինանտ են դառնում սոցիալ-տնտեսական բնույթի հարցերը. վերլուծաբանը՝ Աբովյանում և այլ տեղերում  ՔՊ-ի պարտության մասին

Երեկ Աբովյանում տեղի են ունեցել քաղաքապետի ընտրություններ, որի արդյունքներով հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը: Նա ՔՊ-ի թեկնածու Գրիգոր Գուլյանին հաղթել է 409 ձայնով: Ընտրություններում Վահագն Գևորգյանը հավաքել է 8441 ձայն, իսկ Գրիգոր Գուլյանը՝ 8032 ձայն:

Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետի թեկնածուները 5-ն էին՝ գործող համայնքապետ, անկուսակցական Վահագն Գևորգյանը, անկուսակցական թեկնածուներ Սասուն Գրիգորյանը, Արթուր Ղազարյանը, Մանուկ Մկրտչյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գրիգոր Գուլյանը։

Քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանի համար Աբովյանում քաղաքապետի ընտրությունների ելքը կանխատեսելի  էր, քանի որ, ըստ նրա, իշխանության համար Աբովյանը դեռ բարդ «զոնա» է: 

«Աբովյանը քաղաք է, որտեղ Գագիկ Ծառուկյանի անձնական ռեյտինգը բավականին բարձր է հասկանալի պատճառներով: Դա տարիների աշխատանք է, որը հենց այնպես չէր մոռացվելու: Երկրորդ՝ ի տարբերություն դեկտեմբեր ամսի, հիմա  էյֆորիա գոյություն չունի: Երրորդ՝ պետք է հաշվի առնել, որ դա տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ են, որի ժամանակ այլ տրամաբանություն է աշխատում, այսինքն՝ կարևոր է` մարդուն անձամբ ճանաչո՞ւմ են, թե՞ ոչ, ի՞նչ շրջապատ, ի՞նչ կապեր կան: Եվ այս տեսակետից ՔՊ-ի թեկնածուն թույլ էր և զիջում էր գործող քաղաքապետին: Իհարկե, լուրջ պայքար է գնացել` ընդամենը 409 ձայնի տարբերություն էր: Ես կարծում էի, որ գործող քաղաքապետն ավելի մեծ առավելությամբ կհաղթի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց վերլուծաբանը:

Նա նշեց, որ իշխանության կողմից սխալ էր Աբովյանի քաղաքապետի ընտրություններին ճակատամարտի կարգավիճակ տալը, երբ անգամ Նիկոլ Փաշինյանը քայլերթի ձևով դրան մասնակցեց: «Քայլերթն ասոցացվում էր հաջողություն բերած գործիքակազմի հետ, որը կիրառվեց նախորդ իշխանությունների դեմ պայքարում: Սա հերթական ահազանգն էր իշխանությանը, որ հին գործիքակազմերն այլևս չեն աշխատում: Դատարանների շրջափակման ակցիան ևս ցույց տվեց, որ անհասկանալի կարգախոսներին, կոչերին, ոչ հստակ օրակարգին հասարակությունն այլևս չի արձագանքում: Իշխանությունը սրանից քաղաքական լուրջ եզրակացություն պիտի անի»,- շեշտեց Վիգեն Հակոբյանը:

Ըստ նրա՝ երբ այլևս չկա էյֆորիա, հասարակության մեջ դոմինանտ են դառնում սոցիալ-տնտեսական բնույթի հարցերը, այսինքն՝ երբ մարդիկ իրենց մաշկի վրա չեն զգում շոշափելի արդյունքներ, սկսում են այլ կատեգորիաներով մտածել, ոչ թե քաղաքական դրդապատճառներից ելնելով, թե ում վրա ինչ բրենդ է խփած՝ ՔՊ, թե` «Ադեկվադ», այլ, թե՝ այս մարդն ինչ-որ բան արե՞լ է, թե՞ ոչ, նրան գիտե՞մ, թե՞ ոչ, հույս կարո՞ղ եմ ունենալ, թե՞ ոչ:

«Հիմա հետաքրքրությունները փոխվել են. մեկ տարի առաջ մի օրակարգ էր, հիմա՝ այլ: Անգամ դատավարություններն էմոցոնիալ մեծ էֆեկտներ չեն տալիս: Մարդիկ հոգնում են անկայունությունից: Անընդհատ քաղաքականացված հասարակություն չի լինում, երբ 70-80 տոկոսը զբաղվում է քաղաքական հարցերով: Իշխանությունները, երբ ընդդիմություն էին, ասում էին, որ տնտեսական թվերը ոչինչ չեն տալիս, քանի որ ներառական ազդեցություն չունեն, որովհետև կապիտալը, որը ստեղծվում է, հոսում է մի ուղղությամբ, հիմա մոտավորապես նույն պատկերն է, և եթե անգամ կա այդ տնտեսական ակտիվությունը, մարդիկ իրենց վրա չեն զգում դա: Եվ երեկվա Աբովյանի քաղաքապետի, առհասարակ` վերջին ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ մարդիկ սկսել են վերադառնալ գնահատման հին չափորոշիչներին»,- ընդգծեց վերլուծաբանը:

Վիգեն Հակոբյանը համոզված է՝ երբ պետության մասշտաբով ձևավորվի այլընտրանք ունենալու պահանջարկ, կլինի նաև առաջարկ: «Քանի դեռ այսօրվա իշխանության այլընտրանքը նախորդ ռեժիմից է, դա ուժեղացնում է Փաշինյանին, նա դրա վրա հմուտ խաղում է դեռ: Բայց հենց նոր այլընտրանք հայտնվի, իրական քաղաքական լուրջ պայքար կսկսվի արդեն համապետական մասշտաբով: Կարծում եմ՝ իշխանությունը դա զգում է»,- ամփոփեց վերլուծաբանը: