կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-02 14:39
Հասարակություն

Ադրբեջանական ԱՊԱ-ն հայալեզու հարթակ է գործարկել

Ադրբեջանական ԱՊԱ-ն հայալեզու հարթակ է գործարկել

Ադրբեջանում իշխանությունների տեսակետից տարբերվող կարծիք ունեցող մամուլ պարզապես գոյություն չունի, և բացառություն են սոցիալական ցանցերում որոշակի «ստատուսներով» հանդես եկող անհատները և «Մեյդան TV» ինտերնետային հեռուստաընկերությունը. այսօր լրագրողներին ասաց միջազգայնագետ, ադրբեջանական մեդիադաշտի փորձագետ Էդգար Էլբակյանը:

Նրա խոսքով` քառօրյա պատերազմի օրերին առաջին պատրաստության էր բերվել նաև մամուլը: «Այն պետք է գործեր բլից կրիգի տարբերակով՝ չնայած առաջին ժամերին լռություն էր պահպանում: Սակայն մամուլի ուժերը շուտով վերադասավորվեցին, և մեկնարկեց հաղթանակ տանելու քարոզչությունը: Իհարկե, ադրբեջանական հասարակությունում բոլորը չէ, որ ոչխար են, և շատ լավ հասկանում էին այս ամենը»,- ասաց Էլբակյանը:

Նրա խոսքով` ադրբեջանական մամուլում վերջին օրերին առավել ակտիվորեն շրջանառվում են հատկապես ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հայտնի խոսքերը:

Ըստ Էլբակյանի` ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայալեզու հարթակ է գործարկել: «Թե որքա՞ն կտևի հայերենով լրատվության տարածումը, հայտնի չէ, սակայն սա բավական հատկանշական զարգացում է»,- ասաց նա:

Արձագանքելով Yerkir.am-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ապրիլյան ռազմական իրադարձությունների ընթացում և դրանից հետո հայկական մեդիադաշտի և օգտատերերի դրսևորած վարքագիծը, Էլբակյանը նշեց, որ, մշտադիտարկում անցկացնելով, հաճելիորեն զարմացել է, քանի որ մարդկանց գրագիտության մակարդակը բավականին բարձրացել է: «Ինձ պարբերաբար հաղորդագրութուններ էին գալիս` սա կարելի՞ է տարածել, թե՞ ոչ: Սա ճի՞շտ ինֆորմացիա է, թե՞ ոչ, և այս թոհուբոհում ես նկատել եմ, որ բավականին առաջընթաց կա: Ֆեյսբուքահայությունը հիմնականում մեդիագրագիտություն դրսևորեց` չտրվելով ադրբեջանական ֆեյքերի սադրանքներին»,- ասաց նա:

Ասուլիսի մեկ այլ բանախոս` մեդիափորձագետ Տարոն Հովհաննիսյանի դիտարկմամբ` քառօրյա պատերազմի օրերին ադրբեջանական կայքերում գործել է զոհերի իրական թիվը բարձրաձայնելու հստակ արգելանք, որից, սակայն, որոշ լրատվամիջոցներ շեղվել են և ավելի ուշ որակվել որպես պետական գաղտնիք բացահայտողներ: Հովհաննիսյանի խոսքով`ադրբեջանական քարոզչամեքենան հիմա էլ աշխատում է կորուստների իրական թիվը կոծկելու ուղղությամբ: Մեդիափորձագետը նշեց նաև, որ ադրբեջանական մամուլի` վերջին օրերի իր դիտարկումները պարզ են դարձրել, որ այդ երկրի զոհված զինծառայողների թաղումներին մեծ թվով դրոշներ են եղել, որոնք ոչ թե անվճար են բաժանվել, այլ բավական թանկ գներով վաճառվել են գյուղացիներին: «Ադրբեջանական օգտատերերից շատերը նույնիսկ կատակով գրում են. «Երանի այն օրը, երբ ադրբեջանցի զինվորների թաղման օրերին դրոշներն այսքան չթանկանան»»,- ասաց Հովհաննիսյանը: