կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-18 13:35
Հասարակություն

The Beautified Project-ի երկրորդ հայալեզու երգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

The Beautified Project-ի երկրորդ հայալեզու երգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, The Beautified Project ռոք խմբի անդամները խոսեցին իրենց` «Հարված ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով Եվրոպայում կայանալիք համերգային շրջագայությունների մասին, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելի համատեքստում է:

 

Խմբի վոկալիստ Անդրե Սիմոնյանը նշեց, որ իրենց գործունեության և Հայաստան վերադառնալու տասնամյակը համընկել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ: «Քանի որ մեր խմբի երեք անդամներն էլ հայրենադարձներ ենք, ու արդեն տասը տարի է` ինչ ապրում ենք Հայաստանում, որոշեցինք Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ թողարկել մի երգ, որը կքաջալերի և կխրախուսի Սփյուռքի հայերին, որ վերադառնան հայրենիք և ապրեն Հայաստանում»,- ասաց նա:

 

Անդրեն նշեց, որ խոսքն իրենց արդեն երկրորդ հայալեզու՝ «Արագիլ» երգի մասին է: ««Կիլիկիա» երգի հաջողությունից հետո մեզ շատ են հարցնում, թե ե՞րբ ենք հայերեն լեզվով երգ թողարկելու: Հինգ տարի անց որոշեցինք Հեքիմյանի «Արագիլ» երգի վրա աշխատել: Խմբի կիթառահար Արմեն Շահվերդյանը շատ հետաքրքիր ձևով մշակել է այս երգը և մեր ձեռագիրը մտցրել այդ երգի մեջ: Այն կհնչի ապրիլի 24-ին: Ձայնասկավառակն էլ կթողարկվի ապրիլի 26-ին»,- նշեց վոկալիստը:

 

Այդ ամենից հետո խումբը կսկսի եվրոպական շրջագայությունը: ««Հարված ընդդեմ ցեղասպանությունների» խորագրի ներքո ենք հանդես գալու Եվրոպայով մեկ, քանի որ մենք դեմ ենք ոչ միայն մեր ցեղասպանությանը, այլ նաև ամբողջ աշխարհում տեղի ունեցող ու ունեցած ցեղասպանություններին»,- ընդգծեց Անդրեն:

 

«Արագիլ» երգի տեսահոլովակի ռեժիսորն է Գևորգ Ենոքյանը, օպերատորը՝ Վրեժ Արզումանյանը:

 

Ի դեպ, տեսահոլովակում նկարահանված դերասանուհին հանդես է գալիս խուլուհամր աղջկա կերպարով: «Այստեղ մի յուրօրինակ խորհուրդ կա` ինչպես խուլուհամր են մեր ցեղասպանության նկատմամբ, այդպես էլ այդ հերոսուհին է այդպիսին»,- ընդգծեց Անդրե Սիմոնյանը: