Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կանոնակարգի հանձնաժողովը, դեմոկրատ կոնգրեսական Ջիմ ՄաքԳովերնի նախագահությամբ, հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում մինչև երեքշաբթի կեսօր քվեարկության դնելու որոշումը. տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: Երկկուսակցական բանաձևը «փակ» ընթացակարգով է անցնելու, ինչը ենթադրում է, որ բանաձևը քվեարկության կդրվի առանց փոփոխությունների:
«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել նախագահ ՄաքԳովերնին՝ իր սկզբունքային ղեկավարության համար, և մեր խորին երախտագիտությունը՝ նախագահ Էնգելին, կոնգրեսական Սմիթին և կոնգրեսական Էշուին` նրանց վճռական ցուցումների համար, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը քվեարկության դրվի լիագումար նիստում»,- ասել է ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ հավելելով. «Ամենակարևորը՝ մենք կոչ ենք անում մեր համայնքին և կոալիցիոն գործընկերներին՝ այցելելով www.anca.org/call կայքը, շարունակել զանգահարել Կոնգրես ՝ պահանջելով ընդունել թիվ 296 բանաձևը»:
Նախնական տվյալներով՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի հարցը կքննարկվի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12: 30-ից սկսած, 1 ժամվա ընթացքում, իսկ Ներկայացուցիչների պալատում քննարկումը կսկսվի 14: 45-ից և կտևի մինչև 1 ժամ: Քվեարկությունը տեղի կունենա դրանից անմիջապես հետո: Ժամկետները ենթակա են փոփոխության՝ պայմանավորված Կոնգրեսի ժամանակացույցով:
Կոնգրեսական ՄաքԳովերնը հանձնաժողովում լսումը սկսել է հզոր ելույթով՝ նշելով, որ թիվ 296 բանաձևը «հնարավորություն է, որ պալատը բարձրաձայն խոսի Հայոց ցեղասպանության մասին և վերջապես ընդունի, որ այն, ինչ իրականում եղել է, ցեղասպանություն է»: «Թեև ԱՄՆ կառավարությունը հայտարարություններ է արել, և Կոնգրեսը տարիներ շարունակ միջոցներ է ձեռնարկել այդ հարցով, սակայն ոչ ոք իրականում չի հենվել փաստերի վրա և իրերն անվանել իրենց անունով: Բավական է էվֆեմիզմներով խոսել, փաստերը կարևոր են, ճշմարտությունն ասելը կարևոր է, և եթե մեր պատմության մութ էջերը չեն ճանաչվում, դրանք դատապարտված են կրկնվելու»,- ասել է նա:
ՄաքԳովերնի բացման խոսքը հասանելի է այստեղ:
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ կոնգրեսական Էլիոթ Էնգելը և Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Քրիս Սմիթը վճռականորեն խոսել են հօգուտ բանաձևի քվեարկության «փակ» կարգի:
«Մեզանից շատերին մտահոգում են աշխարհի տարբեր մասերում տեղի ունեցող իրադարձությունները: Հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն է, և մեզանից շատերին անկեղծորեն մտահոգում են մյուսները, այդ թվում՝ քրդերի նկատմամբ: Դա տեղի է ունենում հենց հիմա, և Թուրքիան կրկին գործողությունների էպիկենտրոնում է: Այսպիսով՝ ես կարծում եմ, որ եթե նախկինում ճիշտ ժամանակը չէր սա անելու, ապա հիմա հաստատ ժամանակն է»,- ասել է Էնգելը:
«Նրանք [Թուրքիան] սպառնում են այլ երկրների: Նրանք սպառնում են մեզ: Երբ 2000 թվականին ես լսելու էի Թուրքիայի դեսպանին, և սեղանի երկու կողմում հայերն ու թուրքերն էին, նա մեզ սպառնաց Ինջիրլիքով: Անկեղծ, ՆԱՏՕ-ում նման ընկեր ունեցողը թշնամիների կարիք ունի՞»,- հայտարարել է կոնգրեսական Սմիթը:
Բանաձևի ընթացակարգային գործընթացի վերաբերյալ դեմ են խոսել հանրապետական կոնգրեսականներ Ռոբ Վուդալը և Թոմ Քոուլը, ըստ որոնց՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում բանաձևի վերաբերյալ լսումներ չեն եղել: Ի պատասխան՝ ՄակԳովերնը նշել է, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական և դեմոկրատ անդամները հավանություն են տվել, որ թիվ 296 բանաձևն արագ ընթացակարգով դիտարկվի, իսկ կոնգրեսականներ Էնգելը և Սմիթը հավելել են, որ Հայոց ցեղասպանության փաստերը վերջին երկու տասնամյակների ընթացքում բազմիցս ներկայացվել են Կոնգրեսի բազմաթիվ լսումներում:
Կոնգրեսական Աննա Էշուն, որը հայկական և ասորական արմատներ ունի, իր խոսքում խնդրել է ընդունել բանաձևը: «Իմ ընտանիքի անդամները սպանվածների թվում էին: Մայրս տատիկիս հետ փախել է Հայաստանից, իսկ հայրս ՝ քրիստոնյա ասորի, տեղահանվել է Մերձավոր Արևելքից: Երկուսն էլ ամբողջ կյանքում կրել են օսմանյան թուրքերի վայրագությունների սարսափը»,- ասել է նա:
Էնգելի, Սմիթի և Էշուի նկատառումներն՝ այստեղ:
Կանոնակարգի հանձնաժողովի այլ անդամներից բանաձևի օգտին հանդես են եկել հանրապետական Ջոզեֆ Մորելին, որը դեռևս Նյու Յորքի նահանգային խորհրդարանում է իր աջակցությունը ցուցաբերել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերին, Դոնա Շալալան, որը ծագումով լիբանանցի է, և պատմել է, թե ինչպես է իր մարոնական ընտանիքը տեղահանվել Հայոց ցեղասպանության տարիներին: Կոնգրեսական Դեբի Լեսկոն նշել է, որ ինքն այդ բանաձևի համահեղինակ է և աջակցում է դրա ընդունմանը, իսկ կոնգրեսական Մերի Գայ Սքանլոնը շեշտել է, որ Հայոց ցեղասպանության մասին իմացել է Փենսիլվանիայի արխիվներից:
Այսպիսով՝ վերջին 30 տարվա ընթացքում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում առաջին անգամ քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկկուսակցական բանաձև, որին սատարում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆի և Ֆլորիդայից հանրապետական կոնգրեսական Գուս Բիլիրակիսի ղեկավարությամբ մշակված թիվ 296 բանաձևի քվեարկությունը վերջին մեկ շաբաթվա ընթացքում ավելի արդիական է դառնում Թուրքիայի կողմից հյուսիսային Սիրիա ներխուժելու պատճառով: Բանաձևը ներկայումս ունի ավելի քան 140 աջակից: Նմանատիպ բանաձև է շրջանառվում նաև Սենատում, որը մշակել են սենատորներ Բոբ Մենենդեսը և Թեդ Քրուզը, այն ունի 18 աջակից և շարունակում է մեծ թափ հավաքել:
ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը տասնամյակներ շարունակ պայքարել է Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ ՝ ձգտելով Ամերիկային ներկայացնել Ցեղասպանության իրական պատմությունը: Կոնգրեսի ընթացիկ նստաշրջանի ընթացքում հանձնախումբը սերտորեն համագործակցել է Ներկայացուցիչների պալատի և Սենատի ղեկավարների հետ 2019 թվականի ապրիլին ներկայացված թիվ 296 և թիվ 150 բանաձևերի համար ձայներ ապահովելու հարցում: Անցյալ շաբաթների ընթացքում հազարավոր նամակներ և հեռախոսազանգեր են ստացվել ամերիկահայ փաստաբանների կողմից արդեն ANCA առցանց պորտալների միջոցով: Հայ դատի հանձնախումբը Արևելյան և Արևմտյան Ամերիկաների, Հայաստանի երիտասարդական միությունների հետ նպատակաուղղված աշխատանք է իրականացնում սոցիալական ցանցերում` հանրության լայն շերտերի քվեարկությանը նախապատրաստելով:
Հաջակցություն Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի՝ հանդես են գալիս նաև ԱՄՆ-ի հունական, ասորական համայնքները: Հունական, ասորական և իրավապաշտպան կազմակերպությունների ավանդական աջակցությանն այսօր միացել են նաև հրեական Հակազրպարտչական լիգան և Ամերիկայի հրեական կոմիտեն:
«Կոնգրեսի այս պատմական բանաձևը, որը թեև վաղուց էր հասունացել, կարևոր քայլ է ամերիկյան հասարակությանը իրազեկվածության մակարդակը բարձրացնելու և 1900-ականների սկզբին հայերի դեմ Օսմանյան կայսրության կողմից իրականացված սարսափելի ցեղասպանության մասին պատմելու համար,- ասել է Հակազրպարտչական լիգայի նախագահ Ջոնաթան Գրինբլատը:- 20-րդ դարը տեսել է մարդկության պատմության ամենավատ դրվագները՝ սկսած Հայոց ցեղասպանությունից, Հոլոքոստով և Բոսնիայում ու Ռուանդայում կատարված վայրագություններով վերջացրած: Իսկապես, պատմաբանները նշում են, որ Հիտլերն ուսումնասիրել է Հայոց ցեղասպանությունը և աշխարհի անտարբերությանը դրա նկատմամբ, ինչը ոգեշնչել է նրան սկսել իր ցեղասպան արշավն ամբողջ Եվրոպայում: Մենք համարում ենք, որ ցանկացած ցեղասպանության մասին հիշելը և դրա մասին լուսաբանելը՝ լինի Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը, Բոսնիան, Ռուանդան և այլն, անհրաժեշտ է ապագա ողբերգությունները կանխելու համար, և ամեն ինչ սկսվում է ճանաչումից»:
Ամերիկյան հրեական հանձնաժողովի գործադիր տնօրենն էլ թվիթերյան էջում գրառում է կատարել՝ կազմակերպության աջակցությունը հայտնելով. «Այս շաբաթ ԱՄՆ Կոնգրեսը բանաձև է ընդունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ: 1915-ից սկսած՝ Օսմանյան կայսրությունը ոչնչացրեց հայ քրիստոնյա բնակչությունը՝ իրականացնելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Մինչ օրս Թուրքիան փորձում է ժխտել այդ փաստագրված հանցագործությունը: Թույլ մի՛ տվեք: Ահա թե ինչու մենք աջակցում ենք թիվ 296 բանաձևին»: