կարևոր
2461 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-11 19:45
Քաղաքական

ՀՌՀ-ն հետևություններ չի արել նախորդ դատական երկու հայցերի ելակետային տվյալներից․ Շավարշ Գևորգյան

ՀՌՀ-ն հետևություններ չի արել նախորդ դատական երկու հայցերի ելակետային տվյալներից․ Շավարշ Գևորգյան

Դատարանը բավարարել էր «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ի հայցը եւ անվավեր էր ճանաչել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 04.06.2021թ. «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող ճանաչելու և լիցենզիա տրամադրելու մասին» թիվ 93-Ա որոշումը:

Հիշեցնենք, որ Հանրային մուլտիպլեքսում սլոթի` հեռուստաալիքների օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին մասնակցելու համար 2021 թ. ապրիլի 4-ին հայտ էին ներկայացրել «Փաստինֆո» ՍՊԸ-ն, «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն: ՀՌՀ-ն հունիսի 4-ի իր որոշմամբ մրցույթում հաղթող էր ճանաչել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությանը և նրանց տրամադրել էր Երևանի տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա:

Հայկական 2-րդ հեռուստաալիքը 2021թ հունվարին եթերազրկվել էր․ քանի որ մրցույթում չէր հաղթել, հունիսին էլ չէր հաղթել մայրաքաղաքային սփռման սլոթի մրցույթում եւ դիմել էր դատարան` ՀՌՀ որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով: Վարչական եւ վարչական վերաքննիչ դատարաններում հեռուստաընկերության հայցը բավարարվել էր։ ՀՌՀ-ն դիմել էր նաեւ Վճռաբեկ դատարան, սակայն բողոքը չէին ընդունել եւ Վերաքննիչ ատյանի վճիռը մտել էր ուժի մեջ: Որքան էլ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը գեղեցիկ ճառեր ասի, այս վճռով դատարանը հաստատված է համարել, որ անօրինական, սխալ որոշում է կայացրել նրա ղեկավարած Հանձնաժողովը եւ պարտավոր է նորից մրցույթ հայտարարել եւ ավելի արդար ու օրինական որոշում կայացնել, այլ ոչ թե կատարել իշխանությունների հրահանգը եւ Հանրայինին երկրորդ ալիք տրամադրել:

Եվ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը ստիպված էր նորից հայտարարել հանրապետական սփռման սլոթի համար մրցույթ, որին այս անգամ մասնակցել են հետևյալ հեռուստաընկերությունները. «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲԸ, «Ա-ԹԻՎԻ» ՍՊԸ, «ՇԱՆԹ» ՍՊԸ, «ՄՈւԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲԸ, «ՀՈւՍԱԲԵՐ» ՓԲԸ, «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈւՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ: ՀՌՀ-ից մեզ հետ զրույցում նշեցին, որ մրցույթի արդյունքների ամփոփման` օրենքով սահմանված ժամկետը երկու ամիս է: Երկու ամսվա ընթացքում կուսումնասիրվեն հայտերը և տեղի կունենա վարկանիշային քվեարկությունը, որից հետո էլ կորոշվի հաղթող հեռուստաընկերությունը: Դատելով դիմողների ցանկից, կարելի է եզրակացնել, որ այս անգամ եւս ընդդիմադիր Հ2 ալիքին փորձելու են լիցենզիա չտալ: Ըստ ամենայնի, մյուս դիմողների մեջ ավելի կառավարելի, միեւնույն ժամանակ ավելի տեխնիկապես հագեցած թիվիներ կան, որոնց իշխանությունը մտածված է խաղի մեջ մտցրել, որ Սամվել Մայրապետյանին պատկանող ալիքն այս անգամ էլ մայրաքաղաքում եթեր չստանա:


«Հրապարակը» զրուցել է Հ2-ի լրատվական ծրագրի ղեկավար Շավարշ Գևորգյանի հետ:

- Պարոն Գևորգյան, հրապարակվել են հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերը: Ի՞նչ եք կարծում, ՀՌՀ-ի ընտրությունն այս անգամ գոնե օբյեկտիվ կլինի՞:

- Դատելով Տիգրան Հակոբյանի բացման խոսքից, նման հույսեր ինձ մոտ չարթնացան: ՀՌՀ-ն հետևություններ չի արել նախորդ դատական երկու հայցերի ելակետային տվյալներից: Երկու դատական հայցերն էլ հանրապետական և մայրաքաղաքային սլոթերի սփռման համար բավարարվել են: Դատական բոլոր ատյաններով ապացուցվել է, որ ՀՌՀ-ն գործել է ապօրինի և դատարանի վճռով մրցույթներն անվավեր են ճանաչվել: Այն հանգամանքը, որ ՀՌՀ-ն նոր մրցույթներ է հայտարարել, այդքանով Տիգրան Հակոբյանն ընդունել է, որ դատարանը կայացրել է ճիշտ վճիռ: Երեկ Տիգրան Հակոբյանն իր խոսքի նախաբանում արեց այնպիսի արտահայտություններ, որ առնվազն ինձ մոտ հույս չարթնացավ, որ նրանք հասկացել են իրենց սխալը և որ հետայսու օրինական հունի մեջ կլինեն:

- Իսկ մերժվելու դեպքում ո՞րն է լինելու Ձեր հաջորդ քայլը:

- Դեռ այդ մասին խոսելը համարում եմ ժամանակից շուտ, սակայն ցանկացած պարագայում, երբ մեր իրավունքները փորձում են ոտնահարել, մենք մեր իրավունքները պաշտպանում ենք և պաշտպանելու ենք ՀՀ օրենսդրությամբ` կիրառելով բոլոր չարգելված միջոցները:

- Օրինակ՝ «5-րդ ալիքը» հատկապես վերջին շրջանում հայտնվել է ՀՌՀ-ի թիրախում: Նկատողություններ է ստանում, տուգանվում և այլն: Ինչպիսի՞ պատկեր է Ձեզ մոտ:

- Հ2-ը ևս թիրախավորված է, բայց քանի որ մենք մաքսիմալ փորձում ենք պաշտպանել ՀՀ համապատասխան օրենսդրությունը, որն առնչվում է մեր գործունեության տեսակին, գրեթե խախտումներ չեն հայտնաբերվում, սակայն փորձում են այլ ձևով թիրախավորվել` էթիկայի դիտորդ մարմնի միջոցով: Տիգրան Հակոբյանի ղեկավարած հանձնաժողովի մոնիթորինգի ստորաբաժանումն առավոտից երեկո, ամեն աստծո օր լծված է Հ2-ի հեռուստահաղորդումները մոնիթորինգի ենթարկելու գործին: Ամեն կերպ փորձում են գտնել ինչ-որ բաներ, որոնք, իրենց իսկ դիտարկմամբ, էթիկայի կանոնների խախտում կարող է համարվել, սակայն չկա օրենքում մի կետ, որ կարողանան դրանով մեզ պատասխանատվության ենթարկել, հետևաբար իրենց մնում է միայն դիմել Էթիկայի հանձնաժողով և պահանջել, որպեսզի Էթիկայի հանձնաժողովը կայացնի վճիռ-որոշում` մեզ զգուշացնելու, որ ինչ-որ հաղորդման ընթացքում, ինչ-որ բանախոսի խոսք եթեր հեռարձակելով թույլ եք տվել էթիկական նորմերի խախտում: Այս ամենը չունի օրենքի ուժ, հետևաբար՝ չի կարող իրավական հետևանքներ ունենալ: Դրանք պարզապես թղթի վրա մնացող ինչ-որ բաներ են:

- Իսկ հատկապես ո՞ր հաղորդումների մեջ են էթիկական նորմերի խախտումներ փնտրում:

- Շատ տարբեր: Լրաբերից էլ, այլ հաղորդումներից էլ: Այն, որ «Հայելի» ակումբի բանախոսներին ենք լուսաբանում, սա ևս դիտարկվում է այդ համատեքստում: Փորձում են ինչ-որ բաներ գտնել, որպեսզի հետո ասեն` Հ2-ը այն հեռուստաընկերությունն է, որը պարբերաբար եթերում խախտում է էթիկական նորմեր և հենց դրա համար էլ Հ2-ին պետք չէ տալ լիցենզիա, սակայն լիցենզիա տալու, կամ չտալու հարցը օրենքով սահմանված է հստակ չափորոշիչներով, որին կամ համապատասխանում են, կամ չեն համապատասխանում: Ի դեպ, այդ չափորոշիչների մեջ էթիկական նորմերի մասին որևէ բառ անգամ չկա գրված:

ՀԳ. Իսկ ՀՌՀ նախագահը մրցույթի մասին հայտարարության ժամանակ ասել է. «Կարելի է շատ գրագետ ու գեղեցիկ տեքստեր գրել, սակայն լիցենզիա ստանալուց հետո, երկրորդ օրվանից խախտել այդ բոլոր խոստումներն ու տեսլականը: Մենք ունենք 2 ամիս բոլորի ծրագրերն ուսումնասիրելու համար և մեր աշխատակազմը դա անում է շատ մանրակրկիտ, համադրելով տասնյակ գործոններ, բայց բոլորը հասկանում են, որ ամենաքիչ հնարավորությունն ունի այն հեռուստաընկերությունը, որը ենթադրաբար չի կատարում իր պարտավորությունները և, որը խախտում է բովանդակության չափանիշները, որոնք ընդունված են աշխարհում. դա ատելության խոսքն է, դա ապատեղեկատվությունն է, դա միակողմանի տեղեկություններ մատուցելն է, դա մարդկանց արժանապատվության ոտնահարումն է»:

Աղբյուրը՝ hraparak.am